Ո՞ւմ համար են ճախրում ՀՀԿ-ական «բազեները»

Կուսակցությունների, նրանց գործունեության, որդեգրած սկզբունքների մասին պատկերացում կարելի է կազմել նրանց պաշտոնական կայքերից։ Սերժ Սարգսյանը, որը միշտ նախընտրում է ներկայանալ հանդուրժող ղեկավարի, հասարակության մեջ եղած պատերը քանդողի իմիջով, իր ղեկավարած Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքում էլ է փորձում նման կերպար ձեւավորել։ Կայքը բացելիս աչքի է զարնում Սերժ Սարգսյանի մեծադիր նկարն՝ իր դարակազմիկ մտքերով․ «Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, բանվոր թե նախարար բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում՝ նույն կառույցի մասերն ենք․ ինչպես տաճարի հիմքը, սյուներն ու գմբեթն ունեն տարբեր գործառույթներ, բայց բոլորը միասին մեկ ամբողջություն են»։

Ուշագրավ է, որ այս խոսքերի հեղինակին հաջողվեց իր շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում փոշիացնել քաղաքական դաշտը, չեզոքացնել ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ նրանց վրա տոտալ վերահսկողություն սահմանելու միջոցով, գրեթե ամենուր հաստատել ՀՀԿ-ի մենաշնորհը։

Իսկ կայքի ներքեւում այցելուներին դիմավորում է ժպտադեմ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ իր «Մենք ենք, որ պետք է առաջընթաց ապահովենք կարգախոսով»։ Դժվար է ասել, թե վարչապետը որքանով է հավատում իր առաջընթացի մասին խոստմանը, երբ իր գործունեության ընթացքում հասցրել է օպտիմալացնել բազմաթիվ հիմնարկներ։ Շատ տարիներ առաջ մի ժպտացող վարչապետ էլ ունեինք՝ Արմեն Սարգսյանը, որն իր կարճատեւ պաշտոնավորումից հետո լքեց Հայաստանը եւ այսօր մեր երկիրը, որպես դեսպան, ներկայացնում է Մեծ Բրիտանիայում։

Կայքի լուրերից առաջին տպավորությունն այն է, որ ՀՀԿ-ն մեծ տեղ է տալիս երիտասարդներին։ Է՛լ երիտասարդների հավաքներ, էլ ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտների մասին տեղեկատվություն։ Նաեւ տեղեկատվություն այն մասին, որ ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Դե այսքանից հետո ո՞ր մի կարիերայի եւ հեշտ կյանքի ձգտող երիտասարդը չի ցանկանա անդամագրվել ՀՀԿ-ին՝ աչքի առաջ ունենալով «բազեների» ճախրանքը։ Իսկ «բազեներին» մերժող, գիտակից, իր իրավունքների համար պայքարող երիտասարդներին սպասում է Ազատության հրապարակը՝ ցույցերով, հոգեմաշ պայքարով, մարգինալ դառնալու հեռանկարով։

Մեկնաբանություն
X