Բնակիչներն աղբամանից օգտվելու կուլտուրա չունեն

Արտաշատի բնակիչների ահազանգին ընդառաջ՝ մենք գրել էինք, որ մարզկենտրոնում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում, ծայրամասերն աղբի մեջ կորում են, մինչդեռ Արարատի մարզպետարանի շենքի շուրջբոլորը մաքուր է: Ահազանգող բնակիչները մեզ պարբերաբար լուսանկարներ են ուղարկում, որոնք վկայում են, որ աղբահանությունն ուշ-ուշ է իրականացվում: Երեկ էլ մեզ հայտնեցին, որ մեր հրապարակումն արդյունք է տվել: Արտաշատի քաղաքապետարանի աղբահանության հարցերով պատասխանատու աշխատակիցը, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ, մեզ հայտնեց, որ «աղբահանությունն իրականացվել է միշտ իդեալական», իսկ այս անգամ տեխնիկական խնդիրների պատճառով է ուշացել: «Ընդամենը մի քանի ժամ է, որ ուշացել է աղբահանությունը»,- պնդեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ քաղաքի բոլոր հատվածներում հավասարապես մաքրություն է տիրում (նկատենք, որ մենք եւս պարբերաբար լինում ենք քաղաքում եւ ֆիքսում ենք աղբամաններում եւ դրանց շուրջ կուտակված աղբը քաղաքի տարբեր փողոցներում): Աղբ տեղափոխող բեռնատար մեքենայի կցասայլակի անիվը կամ, ինչպես աշխատակիցն ասաց՝ «լաֆետի կալյոսները» ծակվել են աղբավայրի ճանապարհին, քանի որ, ըստ նրա, բնակիչներն ինչ ասես չեն լցրել ճանապարհին՝ է՛լ մեխ, է՛լ երկաթի կտոր: Երկաթի մի կտոր էլ մխրճվել է կցասայլակի անիվի մեջ ու օրեր շարունակ, փաստորեն, կաթվածահար արել քաղաքի աղբահանության իրականացումը: Նշենք, սակայն, որ քաղաքն սպասարկում է մեկ տասնյակից ավելի բեռնատար աղբատար: Քաղաքապետարանի պատասխանատուն նաեւ բարկացած բողոքեց բնակիչներից՝ պնդելով, որ նրանք անփույթ են օգտվում աղբամաններից, կրակի մնացորդներ, սիգարետ են լցնում դրանց մեջ, ինչի հետեւանքով էլ աղբամաններից շատերն այրվել են: Այժմ ստիպված են հատը 60 հազար դրամով մի քանի նոր աղբաման գնել եւ փոխարինել բացակա աղբամաններով:

«Տարեկան 60-70 հատ աղբարկղ ենք գնում, որը ֆրանսիական մեքենայով է սպասարկվում, այդ նույն բնակիչները մեջն ինչ ասես լցնում են ու վնասում: Տունդ թե օրը 20 անգամ էլ մաքրես, եթե տանդ անդամներն ապականում են, մեկ է՝ մաքրությունը չի երեւա: Հավատացեք, աղբամանները դատարկ դրված են լինում, բայց բնակիչները աղբը ոչ թե մեջն են թափում, այլ լցնում են կողքը: Հազար անգամ տեսել-ասել ենք՝ հարգելիներս, կողքը մի թափեք, մե՛ջը լցրեք»,- պնդեց նա՝ հավելելով, որ մարզկենտրոնը կեղտոտողների թվում են ոչ միայն Արտաշատի, այլեւ շրջակա գյուղերի բնակիչները, որոնք իրենց տան աղբը տոպրակներով բերում, մեքենայից շպրտում են աղբամանի ուղղությամբ ու հեռանում: «Արտաշատի բնակչությունը մոտ 20 հազար է, աղբահանություն իրականացնող «Կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի աշխատակիցներն էլ մոտ 30-40 հոգի են: Ո՞ր մեկի հետեւից հասցնենք հավաքել»,- դժգոհեց քաղաքապետարանի աշխատակիցը: Նա նաեւ խոստացավ հաշվի առնել բնակիչների առաջարկը՝ աղբամանները տեղակայել կանգառներից հեռու, քանի որ տրանսպորտի սպասելու ընթացքում տհաճ է գարշահոտություն շնչելը: Մեր զրուցակիցը չմոռացավ նշել, որ աղբահանության խնդիրը քաղաքակրթական հարց է եւ առկա է Երեւանում նույնպես, ինչպես նաեւ բոլոր եվրոպական շատ երկրներում: Նա հիշեց այն էպիզոդը, երբ Իտալիայի նախկին վարչապետ Բերլուսկոնին անձամբ էր հավաքում Հռոմի փողոցների աղբը՝ կոչ անելով բնակիչներին չկեղտոտել քաղաքը: Ուզում ենք պատկերացնել ՀՀ վարչապետին կամ Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբն անձամբ հավաքելիս:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X