ՀՅԴ-ն արգելում է դաշնակցականներին քննադատել Հայաստանի իշխանություններին

Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն, դաշնակցական, կանադահայ Րաֆֆի Դուդակլյանը, որը վերջին 14 տարում բնակվում է Հայաստանում, շատերին հայտնի է որպես բարեգործական ծրագրերի կառավարիչ եւ իրագործող։ «Թուֆենկյանը» տներ է կառուցում Արցախում ծառայող զինվորականների համար, մանկատներին է օգնում, ուսումնական եւ բիզնես ծրագրեր է կազմակերպում մարզերի բնակիչների համար, կանանց գորգագործություն է սովորեցնում, աշխատանք է տալիս եւ այլն։ Քչերը մեզանում գիտեն, որ Րաֆֆի Դուդակլյանը լրագրողական շնորհք ունի եւ հայաստանյան կյանքին, հուզող հարցերին նվիրված սյունակ էր հրապարակում դաշնակցական «Ասպարեզ» եւ «Ազդակ» թերթերում՝ «Նամակ Երկրէն» վերնագրով։ Օրերս տեղեկացանք, որ դաշնակցական մամուլը, «կոալիցիոն» մտածողությանը հավատարիմ, «փակել» է նրա սյունակը։

Հատկապես հաջողված եւ դիտված են Դուդակլյանի անկեղծ ու ազատ գրառումները Հաց բերողի եւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների մասին։ Հրապարակումները հագեցած են ճշգրիտ փաստացի տվյալներով։ «Շտաբի պետերն ու վստահուած մարդիկը առատօրէն կը վարձատրուին զիրենք հովանաւորող կուսակցութեան «շէֆ»երուն կողմէ: Արշակն ու «վստահուած անձերը»՝ թիւով 27 հոգի, անցած Նոյեմբերէն արդէն ամսական աշխատավարձ կը ստանան, իւրաքանչիւրը՝ 60 հազար դրամ, Արշակը՝ քիչ մը աւելի: Անոնք նաեւ ապագայ պաշտօններ ստանձնելու խոստումներ ունին, ուրեմն՝ իրենց կարելին պիտի ընեն իշխող կուսակցութեան վերարտադրութիւնը ապահովելու համար: Այսպէս, Նոյեմբերէն ի վեր, ամիսը աւելի քան 1,600,000 կանխիկ դրամ կը բաժնուի Երեւանի փոքր թաղերէն մէկուն մէջ: Պատկերացուցէք՝ Հայաստանի ամբողջ տարածքին, հազարաւոր շտաբի պետեր, վստահուած անձեր, թաղային հեղինակութիւններ, «լա՛ւ տղաներ», քարտուղար-քարտուղարուհիներ, միլիառներու հասնող կանխիկ աշխատավարձեր կը ստանան իրենց շրջանի «շէֆ»երէն: Այս գումարները հարկուած չեն, եկամտահարկի ենթակայ չեն, կանխի՛կ են», - գրում է Դուդակլյանը «Ընտրութիւններ եւ Ստուերային Տնտեսութիւն» հոդվածում: Հաց բերողի շուրջ կատարվող իրադարձություններին նա երկու հոդված է նվիրել։ Զարմանալի է, թե հոգեպես ինչ մոտ է մեծահարուստ այս սփյուռքահայը սարիթաղցի Արթուր Սարգսյանին, նրա մտադրությունների ինչ հոգեբանական ինչ ստույգ վերծանումներ է անում մեզ համար։ ««Հաց բերող»ը չէր կրնար ուրիշ ձեւով մահանալ… ան պէտք է համակարգին զոհը դառնար, այլապէս համակարգը պիտի դառնար մահացողը: «Հաց բերող»-ը մահացաւ, որովհետեւ մերժեց համակարգը, մերժեց համակերպումը, մերժեց քծնանքը, պատիւը, պաշտօնը, թէեւ այդ բոլորը ունենալու առիթը տրուեցաւ իրեն՝ բանտէն առաջին արձակումէն անմիջապէս ետք: Ան այսօր կրնար պատգամաւորի թեկնածու ըլլալ, նոյնինքն իր մահը բերած համակարգի հեղինակներուն ցանկին վրայ… Մերժեց, որովհետեւ չէր կրնար Երուսաղէմը շահիլ՝ իր անձը կորսնցնելով: «Հաց բերող»ը 23 օր շարունակ հացադուլ ըրաւ, սովահարութեան դիմեց՝ ցոյց տալու համար, որ մարդ ոչ միայն հացիւ կեցցէ, այլեւ արժանապատուութեամբ եւ սկզբունքով, գաղափարականութեա՛մբ, մարդկայնութեա՛մբ: Հացադուլով՝ ուզեց սնուցել մարդոց ոգու սովը, որ համակած է հայաշխարհը՝ Հայաստանէն Սփիւռքի մինչեւ հեռաւոր ոստաններ»:
Սա հատված է «Խեղդող Ամօթը» հոդվածից, որը հրապարակվել է Արթուր Սարգսյանի մահից հետո։ Այն մեծ արձագանք է գտել Սփյուռքում։ Ոմանք այս նյութից հետո նույնիսկ մեղադրեցին դաշնակցական թերթերին հայաստանյան իրականությունը սքողելու, այս ամենը, անհրապույր անցքերը թաքցնելու մեջ։ «Ինչպէ՞ս կարելի է լռել եւ անդադար չմատնանշել այս մահաբոյր ախտերը։ Երբ անցեալին Հայաստան համայնավար իշխանութեան տակ կը գտնուէր, Սփիւռքի դաշնակցական մամուլը չէր վարաներ քննադատելէ այդ երկաթեայ վարագոյրին ետին տիրող վիճակը։ Ինչպէ՞ս բացատրել Սփիւռքի մէջ ձեր (թերթին) կրաւորական կեցուածքը այժմ։ Ո՞վ՝ զո՞վ կը խաբէ։ Աչքի փոշի ցանող երեւոյթներով կարելի չէ բաւարարուիլ… Արդիական խանութներ, օտար անուններով բարձր, նոր շէնքեր, սրճարաններ, ճաշարաններ, օտար ներդրումներու կանչեր, եւ այլն»,- գրում է Սոնա Ավետյան անունով հեղինակն «Ասպարեզի» գլխավոր խմբագիր Աբո Պողիկյանին, եւ վերջինս, որպես լայնախոհ անձնավորություն, այս քննադատական հրապարակումը տեղադրում է իր կայքում։ Եթե լայնախոհ է, ապա չի բացառվում, որ Դուդակլյանի սյունակը փակելը ՀՅԴ ղեկավարության կողմից պարտադրված որոշում է եղել։ «Ինձ միայն ասել են, որ պիտի չտպենք։ Կարծում եմ, որ ինչ-որ պատճառ պիտի լինի, բայց ինչ է, չգիտեմ»,- պարզաբանում է Րաֆֆի Դուդակլյանը։

