Մամուլի տեսություն

«Հրապարակ». Հայ գիտնականի նվերները Պուտինին եւ Թրամփին

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որն զբաղվում է արեւային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին եւ Դոնալդ Թրամփին: Պուտինին նա ապխտած ձուկ է նվիրելու՝ արեւային տեխնոլոգիայով պատրաստված, իսկ ԱՄՆ նախագահի համար մեր պրոֆեսորն իր մշակած արեւային սարքի միջոցով հնդկահավ է խորովելու: Ինչո՞ւ են հենց նրանք արժանացել պրոֆեսորի ուշադրությանը: Համազասպյանը պատասխանում է. «Որպես գերտերության ներկայացուցիչներ, որ ցույց տանք, որ Հայաստանում մշակված է տեխնիկա, որն իրենք չունեն, որ իրենք մեզ էլ հաշվի առնեն եւ համագործակցեն»: Այժմ Վահան Համազասպյանը բանակցություններ է վարում ՌԴ խոշորագույն արգելոցներից մեկի՝ «Բայկալ ազգային պարկի» հետ: «Մենք առաջարկել ենք այնտեղ մեր արեւային սարքերից տեղադրել: Անտառներում խորոված են անում, որից հետո հրդեհներ են տարածվում, իսկ արեւային սարքը նման ռիսկեր չի առաջացնում»: Համազասպյանը մտադիր է նվերը Պուտինին հանձնել սեպտեմբերի 28-ին: Այդ օրը Հայաստանի ապրանքարտադրողների միությունը Երեւանում մեքենաշինարարների կոորդինացիոն խորհրդի նիստ է անելու, որին մասնակցելու են գործարանների տնօրեններ եւ բարձրաստիճան չինովնիկներ ՌԴ նախագահի աշխատակազմից: Վահան Համազասպյանն իր սարքի պրեզենտացիոն նմուշը ներկայացնելու է այդ օրը: Վստա՞հ եք, որ Պուտինն ապխտած ձուկ է սիրում՝ հարցրինք նրան։ «Դե, եթե բռնում է, ուրեմն կսիրի: Ես ելույթ եմ ունենալու ու ասելու եմ, որ Պուտինը ձուկ բռնելուց լավ է, բայց պատրաստելու տեխնոլոգիաներ չունի»: Համազասպյանն ասում է, որ Գլենդելում էլ հետաքրքրված են արեւային սրճարաններ ունենալու գաղափարով, եւ եթե այն իրագործվի, ապա Թրամփը մեր պրոֆեսորի նվեր հնդկահավը կկարողանա համտեսել նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը՝ Երախտագիտության տոնին:

Մեկնաբանություն
X