Ահաբեկչություն

Մինչ գերտերությունների ղեկավարները զանազան հարցերի շուրջ զբաղված են ճամարտակումներով, անվերջ, անդադար ապոկալիպտիկ թեմայից, ատոմային պատերազմի սպառնալիքից շոուներ սարքելով, ինչը սոցիալական մեդիաների միջոցով կայծակնային արագությամբ սփռվում է եւ ահռելի տարածություններ նվաճում, եվրոպական քաղաքներում շարունակաբար նույն մեթոդով սպանվում են տասնյակ անպաշտպան մարդիկ, որոնք, ի դժբախտություն իրենց, հայտնվում են ահաբեկիչների կողմից թիրախավորված վայրերում։ Կյանքն ահաբեկչության միակ թիրախն է, եւ որտեղ այն շատ է, մեծ է նաեւ հարձակման ու ոչնչացման հավանականությունը։

Վերջին տարիներին ահաբեկիչները հետեւողականորեն ընտրում են այն զբոսաշրջային վայրերը, ուր տարբեր ազգության մարդկանց մեծ կուտակումներ կան, ընտրում են, որպեսզի վերստին նույն՝ արդեն իսկ բավականին մանրամասնորեն սերտած սպանության գործիքով՝ բեռնատար մեքենայով իրականացնեն ոճրագործությունը։ Ահաբեկչության երեւակայությունը ոչ մի վայրկյան չի թմրում, այսուհետ բեռնատարն է վստահելի ու դյուրությամբ կիրառելի սպանության հստակ գործիքը, որը կարող է գործածել անգամ անչափահասը, ով ունակ է նստել մեքենայի ղեկին եւ վարել այն։

Սոցիալական ցանցերը, բլոգային, միկրոբլոգային ծառայությունները, սոցիալական համակարգերը ցուցանում են սպանության սահմռկեցուցիչ տեսարանները՝ վերապատմելով դեպքերի մանրամասները, սպանության գործիքի բնույթը։ Ահաբեկիչների համար տեղեկատվական այս վավերականությունը, ցավալիորեն, կրթարան է դառնում, մատչելի ուսումնական հաստատություն, որը նոր ճանապարհներ է մատնանշում, եւ «բեռնատար մեքենայով սպանելն» արդեն իսկ ուղերձ է, կիրառելի փորձառություն, մշակված ձեւ, որն ստուգապես ընդլայնում է իր շրջանակը՝ շղթայականության կոչ անում ֆանատիկներին։

Այսօր համացանցից, մասնավորապես սոցիալական կայքերից օգտվողների անհետեւողական, ոչ սթափ, թեկուզեւ երեսանց միամիտ թվացող գրառումները, ադիկտիվ վարքի դրսեւորումները, տեղադրած լուսանկարները, անտեղի կիսումները կարող են նոր, ամբողջական ահաբեկիչ կրթել, նոր ահաբեկչության շարժառիթ հանդիսանալ՝ տեսցնելով անցյալը, նաեւ ոգեշնչելով ապագայով, որը, ինչպես գիտենք, գոյություն չունի։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X