Մյունխենի կենտրոնում հիմա ոչ թե թագավորների, այլ հովվի, կովերի արձան է դրված

Հարցազրույց Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ

  • Պարոն Խաչատրյան, «Ելք» դաշինքը նախաձեռնել է Երեւանի փողոցների անվանափոխության հարցը, որն այս օրերին տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

  • Ինձ թվում է՝ շուտ է, որովհետեւ մեր ապագան դեռ պարզ չէ...

- Ի՞նչ առումով պարզ չէ։

  • Այսինքն՝ պարզ չէ, թե ուր ենք գնում։ Մենք գիտե՞նք, թե այսօր ինչ ենք կառուցում, ինչ ենք անում, դրա համար կարծում եմ, որ շուտ է։ Անվանակոչությունը սովորաբար բավականին ուշ են անում, շտապելու կարիք չկա, որովհետեւ ժամանակի ընթացքում շատ բան է ճշտվում։

- Իսկ ինչքա՞ն պետք է սպասել՝ 100 տարի, 200։

  • Չէ, ինչո՞ւ 100 տարի, հիմա 25 տարի անցել է, թող եւս մի այդքան անցնի։ Հիմա տեսեք՝ ես այսօր փողոց եմ կառուցել, որով դուք այսօր հմայվում եք, հետո գալիս են՝ անունը փոխում են։ Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ։

- Այս դեպքում կոնկրետ ասում են, որ ժամանակին Մոսկվայի ճնշման տակ են փողոցներն անվանակոչվել, եւ հիմա, օրինակ, չեն ուզում այլեւս Կասյանի անունով փողոց լինի։

  • Առանձնահատուկ դեպքեր, որ եղել են, դրանք հենց առաջին փուլում փոխեցին։ Իմ տարիքում մարդիկ մի քիչ պահպանողական են, հեղափոխական ժամանակներն անցել են, ուստի շտապելու կարիք չկա։

- Այսինքն՝ կարծում եք, որ այս հարցն այնքան էլ օրակարգային չէ։

  • Իհարկե, մենք այնքան խնդիրներ ունենք քաղաքում, այդ փողոցների անուննե՞րն են, որ մեզ խանգարում են։

- Ի դեպ, քաղաքային միջավայրը զբոսաշրջիկների համար բարելավելու նպատակով քաղաքապետարանը որոշում է կայացրել արգելել մուղամը Վերնիսաժում։ Ի՞նչ կասեք այս մասին։

  • Դա կախված է նրանից, թե Վերնիսաժին մենք ինչ ստատուս ենք տալիս։ Վերնիսաժն ինքը շատ հետաքրքիր ժողովրդական ստեղծագործություն է, բայց հիմա կամաց-կամաց վերածվում է «մոլի»։ Մեր ժողովուրդն այն դժվար տարիներին Վերնիսաժով ապրեց, եւ այդ մթնոլորտը պահելը շատ դժվար բան է, ինքը պետք է լինի այն, ինչ կա։ Եթե մենք կարգավորենք դա, կարող է ո՛չ Վերնիսաժ ունենանք, ո՛չ «մոլ», ո՛չ էլ ուրիշ բան։ Սա շատ նուրբ խնդիր է եւ կարգադրության հարց չէ։ Այնտեղ շատ սիրուն համուհոտ կա, որի հանդեպ պետք է շատ զգույշ լինել, որ չկորցնեն դա, որովհետեւ ինքնակամ ձեւավորված միջավայրերը շատ նուրբ են, եւ անգամ մարդկանց տեղը փոխելով՝ այնտեղ էլի բան է փոխվում։ Դու արդեն սովոր ես, որ այդտեղ 20 տարի մեկը կանգնած է, ումից գնում՝ բան ես առնում, բայց հանկարծ գնում ես ու տեսնում, որ այդտեղ չէ։ Դրա համար եմ ասում՝ Վերնիսաժը ժողովրդական ստեղծագործություններից մեկն է՝ քաղաքի կենտրոնում գոյացած, եթե դա, որպես այդպիսին, վերանա, շատ բան կկորի։ Կարող է ամեն ինչ, կարգուկանոն տեղը լինի, բայց այդ համուհոտը շատ կարեւոր բան է եւ չպետք է կորի։ Օրինակ՝ Եվրոպան ամեն ինչ ունի, բայց դա չունի, որը շատ վատ է, իսկ Արեւելքն ունի։ Մենք էլ այդ համուհոտը պետք է պահենք։

- Հիմա ի՞նչ եք կարծում՝ Վերնիսաժի համուհոտին այդ մուղամը խանգարո՞ւմ է։

  • Գիտեք, այդ մուղամը խորը արմատներ ունի, մենք անպայման ուզում ենք ասենք՝ մերը չէ, ճնշենք, հանենք-գցենք, բայց տեսնում ես, որ նորից պատուհանից մտնում է։ Պետք է դրա պատասխանը գտնենք, թե ինչու է այդպես։ Թե չէ, եթե դնում են, ուրեմն դրա լսողը կա, եթե լսողը կա, ուրեմն պետք է։ Երաժշտության այդ տեսակը, հագուստի, խոսակցական մի շարք ձեւեր կան, որ ինձ շատ անհարազատ են, բայց թե ոնց մտավ կյանք, ինչ արեց, դուք ինձնից լավ գիտեք։ Այդ արմատը մինչեւ չկտրվի, դեկորատիվ ձեւերով չեմ կարծում, որ կկարողանանք դրա հախից գալ։

