Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց, մանկավարժներն ուրախ են. Սահակ Մինասյան

ՀՀ կառավարության վերջին նիստի որոշումներից մեկը կարծես սառը ցնցուղ լիներ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի անձնակազմի համար: Կառավարության որոշմամբ դպրոցը լուծարվեց եւ միացավ Շիրակի պետական համալսարան հիմնադրամին: Մինչ դպրոցի մանկավարժներից դժգոհություն էինք ստանում, թե օդից կախված մնացին, իսկ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանն այնքան էլ ոգևորված չէ որոշումից, Շիրակի պետական համալսարան հիմնադրամի ռեկտոր Սահակ Մինասյանը hraparak.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե դպրոցի բոլոր մանկավարժներն ուրախ են, որ այն լուծարվեց:

- Պարո՛ն Մինասյան, որքանով էր ճիշտ լուծարել ավագ դպրոցը եւ միավորել ձեր ղեկավարած հիմնադրամին:

  • Լուծարել ասելով ի՞նչ եք հասկանում: Դա ընդամենը պայմանավորված է նրանում, որ համալսարանը հիմնադրամ է, դպրոցը՝ ՊՈԱԿ: Միավորում իրականացնելու համար հարկ էր, որ կառավարությունը որոշում կայացներ լուծարել ՊՈԱԿ-ը, նոր միայն միավորել հիմնադրամին:Սա միայն օրենսդրական խնդիր էր, իսկ ընդհանուր առմամբ դպրոցը շարունակելու է ծառայել որպես ավագ դպրոց:

- Միավորման առավելությունը ո՞րն է, այս դպրոցի աշակերտներն ինչո՞վ են շահելու:

  • Իրենք ինտեգրվում են շուրջ 3000 աշակերտ-ուսանող ունեցող կրթական միավորման:Մարզամշակույթային միջոցառումները ընդհանրական են բոլորի համար, օգտվելու են համալսարանի լավագույն լաբարատորիաներից, մարզական սրահներից: Մենք արդեն նպատակ ունենք մեզ համար պատրաստել վաղվա դիմորդներ: Կրթական մասով այս աշակերտները հաստատ շահելու են:

- Ի՞նչ է լինելու թիվ 3 ավագ դպրոցի ուսուցիչների հետ, գործազուրկ են դառնալու, թե՞ ինչպես…

  • Ես անձամբ հաջորդ օրը դպրոցի կոլեկտիվի հետ հանդիպել եմ, նախապես ներկայացրել, որ աշխատանք կորցնելու խնդիր չկա, ինչու պիտի գործազուրկ դառնան:Աշակերտներն իրենց ուսուցիչների հետ մնալու են նույն դպրոցի մասնաշենքում: Ավելին ասեմ՝ համալսարանի երկու ավագ դպրոցները միավորվում են, սա երրորդն էր, եւ աշակերտները տեղափոխվելու են այնտեղ, որը մինչև 400թվաքանակով աշակերտ է ունենալու: Այդ գիգանտ շենքում ընդամենը 80 երեխա էր մնացել: Դրա փոխարեն բեռնաթափվելու է համալսարանը, ազատ մասնաշենք կունենանք: Բացի այդ, դուք պատկերացնում եք ավագ դպրոց, որտեղ սովորում է մոտ 100 աշակերտ, ինչի է նման սա: Իսկ մանկավարժներն անտարակույս ուրախ են, որովհետև դպրոցը փակվելու եզրին էր:

- Իսկ դպրոցի տնօրենի փոփոխությու՞ն կամ լիազորությունների դադարում չի՞ սպասվում:

