Մաքրությունը՝ պարտադիր պայման

Անչափ հաճելի է լինել զբոսաշրջիկներ ընդունող երկրի քաղաքացի։ Երբ մայրաքաղաքի փողոցներում տեսնում ես օտարազգի անձանց, մանավանդ երբ տեսնում ես, որ մեր երկիր այցելում են ոչ միայն մեզնից աղքատ ու հետամնաց երկրների բնակիչները, այլեւ քաղաքակիրթ եվրոպական երկրների քաղաքացիներ, հպարտության զգացում ես ապրում։ Իսկ որ այս տարի նկատելիորեն ավելացել են Հայաստան այցելող զբոսաշրջիկները, ոչ միայն անզեն աչքով է երեւում, այլեւ մի շարք պաշտոնական տվյալներից։ Մեկը «Սանիթեքի» կողմից աղբահավաքության ծավալների աճի մասին հաղորդումն էր, որից կարող ենք արձանագրել, որ զբոսաշրջիկների հոսք կա դեպի Երեւան։ Մյուսը մաքսայինի հաղորդումն էր, որով տեղեկացնում էին, որ «Տաքս ֆրի» կոչվող համակարգով անցած տարվա համեմատ բավականին մեծ՝ մոտ 10 միլիոն դրամ գումար է վերադարձվել զբոսաշրջիկներին՝ սահմանը հատելիս։ Ինչը մի կողմից վկայում է զբոսաշրջիկների ավելացման, մյուս կողմից այն մասին, որ մեր երկիր այցելող անձինք նաեւ առեւտուր են անում։ Խոսքն այն մասին է, որ եթե օտարերկրացին Հայաստանում «Տաքս ֆրի» համակարգի անդամ որեւէ խանութից ապրանք է գնում եւ այն արտահանում՝ գնման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում, ապա կտրոնի առկայության դեպքում մաքսատանը նրան է վերադարձվում ապրանքի համար գանձված 16,67 տոկոս ԱԱՀ-ն: Լավ է, որ մենք աստիճանաբար դառնում ենք քաղաքակիրթ աշխարհի մասնիկը՝ զբոսաշրջիկներ ենք ընդունում, «Տաքս ֆրի» համակարգն ենք զարգացնում, որը, ի դեպ, մեզանում գործում է 2014-ից։ Մի բան է վատ, որ մեր երկրի, քաղաքի մաքրությանը պատշաճ չենք հետեւում՝ այնքան աղբ, ինչքան մեր փողոցներում է, այնպիսի գարշահոտություն, որ մեր գետնուղիներում է տիրում, ոչ մի զբոսաշրջային երկրում չկա։ Մենք դա չենք նկատում, մեր հյուրերը նկատում են։

Մեկնաբանություն
X