Անխափան Յունայթեդ

Անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի երկրորդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը հաղթանակ տոնեց վերստին նույն ջախջախիչ հաշվով: Մանկունյանցիների զոհը այս անգամ Սուոնսին էր: Ժոզե Մոուրինյոն մեկնարկային կազմում արմատական փոփոխությունների չէր դիմել, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին րոպեններից խաղադաշտում էր՝ կրկին խաղարկողի դիրքում:

Խաղի սկզբնամասում թիմերը երկուստեք փորձում էին գրոհներ կազմակերպել, ստեղծել գոլային հնարավորություններ: Արդեն 5-րդ րոպեին Կարմիր Սատանաների հարձակվող Մարկուս Ռաշֆորդը վտանգավոր հարվածով փորձեց գրավել Սուոնսիի դարպաս, սակայն անհաջող: Առհասարակ վերջին շրջանում Յունայթեդի իսկապես շնորհներով օժտված երիտասարդ այս հարձակվողի խաղում անհամաչափություն և չստացվածություն է նկատվում: Հասկանալի է, որ թիմում Ռոմելու Լուկակուի հայտնությունը ինչ որ առումով նաև նոր փորձություն է և Ռաշֆորդը վերստին պիտի ապացուցի հարձակվողի իր բարձր կարգը՝ անշուշտ առաջին հերթին գոլեր խփելով:

Այնուհանդերձ, թե նախորդ խաղում, և թե այս Ռաշֆորդին գոլ հեղինակել այդպես էլ չհաջողվեց, նրա հարվածները կամ շեղ էին ստացվում կամ դարպասապահի համար չափից դուրս կանխատեսելի էին: Բացի դրանից Ռաշֆորդը հաճախակի էր տարվում անհատական խաղով և հարմար դիրքերում հայտված ընկերներին գնդակ չէր փոխանցում: Իսկ ահա նրա նոր մրցակիցը Ռոմելու Լուկական երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ, փաստացի լիարժեքորեն կատարելով այն՝ ինչը նման հարձակվողից պահանջվում է:

Հետաքրքիր է, որ հանդիպման առաջին կեսում և երկրորդ կեսի միջնամասերում Մանչեսթեր Յունայթեդի խաղում որոշակի դժգունություն կար, Պոլ Պոգբայի երկար, պարաշյուտային փոխանցումները ոչնչի չէին հանգեցնում, եզրերից Բլինդն ու Վալենսիան թեպետև ակտիվություն էին ցուցաբերում, սակայն այդ ակտիվության հետևանքը միևնույնն է զուր էր:

Եվ վստահաբար կարելի է ասել, որ Մանչեսթեր Յունայթեդին հանդիպման 80-րդ րոպեին այս թմբիրից դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանը ընդամենը խելացի և անվրեպ հպումով գոլային փոխանցում և հաշիվը կրկնապատկվեց: Երկու րոպե անց Մխիթարյանի՝ մտահաղացմանբ պարզապես գերազանց, երկրորդ գոլային փոխանցումից հետո Պոգբան դարձավ երրորդ գոլի հեղինակ: Քիչ անց փոխարինման դուրս եկած Անթոնի Մարսիալը հաշիվը 0:4 դարձրեց՝ խփելով, այսպես ասենք, իր հանապազօրյա գոլը:

Երկու խաղ անընդմեջ հաղթանակ տանելով, խփելով 8 գնդակ, անառիկ պահելով սեփական դարպասը՝ Յունայթեդի թափ հավաքող շարժիչը գեր անխափան ու ապահով է գործում: Փաստենք, որ Հենրիխ Մխիթարյանի դերը այս հաջողության մեջ անկասկած նշանակալի է, քանի որ Հենոն ամեն անգամ դուրս է գալով խաղադաշտ՝ ցուցադրում իր հմտությունների լավագույն, օրեցօր առաջադիմող կողերը:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X