-Ո՛չ, տնօրենը Դարբինյանն է, նա էլ մնում է: Ի՞նչ է, պիտի ասենք դու գնա ձեր տուն:
Հեռախոսազրույց ունեցանք նաև թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանի հետ՝ պարզելու դպրոցի տնօրենի տրամադրությունը: Դպրոցի տնօրենն շտապեց տեղեկացնել, կիսում է Սահակ Մինասյանի կարծիքը, եղած տարբերակների մեջ դա միակ լավագույն լուծումն էր՝ դպրոցը միավորել համալսարանին եւ իրենց գործը ուղղված է լինելու միայն նրան, որ Գյումրիում կրթական մակարդակը հասնի առավելագույնին:

- Դուք, ճիշտ է, մնում եք տնօրեն, բայց նոր կարգավիճակում ձեր իրավունքները չե՞ն սահմանափակվում, համաձա՞յն եք դրան:

-Հարգելիս, պրովակացիոն հարց եք տալիս, խնդրում եմ այդ հարցերին չանդրադառնալ:

- Իսկ մի՞թե մանկավարժների կողմից դժգոհություններ չեն եղել, նրանք բոլո՞րն են աշխատանքի մնալու:

  • Իհարկե, նորմալ է, որ նոր կարգավիճակի հետ կապված մարդիկ մտավախություն ունեցել են, որ կմնան անգործ, բայց ասեմ՝ մեր դպրոցի մանկավարժները 90 տոկոս մնալու են, միայն աշխատանքից գուցե զրկվեն նրանք, որոնք 2-3 դասաժամ ունեն, այն էլ համատեղության կարգով են: Պարոն Մինասյանը խոսել է, հանդիպել է բոլորի հետ, կարծում եմ որևէ խնդիր չկա:

Հավելենք, որ թիվ 3 ավագ դպրոցում աշխատում է շուրջ 40 ուսուցիչ: Նրանցից միայն մի քանիսին մեզ հաջողվեց հանդիպել, որոնցից մեկն անտարբեր ասաց, թե նոր ուսումնական տարին ցույց կտա՝ ինչ է սպասվում իրենց: Մյուսներն առայժմ գերադասեցին լռել:

(Ի դեպ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանն այն հայտնի 114 ՀՀԿ-ական տնօրեններից մեկն է, ով հայտնվել էր սկանդալային պատմության մեջ sut.am կայքի ձայնագրությունների հրապարակումից հետո https://sut.am/archives/803: Մեկ այլ սկանդալ նրա մասնակցությամբ եղավ նաև խորհրդարանական ընտրությունների օրը, որին ականատես եղանք անձամբ: Նա ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր, նրա եւ դիտորդի միջև վեճ էր բռնկվել, դրսից եկած երիտասարդը դիտորդին սպառնացել էր դանակով ( http://hraparak.am/?p=142411):

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է մեր զրուցակիցը՝ Շիրակի պետական համալսարան հիմնադրամի ռեկտոր Սահակ Մինասյանը:

Անդարդառնալով կառավարության՝ դպրոցների օպտիմալացման որոշմանը՝ նշենք, որ 300-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները օպտիմալացվելու կամ լուծարվելու են: Իսկ ահա մեր իրականացրած ուսումնասիրությունները պարզեցին, որ Գյումրիում ընդամենը 6-7 դպրոց է, որտեղ աշակերտների թվաքանակը 500-ը գերազանցում է, մյուսները խոցելի են: Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում սովորում է մոտ 170 երեխա, գրեթե նույնքան է թիվ 30հիմնական դպրոցի աշակերտների քանակը: Թիվ 43 հիմնական դպրոցի ճակատագիրն առավել քան մտահոգիչ է. ընդամենը 53 աշակերտ: Աշակերտների թիվը 300-ը չի հասնում թիվ 40,38 եւ 24 հիմնական դպրոցներում: Պատկերն այսպիսին է մարզկենտրոնում: Իսկ եթե բանը հասնի մարզի համայնքներին, ապա կարելի է ենթադրել, որ կգտնվեն գյուղեր, որտեղ ուսումնական հաստատությունները մեկընդմիշտ կփակվեն, քանի որ համայնքներում դպրոցներ կան, որտեղ սովորում են ընդամենը 3-4 աշակերտ:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X