Տեսչական մարմիններն օպտիմալացնելիս սոցիալական խնդիր չենք դրել մեր առաջ

Տեսչական նոր մարմինները ձեւավորման փուլում են, իսկ օգոստոսի 21-ից, այսինքն՝ երկուշաբթի օրվանից, հին տեսչությունների աշխատանքի ժամկետն ավարտվում է:

Օրերս անդրադարձել էինք առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նախարար Լեւոն Ալթունյանի նախկին օգնական Գարուշ Հովհաննիսյանի նշանակմանը, որը տեղի է ունեցել օրենքի խախտումով: Հովհաննիսյանը չունի պահանջվող մասնագիտական կամ պետական կառավարման ստաժ, որը պահանջվում է այդ մարմնի ղեկավար աշխատելու համար: Մեր հրապարակմանն արձագանքեցին առողջապահության պետական տեսչության կենտրոնական ապարատի աշխատակիցները եւ հայտնեցին, որ անորոշության մեջ են, չգիտեն ինչ են անելու երկուշաբթի: «Կենտրոնական ապարատում մոտ 70 աշխատող կա: Մեզ ասացին, որ էլ չգանք աշխատանքի, բայց մեզ հետ ոչ ոք չի հանդիպել, մեր ազատման հրամանները չեն տվել, ոչ մի հայտարարություն չեն արել: Մենք վարկեր ենք վճարում, երեխաների ուսման վարձեր, ո՞նց կարելի է մարդկանց հետ այսպես վարվել»,- ասում էր կենտրոնական ապարատի մի աշխատակցուհի: Բնապահպանական տեսչության նախկին աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե իրենց մոտ ինչպես է ընթանում գործընթացը:

«Մեզ ասել են՝ սեպտեմբերի 4-ին կգաք աշխատանքի»: Փաստորեն, ամենավատը վարվում են առողջապահության տեսչության նախկին աշխատակիցների հետ: Ինչո՞ւ: Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը սրա բացատրությունն ունի. «Բնապահպանական տեսչությունում, գուցե, փափուկ բարձ են դնում: Ես աշխատողների փոխարեն բանավոր խոսքը հիմք չէի ընդունի: Ճշմարտությունն այն է, որ նախկին տեսչությունները լուծարվել են եւ օգոստոսի 21-ից չեն գործում:

Բնապահպանական տեսչական մարմնում ինտրիգն է ավելի քիչ՝ կարծում եմ, իսկ առողջապահության տեսչությունը միշտ ինտրիգի կենտրոնում է եղել»:

- Մոտ 450 աշխատողից մնալու է 200-ը, եթե չեմ սխալվում: Ի՞նչ է լինելու մյուսների հետ:

  • Քաղծառայության մասին օրենքով նրանք անցնում են կարճաժամկետ ռեզերվ, հետագայում, գուցե, նրանց առաջարկություններ կարվեն: Պարզ է, որ օպտիմալացման պայմաններում նրանք չեն կարող բոլորն աշխատել: Բյուջեից ծախս է արվում, բիզնեսի, ձեր վրա բեռ է դրվում, բայց դրա դիմաց առողջապահության անվտանգությունն ապահովող մարմինը լավ չէր աշխատում: Օպտիմալացման իմաստն էլ հենց դա է:

- Բայց սոցիալական մեծ պրոբլեմ է առաջացել:

  • Որոշումն ընդունվել է երեք ամիս առաջ: Մենք վաղուց հայտարարել ենք, որ 18 տեսչական մարմիններից մնալու են 6-ը: Իրենք շատ լավ գիտեին այս մասին: Եվ հետո՝ տեսչությունը բարեփոխելիս մենք սոցիալական խնդիր չենք դրել մեր առաջ: Պետք են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ապահովում են գործադիր իշխանության արդյունավետությունը:

Ամփոփելով բարեփոխման ընթացքը՝ Հայկ Այվազյանը նաեւ նկատեց, որ մինչեւ այս պահը տեսչական երեք մարմին է ձեւավորվել՝ շուկայի վերահսկողության, բնապահպանական եւ առողջապահական տեսչական մարմինները. «Մյուսները ձեւավորման փուլում են»: Մենք դիմեցիք նաեւ առողջապահական տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար, բանկային մասնագետ Գարուշ Հովհաննիսյանին:

- Ինչո՞ւ եք տեսչության աշխատողներին թողել անորոշության մեջ, ի՞նչ է լինելու նրանց հետ:

  • Քանի որ իրենք մինչեւ ամսի 21-ն այդ նախարարության աշխատակիցներ են, խնդրում եմ իրենցից էլ ճշտեք: Եթե տեսչական մարմնի աշխատակիցները Ձեզ որեւէ հարցով կդիմեն, այդ ժամանակ կզանգեք ինձ:

- Դուք արդեն ներկայացրե՞լ եք նոր աշխատողների ցուցակը:

  • Կներեք, մոտս նորից խորհրդակցություն է, ես Ձեզ ուշ կզանգեմ:

Այս նույն բառերով անցյալ անգամ Գարուշ Հովհաննիսյանն անջատեց հեռախոսը: Մինչդեռ ի սկզբանե վարչապետը հայտարարում էր, որ տեսչական բարեփոխումները լինելու են բաց, թափանցիկ եւ հրապարակային: Չնայած՝ բանկային մասնագետին կարելի է հասկանալ: Եթե նոր ձեւավորվող մարմնի մոտ 200 աշխատակիցներից յուրաքանչյուրը գոնե նվազագույն կաշառքը տա՝ 1000 դոլար, ապա տողի տակ վատ գումար չի կանգնում՝ 200 հազար դոլար: Մյուս կողմից՝ տեսչական մարմնի նոր ղեկավարը փորձում է ապատեղեկացնել հանրությանը՝ ի դեմս մեզ: Առողջապահական տեսչական մարմին ստեղծելու վերաբերյալ կառավարության 444-Ն որոշմամբ սահմանվում է, որ առողջապահական պետական տեսչության լուծարման պահից սկսված եւ չավարտված վարչական, դատական եւ այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահվում է հենց այս մարմնին, ոչ թե նախարարությանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X