Մենք փոքր ածու ենք

Դժվար է ասել՝ արտաքին, թե ներքին «պահանջվածությամբ», բայց կարծես փաստ է, որ ժամանակ առ ժամանակ մենք ինչ-որ «համազգային գաղափար» ենք շրջանառում, եւ համացանցը հեղեղվում է պաթետիկ հրապարակումներով, մտավարժանքներով, ոչնչով չամրապնդված ըղձախոսությամբ: Եվ հերթական անգամ գլուխ է բարձրացնում դառնացածությունը, որ «աշխարհը մեզ ըստ արժանվույն չի կարեւորում», որ «մեր հողերը մեզնից խլվել են», որ... Լրագրողը բառիս բուն իմաստով պատին է սեղմում «Ելք» դաշինքի պատգամավորին, թե երբ է խմբակցությունը նախաձեռնելու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Նրան հանձնարարված է թեման թեժացնել, լրագրողն անում է իր գործը: Առիթը տվել է «Ելքի» մեկ այլ պատգամավոր, ում, երեւի, չի հուզում, որ ռուս փորձագիտական շրջանակներն արդեն Հայաստանը համեմատում են «մայդանական» Ուկրաինայի հետ: Նա էլ, ըստ երեւույթին, իր հանձնարարությունն ունի՝ դրսից, թե ներսից՝ կարեւոր չէ:

Հիմնականն արված է, տեղեկատվական միջավայր է նետվել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության «կայծը»: Նույն հաջողությամբ վաղը կարող է հանրայնացվել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման, Կարսի պայմանագիրը չեղարկելու կամ այլ էկզոտիկ գաղափար: Ինչպես որ «Սասնա ծռերն» են հրապարակել «սահմանադրության» նախագիծ, եւ, երեւի, գտնվում են մարդիկ, որ կարդում եւ հաճույքից ձեռքներն են շփում: Նրանք ուշադրություն չեն դարձնում, որ այդ տեքստը զինված խռովության նրբաքողարկված քարոզչություն է եւ ոչ մի կապ չունի մարդու իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության եւ պետական կյանքի հետ առհասարակ: Ճիշտ նույն ձեւով էլ ոչ մեկին չի հետաքրքրում, թե ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ինչ է փոխվելու, եւ որն է լինելու աշխարհում Հայաստանի տեղը: Չի արծարծվում գլխավոր հարցը՝ ԵԱՏՄ-ից հեռացած Հայաստանը մնալու է ՀԱՊԿ անդամ եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակի՞ց, թե՞ անդամակցելու է անվտանգության մեկ այլ դաշինքի: Կամ՝ ո՞վ է հսկելու Թուրքիայի հետ սահմանը, եթե ռուսական ռազմակայանը դուրս բերվի: Դրանք «երկրորդական-երրորդական-չորրորդական» են: Գլխավորը՝ որ խորհրդարանում ներկայացվածությունը, Երեւանի ավագանիում խմբակցության գոյությունն արդարացվեն: Հակառակ դեպքում կամրապնդվի տպավորությունը, թե «Ելքը» «իշխանական պրոյեկտ» է...

Ինչ-որ մեկի մտքով անցել է, որ եթե ակտուալացվի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու թեման, ապա Ռուսաստանն «այլեւս Ադրբեջանին զենք չի վաճառի»: Ինչ-որ մեկին չի անհանգստացնում, թե ինչու է «հակաեատմականությունը» գլուխ բարձրացրել հատկապես այս փուլում, երբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ակնհայտ սառնություն է: Մինչդեռ ավելի տրամաբանական է պատկերվում, որ մեզանում հակառուսական տրամադրություններին համաչափ բարելավվում է Մոսկվա-Բաքու երկխոսությունը: Որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն Ադրբեջանում օրակարգային է: Որ այնտեղ սպասում են հարմար պահի: Որ, ուզում ենք մենք դա, թե ոչ՝ Արցախի հարցի լուծման բանալիները Վաշինգտոնում կամ Փարիզում չեն, Մոսկվայում են, Կրեմլում: ՌԴ նախագահի ձեռքում: «Խանդի» եւ «ապահարզանի սպառնալիքի» տեսարաններով հարցեր չեն լուծվում: Եվ զուտ բամբառակություն է ասել, թե «մենք Ռուսաստանին ավելի պետք ենք, քան ինքը մեզ»: Ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը՝ բացատրելու հարկ չկա: Եվ օրվա լույսի պես պարզ է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը երբեւէ գալու են սկզբունքային պայմանավորվածությունների: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է թեկուզեւ այն իմաստով, որ նրանք երկուստեք շահագրգռված են, որպեսզի աշխարհում երրորդ բեւեռ չձեւավորվի: Աշխարհաքաղաքականության տրամաբանությունը դա է՝ երկուսը պայմանավորվում են, որպեսզի երրորդը չծնվի: Եվ եթե հարյուր տարի առաջ քաղաքացիական պատերազմից բզկտված, սովահար, հետամնաց, գրողի բառերով ասած՝ «կանեփի երկիր» Ռուսաստանը չի մասնատվել, բաժան-բաժան չի արվել, ապա այսօր բամբառակել, թե «մենք դարձյալ կուժեղանանք, երբ Ռուսաստանը հեռանա»՝ նշանակում է կամ սադրիչ լինել, կամ՝ անմեղսունակ: Ռուսաստանը չի մտել Սիրիա, որպեսզի Կովկասը հանձնի Արեւմուտքին: Ռուսաստանն այստեղ է եւ լինելու է վաղը, մյուս օրը: Եվ սա իրականության պարզ արձանագրում է միայն, ինչպես իրենք են ասում՝ փաստի կոնստատացիա:

Պատմաքաղաքական նախորդ դարաշրջանում մենք իրացրել ենք մեր հնարավորությունների առավելագույնը, փաստացի լուծել ենք Արցախի հարցը: Մեր հարեւանների օրվա վարքը ոչ թե անհրաժեշտությունից կամ օրինաչափությունից, այլ դառնացածությունից է բխում: Խոսքը Վրաստանի եւ մասամբ Ադրբեջանի մասին է: Այդ բարդույթը մենք չպետք է ունենայինք, բայց հենց մենք ենք Հարավային Կովկասի ամենադառնացած երկիրն ու հասարակությունը: Որովհետեւ, դարձյալ դիմեմ Հրանտ Մաթեւոսյան մե՜ծ մտածողի օգնությանը․ «Դեռեւս չենք իջել Սասունի լեռներից»:

...Խորենացու անունով փողոց ունենալը քիչ է: Պետք է մեզ եւ աշխարհին կարողանանք նայել Խորենացու հայացքով, որ մենք փոքր ածու ենք, բայց մեր երկրում էլ հիշատակության արժանի գործեր կատարվել եւ կատարվում են: Խորենացիով հպարտանալը մեզ ոչինչ չի տալիս: Խորենացին մեզ շատ բան է տալիս...

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X