Պատրաստվում են բերքահավաքին

Արարատյան դաշտում առաջիկայում կսկսվի խաղողի մասսայական բերքահավաքը: Մթերող կազմակերպությունների կողմից խաղողի մթերումն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի երկրորդ շաբաթվանից: Այգեգործները, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հույս ունեն իրենց ամբողջ տարվա չարչարանքի դիմաց առատ բերք ստանալ, նորմալ գնով իրացնել եւ, որ ամենակարեւորն է՝ ողջամիտ ժամկետում ստանալ իրացված բերքի գումարը: Մթերող որոշ կազմակերպություններ, ինչպես հայտնի է, ուշացնում են խաղողի մթերման դիմաց պարտքերի վճարումը, ինչն ամեն անգամ մեծ դժգոհություն է առաջացնում այգեգործների շրջանում, ստիպելով կտրուկ քայլերի դիմել՝ ճանապարհներ փակել, կառավարության շենքի դիմաց ակցիաներ անել: Խաղողի մթերումն Արարատի մարզում սահուն կազմակերպելու նպատակով Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն արդեն իսկ հանձնարարել է տեղեկություններ հավաքագրել գյուղացիական տնտեսությունների եւ գործարանների միջեւ կնքված պայմանագրերի վերաբերյալ: Մարզպետը մտադիր է նաեւ վերամշակող գործարանների սեփականատերերի հետ հանդիպում կազմակերպել եւ քննարկել մթերման գործընթացի, բերքի ընդունման պայմանների, գների հետ կապված հարցեր: Նշենք, որ Հայաստանում կա գինու, կոնյակի արտադրությամբ զբաղվող շուրջ 89 ձեռնարկություն։ Դրանցից խաղող են մթերում միայն 9-10-ը, որոնցից մեկն Արարատի մարզպետին ու նրա եղբորը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանն է: Թե ինչպես կարող է բիզնես հետաքրքրություններ ունեցող մարզպետը մթերումները նորմալ կազմակերպել, որ գյուղացիների շահերը չոտնահարվեն, եւ մթերողների շահը չգերակայի, բոլորովին հասկանալի չէ։ Հենց դրա համար են աշխարհում առանձնացնում բիզնեսը քաղաքականությունից, որ շահերի բախում չլինի։

Մեկնաբանություն
X