Պատգամավորներն սկսել են «կենդանության նշաններ» ցույց տալ

Ազգային ժողովում հետարձակուրդային շրջանը մեկնարկել է, բայց աշխատանքային ակտիվություն դեռ չի նկատվում։ Պատգամավորներից շատերն առայժմ վայելում են իրենց հանգիստը Հայաստանում կամ Հայաստանից դուրս։ Այս օրերին քչերն են, որ գալիս-գնում են խորհրդարան։ Իրականում առանձնապես շատ բան էլ չկա անելու այս շրջանում, հատկապես նրանց համար, որոնք աշխատանքային օրերին էլ որեւէ բանով զբաղված չէին։ Իսկ աշխատողներն արձակուրդային օրերին էլ են անելու բան գտնում, առնվազն գոնե գնում են խորհրդարան, հետաքրքրվում՝ ինչ վիճակ է, ինչ կա անելու։ Ոմանք արդեն զբաղված են օրենսդրական աշխատանքով՝ նախագծեր են մշակում, դնում շրջանառության մեջ, հրապարակում Ֆեյսբուքում՝ ցույց տալու համար, որ պարապ չեն նստել ամռանը։ Օրինակ՝ երեկ «Ծառուկյան» խմբակցությունից իրավաբան Գեւորգ Պետրոսյանը Ֆեյսբուքում իրազեկեց, որ ինքը, Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ են հեղինակել, որն արդեն շրջանառության մեջ է։ Դրանից առաջ էլ ՀՀԿ-ական իրավաբան պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էր ՖԲ-ում տեղեկացրել երկու տարբեր նախագծերի մասին, որոնք դրվել են շրջանառության մեջ։ Դրանցից մեկում համահեղինակ են նաեւ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ից Շուշան Սարդարյանը։

Բայց սա չի նշանակում, թե այս եւ մյուս պատգամավորներն արձակուրդ չեն մեկնել, ոմանք անկեղծորեն կիսվում են խորովածի հոտից քթերը վեր քաշող կամ ծովափին արած արեւայրուքով ու լողազգեստով նկարներով, ոմանք նախընտրում են պասիվություն դրսեւորել այս հարցում։ Պատգամավորներ էլ կան, որ դեռ չեն մեկնել հանգստի եւ կարոտով են սպասում այն օրվան, երբ կմեկնեն արձակուրդ։ Նշենք, որ խորհրդարանում արձակուրդը պաշտոնապես ավարտվել է օգոստոսի 16-ին։ Այս օրերին խորհրդարան են այցելում հատուկենտ պատգամավորներ «Ելք»-ից, «Ծառուկյան» խմբակցությունից եւ ՀՀԿ-ից։ «Ելք»-ից երեկ, օրինակ, ԱԺ-ում տեսել են Նիկոլ Փաշինյանին եւ Արարատ Միրզոյանին։ Առհասարակ, այս օրերին գրեթե ամեն օր ԱԺ-ում է լինում Փաշինյանը, ով նոր է վերադարձել հանգստից։ Մյուս «Ելք»-ականները մեկ-մեկ են գնում ԱԺ, բայց ՖԲ-ում շատ ակտիվ են՝ աշխատում են մի շարք նախագծերի վրա, որոնց մասին երեկ տեղեկացրել էինք։ «Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ-ում տեսել են Նաիրա Զոհրաբյանին, Վարդան Բոստանջյանին, հանգստից վերադառնալուց հետո մի քանի օր առաջ խորհրդարան է այցելել նաեւ Իվետա Տոնոյանը։ Ակտիվներից ոմանք էլ դեռ արձակուրդում են՝ Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը եւ այլք։ Բայց աշխատանքային պրոցես, ըստ էության, չկա խորհրդարանում։

ԱԺ ամենամեծ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից եւս խորհրդարան եկողները շատ չեն։ Այստեղ հիմնականում լինում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որոնք արդեն վերադարձել են հանգստանալուց։ ՀՀԿ-ականներից ԱԺ-ում հանդիպել են նաեւ Խոսրով Հարությունյանին, Հակոբ Հակոբյանին, Արտաշես Գեղամյանին, Միհրան Հակոբյանին։ Արձակուրդից նոր են վերադարձել ՀՀԿ-ական կին պատգամավորներից Արփինե Հովհաննիսյանն ու Կարինե Աճեմյանը, ովքեր երեկ այցելել էին խորհրդարան։ Օգոստստոսի 20-ին իր վերադարձի մասին ՖԲ հանրությանն իրազեկել էր նաեւ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը՝ խոստանալով այլեւս չհրապարակել իր հին ու նոր նկարները լրագրողների հետ։ Տիկին Եսայանը խոստացել է անցնել ծանրաբեռնված աշխատանքի՝ սպասենք ԱԺ-ից նրա նոր սելֆիներին։ Կրթության հարցերով զբաղվող պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը եւս, պարզվում է, աշխատանքի մեջ է, երեկ նրան տեսանք ԿԳ նախարարի կողքին՝ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ օգոստոսյան խորհրդակցությունների նկարներում։ Խմբակցություններն իրենց նիստերը նախատեսում են անցկացնել արդեն ամսվա վերջին, հանձնաժողովների նիստերն էլ կմեկնարկեն ԱԺ նստաշրջանին նախորդող շաբաթվա ընթացքում։ Իսկ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին, որը, ինչպես երեւում է, բուռն է լինելու։ Պատգամավորներից ոմանք էլ արձակուրդային այս մեկ-երկու ամիսը, որը նաեւ լրագրողների աչքից հեռու լինելու բացառիկ շրջան է, օգտագործում են իրենց աշխատասենյակների վերանորոգումն ավարտելու համար։ Նախկին ՀԱԿ խմբակցության տարածքում հանգրվանած «Ելք»-ի սենյակների նորոգումն արդեն ավարտվել է՝ պատերը ներկվել են, կահկարասին թարմացվել։ «Ելք»-ի պատգամավորներից ոմանք իրենց արձակուրդը վատնել են հենց դրա վրա։ ՀՀԿ-ականների մեջ եւս կան պատգամավորներ, որոնք ընտրվելուց ի վեր զբաղված են իրենց կաբինետների վերանորոգմամբ եւ դեռ չեն վերջացրել։

Մի խոսքով՝ խորհրդարանում դեռ կիսամեռ վիճակ է, չնայած ոմանք արդեն կենդանության նշաններ են ցույց տալիս։ Փոխարենը ակտիվ աշխատում են ԱԺ բուֆետն ու աշխատակազմը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X