Մամուլի տեսություն

«Հրապարակ». Մինչեւ ամսվա վերջ նորություն կունենա

Դեռեւս ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն շուտով դեսպան է նշանակվելու քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, եւ ագրեմանը (կառավարության համաձայնությունը՝ իր երկրում տվյալ անձին որպես դիվանագիտական ներկայացուցիչ ընդունելու) արդեն ուղարկվել է վրաց իշխանությունների կողմից։ Այս կադրային փոփոխությունը մի կողմից պայմանավորված էր աշխարհահռչակ մարզիկի՝ դեսպանի պաշտոնում չհաջողելու հանգամանքով, մյուս կողմից՝ նրա առողջական վիճակով։ Դե, իսկ Սերգեյ Մինասյանն էլ երիտասարդ քաղաքագետ է, ծնունդով Ջավախքից՝ Ախալքալաք քաղաքից։ Եվ քանի որ մեզանում պրոֆեսիոնալ դիվանագետները չեն դեսպան նշանակվում, ապա նա լիովին տեղավորվում է այդ պաշտոնի տրամաբանության մեջ։ Սակայն ամիսներն անցնում են, իսկ նշանակումը ձգձգվում է։ Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Դեռ նորություն չունենք, որովհետեւ արձակուրդային շրջանը դեռ չի վերջացել, ես կարծում եմ՝ մինչեւ ամսվա վերջ նորություն կունենանք»։ Այսինքն՝ իր ագրեմանն արդեն եկե՞լ է։ Պարոն Մինասյանն ասաց․ «Չեմ կարող դա հաստատել, որովհետեւ ես քաղաքում չեմ եղել եւ տեղյակ չեմ՝ արդյոք նախարարությունն ստացե՞լ է, թե՞ ոչ»։

Մեկնաբանություն
X