- Հնարավո՞ր է, որ Հայաստանի իշխանությունների հասցեին Ձեր քննադատությունն է պատճառը։

  • Ամեն ինչի մասին գրել եմ, ոչ միայն իշխանությունների։ Նամակներն իմ տեսածների մասին են, լսածներիս, կյանքիս, փորձառությանս, փոքրիկ սյունակ է, որի մեջ ես անդրադարձել եմ բազմաթիվ հարցերի՝ նաեւ ՀՀ իշխանությանը, ընդդիմությանը, չընդդիմությանը, բոլորին։

- Մեր տեղեկություններով, տարիներ առաջ Կանադայում Ձեզ հեռացրել են կուսակցությունից։ Դարձյալ իշխանություններին քննադատե՞լն է եղել պատճառը։

  • Իմ՝ կուսակցությունից հեռանալը դրա հետ կապ չունի, ես չեմ հեռացվել ՀՅԴ-ից։ Եթե ինձ հեռացրել են, ես տեղյակ չեմ, ինձ ասել են՝ դու թողել-գնացել ես, ես Կանադայի շարքերում եմ եղել, բայց 14 տարի այստեղ եմ՝ Հայաստանում։ Երբ որ ես ստեղ եկել եմ, քաղաքական գործունեություն չեմ ծավալել, ես միջազգային կազմակերպությունում եմ աշխատել։

- Զարմանալի է, ՀՅԴ անդամներն ամբողջ աշխարհում են, արդյո՞ք Հայաստանում լինելը պատճառ է կուսակցությունից հեռացնելու։

  • Կա կանոնագիրք, եթե որեւէ մեկին հեռացնում են, հեռացնում են ըստ կանոնագրքի հոդվածների, եթե հակասություն կա, եթե մեկը չի հարգում կանոնագրային կետերը, այդ ժամանակ են հեռացնում։ Ոչ ոք ինձ չի տեղեկացրել, որ ինձ հեռացրել են։

- Բայց հեռացրե՞լ են։

  • Շատ եք հետաքրքրվում ինձանից։ Անկեղծ՝ ես քաղաքական գործունեություն չեմ ծավալում հիմա, այդ հարցերից խուսափում եմ, որովհետեւ չեմ ուզում ոչինչ քաղաքականացնել, բարեգործական հիմնադրամի գործունեությանը դա հակասում է։ Ես մի բան կարող եմ ասել, որ իմ գրությունները տպում էին, իսկ հիմա ասում են, որ չենք տպելու։ Այսքանը Ձեզ կարող եմ ասել։ Ես էլ զարմանում եմ, որ «Ասպարեզի» նման մի թերթ, որ բավականին տեղ է տալիս այլ մտածելակերպի, ինձ չի տպում... բայց ի՞նչ ասեմ։ Ես ինձ համարում եմ դաշնակցական։ Անկախ նրանից, թե տպում են, թե չէ։

ՀԳ․ «Ասպարեզի» խմբագիր Աբո Պողիկյանը քաղաքակիրթ «չպատասխան» տվեց մեր հարցերին։ Ընդամենը հայտնեց․ «Ես Րաֆֆիի գրությունները սիրով հրապարակած եմ եւ վստահ եմ, որ տակավին կհրապարակեմ»: Րաֆֆի Դուդակլյանը Հայաստան տեղափոխվելուց առաջ եղել է Կանադայում Հայ օգնության միության ցերեկային դպրոցի տնօրեն, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան խորհրդի անդամ, ինչպես նաեւ «Ասպարեզ» (Լոս Անջելես) եւ «Ազդակ» (Բեյրութ, Լիբանան) օրաթերթերի խմբագրական խորհուրդների անդամ: Լիբանանի համալսարանում քաղաքագիտություն է սովորել, իսկ Լոս Անջելեսի համալսարանում յուրացրել է «Արեւելագիտություն եւ հայագիտություն» մասնագիտությունը։ Ի դեպ, ՀՅԴ-ից հեռացնում են նաեւ ժողովներից տեւական բացակայությունների համար։ Չի բացառվում, որ Դուդակլյանը հեռացվել է այդ բացատրությամբ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X