- Նկատած կլինեք, վերջին շաբաթներին Հյուսիսային պողոտայի մի քանի շենքերի վրա եւս մեկ հարկ են ավելացնում, մինչդեռ այդ շենքերը նախագծվել են 8-9 հարկի հաշվարկով։ Սա առաջ չի՞ քաշում սեյսմավտանգության խնդիրներ, էլ չասենք դրանց էսթետիկ ընկալումների մասին։

  • Այսօր ում համար կառուցում են, գյուղացի մեկը չէ, որ խաբեն ու վաճառեն վրան։ Նա իր անվտանգության համար առաջին հերթին ամեն ինչ կանի, այսինքն՝ անվտանգության հարցն ավտոմատ դուրս է գալիս, հաշվարկային, կոնստրուկտիվ իմաստով չեմ կարծում, որ լուրջ խնդիրներ լինեն։ Իսկ կոմպոզիցիան չեմ տեսել, թե ինչ է դարձել, սկսել էին անել, տեսա, որ այն ծայրից անում են, հետեւից արեցին, հետո առաջ եկան։ Վերեւները շատ անկատար են, պետք է ինչ-որ կերպ գեղեցկացնեն, կանաչ տեսարաներ անեն, գուցե այդպես հետաքրքիր մի բան ստացվի, թե չէ շատ չոր է։

- Հարցը նաեւ այն է, թե որքանով է թույլատրելի նման բան անելը, երբ շենքն ի սկզբանե նախագծվել է 8-9 հարկի համար։ Եթե մի քանի տարին մեկ մի-մի հարկ ավելացնեն, այդպես մինչեւ ո՞ւր եւ ինչքա՞ն կարելի է շարունակել։

  • Մեր հաշվարկային պաշարները թույլ տալիս են նման բաներ, բայց թե որքան՝ դա չեմ կարող ասել, որակի մասին նույնպես ոչինչ չեմ կարող ասել, եւ դրա հիմնական բողոքողները պետք է լինեն բնակիչները, դա համատիրություն է, չէ՞։ Ի՞նչ իրավունք ունեն իրենց գլխին ով ինչ ուզի՝ անի։ Մի հատ փորձեք 5 հարկանի շենքի վրա մի բան անել, տեսեք՝ կթողնե՞ն, թե՞ ոչ։ Այնպես որ, օրենք կա դրա համար, եթե նրանք չեն բողոքում, իմ ու ձեր բողոքը կոմպոզիցիոն է, եւ ոչ մեկին դա չի հետաքրքրում։

- Մինչդեռ երբ շարքային քաղաքացին փորձի իր պատուհանը փոխել, կտուգանեն, թույլ չեն տա։

  • Բացի տուգանելը՝ թույլ չեն տա, որովհետեւ դա անելու համար բոլորի ստորագրությունը պետք է հավաքեն, բոլոր սեփականատերերը պետք է համաձայն լինեն, որ, ենթադրենք, իրենց տան տանիքում սա-սա արվի, որովհետեւ այդ տանիքն ընդհանուր է բոլորի համար։ Իսկ այս դեպքում, ինչ ասեմ, իրենց շենքն է, քաղաքն էլ արդեն դարձել է իրենցը, ինչ ուզում՝ անում են։

- Ի դեպ, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում՝ 2018 թ․ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում պետք է տեղադրվի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանը։ Հայտարարված մրցույթում, սակայն, ոչ մի նախագիծ չի հաղթել, մրցույթի ժամկետներն էլ երկարացվեցին, քանի որ Արամ Մանուկյանի արձանն անպայմանորեն որոշել են կանգնեցնել Երեւանում։

  • Գիտեք, դա կախված է մեր հասունությունից, մենք տնտեսական ֆորմացիայի այսօրվա նորի մեջ նորը մարսե՞լ ենք, հինը մոռացե՞լ ենք, կարծում եմ, որ հինը չենք մոռացել։ Ես Գերմանիայում էի՝ Մյունխեն քաղաքում, եւ ուշադիր նայում էի, այդպիսի արձաններ այնտեղ դրվել են 13-14-րդ դարերում։

- Ինչպիսի՞ արձաններ։

  • Թագավորների, նման հերոսների։ Հիմա Մյունխենի կենտրոնում դրված է հովվի, կովերի արձան, այսինքն՝ ավելի մարդկային, ավելի կյանքը ջերմացնող բաներ։ Իսկ մեր այս քաղաքականացված գարշելի մթնոլորտի մեջ իրենք ուզում են իրենց պատվանդանը դնեն, բայց սա կյանք չէ, որ մենք ապրում ենք, հեռուստացույց չես կարող միացնել, որովհետեւ այդ քաղաքական լուտանքը լցվում է վրադ։ Ընդամենը մի 20-25 տարի առաջ մեր կյանքն ինչքա՜ն խաղաղ էր, իսկ հիմա ինչ դարձավ այն, երբ այսքան քաղաքականացրին։ Նույն բանն էլ արեցին քաղաքաշինության մեջ։ Է՜, թող անեն, էլ մարդ չի մնա։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X