Սպիտակ արջի մեծ պատմությունը

Հիրավի մեր սպիտակ արջը՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ողջ աշխարհի և մեր աչքի առաջ մի մեծ ու փառավոր պատմություն է կերտում: Դառնալով աշխարհի եռակի չեմպիոն Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր գյումրեցի մարզիկը, վերստին ապացուցում է իր բազկի և ոգու զորությունը:

Բոլորը գիտեն սպորտի աշխարհում հաջողության հասնելը գուցե ավելի հեշտ է, քան այդ հաջողությունը մի քանի անգամ պահպանելը:

Հռչակավոր մարզիկները և սպորտի վարպետները քաջ գիտակցում են՝ ծանրակշիռ հաջողությունից հետո ամեն ինչ գնալով ավելի է բարդանում, քանի որ ավելանում է պատասխանատվության զգացումը, հոգեբանական լարվածությունը, տարատեսակ մտագոհությունները, իսկ երկրպագուների կողմից անշուշտ քառապատկվում են ակնկալիքներն ու ապագա հաջողությունների տեսլականները: Ամեն հաջողություն հաջորդին է պահանջում: Յուրաքանչյուր մենամարտ, անգամ ամենաթույլ, միջին որակներ ունեցող ըմբիշի հետ դառնում է կենաց-մահու կռիվ, քանի որ հակառակորդը արդեն իսկ քաջատեղյակ է, թե ում հետ է մենամարտում, ուստի ներդնում է ողջ ուժերը, որպեսզի դժվարացնի չեմպիոնի ուղին:

Արդեն տարիներ ի վեր Արթուր Ալեքսանյանի հետ մենամարտի դուրս ելնող յուրաքանչյուր ըմբիշ անկասկած այլ կերպ է տրամադրվում: Ըմբշամարտել սովորական մարզիկի հետ դա այլ բան է, իսկ մարտի բռնվել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակրի հետ բացարձակ այլ բան: Դառնալով աշխարհի եռակի չեմպիոն Արթուրը հաստատում է իր բարձր կարգը, ոչ միայն որպես ոսկե մեդալների հաղթող, այլև որպես հունա-հռոմեական ըմբշամարտի պատմության մեջ եղած մեծագույն դեմքերից մեկը: Եվ ինչ խոսք նման մարզիկ ունենալը փոքր երկրի համար դա բացառիկ հաջողություն է:

Սա մի առաջադիմություն է, որ պիտի օրինակ ծառայի նաև մյուսների համար, մանավանդ գալիք սերնդի այն ներկայացուցիչների, ովքեր ապրելով Հայաստանում առկա ծանր սոցիալական պայմաններում՝ միևնույնն է մնում են իրենց սպորտդպրոցներում, իրենց հարազատ քաղաքներում, անկախ ամեն ինչից շարունելով մարզվել՝ հավատամքով, որ հաջողություն երբեք իրենց չի շրջանցի և կատարված մեծ աշխատանքը ուշ թե շուտ կտա բարեբեր պտուղներ:

Արթուրի վերջին հաղթանակը կատարելապես վկայեց այն մասին, թե որքան մեծ պատասխանատվությամբ է մեր ըմբիշը շարունակում իր սքանչելի ճանապարհը, որքան հավաք է, խիստ նպատակաուղղված, լրջախոհ, կարողանում է իր ուսերից թոթափել հաջողության, ճանաչվածության շատ ժամանակ ավելորդ ու խանգարող բեռը: Սրանք կարևոր հանգամանքներ են, որոնք մի դեպքում ունակ էն տապալել յուրաքանչյուր իսկական մարզիկի, մյուս դեպքում էլ ավելի բարձրացնել նրան: Սա մեր սպիտակ արջի ոսկե պատմությունն է:

Զավեն Մխիթարյանը

Մեկնաբանություն
X