Քաղաքագրություն. «Կորչի՛ անգրագիտությունը»

Երեւանի կուսակցական կազմակերպությունը 1924 թվականին խնդիր դրեց Հայաստանի մայրաքաղաքը դարձնել համատարած գրագիտության քաղաք: Այստեղ անգրագետները մեծ թիվ էին կազմում: Արդյունաբերության բուռն զարգացումը յուրաքանչյուր տարի գյուղից քաղաք էր ձգում մեծ թվով գյուղացիների, որոնց մեծ մասն անգրագետ էր: Անգրագետ էր կանանց ճնշող մասը՝ ավելի կան 85 տոկոս:

Ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Երեւանում անգրագիտության վերացման աշխատանքը թափով ծավալվեց առաջին հնգամյակի սկզբներին: Կազմակերպվեց «Կորչի՛ անգրագիտությունը» քաղաքային ընկերությունը, որն անմիջապես իր ձեռքը վերցրեց անգրագետներին գրագիտություն սովորեցնելու հիմնական ձեւը։ Դա մեկ տարով խմբային ուսուցումն էր կամ վեց ամսով անհատական պարապմունքները: 1930-31 թվականներին գործում էին անգրագիտության վերացման մոտ 500 խումբ ու խմբակներ:

Բացի դրանից, արդյունաբերական ձեռնարկություններին կից երեկոյան դպրոցներում սովորում էին բանվորները: Մեծ ուշադրություն էր դարձվում կանանց անգրագիտության վերացմանը: Ուսուցիչների, ուսանողների, սովորող երիտասարդության եւ ամբողջ հասարակայնության ակտիվ աշխատանքը շուտով տվեց իր արդյունքը. 1931 թվականին, ժամկետից շուտ, Երեւանում լրիվ վերացվեց անգրագիտությունը: Դա մի խոշոր ներդրում էր կուլտուրական հեղափոխության հաղթանակի մեջ:

Հետպատերազմյան տարիներին քաղաքի զարգացումը, բնակչության խիստ աճը խթանեցին դպրոցական ցանցի հետագա ընդլայնումը: Ժողովրդական կրթության բնագավառի փոփոխությունները չեն սահմանափակվում միայն քանակական տվյալներով: Դպրոցական նոր շենքերը, ժամանակակից սարքավորումները, լաբորատորիաները եւ կաբինետները մեծապես նպաստեցին դասավանդման որակի բարելավմանը: Դրանում մեծ դեր ուներ, անշուշտ, մայրաքաղաքի ուսուցչությունը, որի շարքերում այսօր էլ աշխատում են իրենց գործի բազմաթիվ իսկական վարպետներ, որոնցից շատերն իրենք սկսել են առաջին դասարան հաճախել, երբ ստեղծվում էր սովետական կրթական սիստեմը:

1967-68 թվականների ուսումնական տարում Երեւանում գործում էր մոտ 200 դպրոց՝ ավելի քան 160 հազար աշակերտով: Դա նշանակում է, որ միայն միջնակարգ դպրոցում սովորում է քաղաքի ամբողջ բնակչության 20 տոկոսից ավելին: Այդտեղ աշխատում է ավելի քան հինգ հազար ուսուցիչ: Դրանց ճնշող մեծամասնությունն ունի բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն:

Տակավին 1920-ական թվականներից մայրաքաղաքում տարեցտարի աճում, զարգացում է ստանում հրատարակչական գործը, Երեւանում մայրենի լեզվով գրքերի ու պարբերականների հրատարակությունն իր ծավալով անհայտ է մեր պատմության անցյալի որեւէ շրջանին: Վերջին չորսուկես տասնամյակում Երեւանում հրատարակվել է ավելի քան 30 հազար անուն գիրք՝ մոտ 125 միլիոն տպաքանակով: Դա նշանակում է, որ միայն մայրաքաղաքում 45 տարում լույս են տեսել ավելի գրքեր, քան մինչ այդ հայ գրքի տպագրության ավելի քան 450-ամյա ժամանակաշրջանում՝ ընդհանուր առմամբ վերցրած:

Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X