Գոնե քաղցրավենիք․․․

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության տեղեկատվությամբ Վրաստանի պատրիարքարանը քաղցրավենիք է ուղարկել հրշեջներին և փրկարարներին, ովքեր պայքարում են Բորժոմի ազգային պարկում բռնկված հրդեհի դեմ։ Իլյա երկրորդը հավատացյալներին կոչ է արել՝ աղոթել։

Ակամայից համեմատություն ես անցկացնում Խոսրովի արգելոցի հրդեհի ժամանակ մեր պահվածքի մասին։ Հիմա չասեք, թե բոլորս զբաղված էինք հրշեջներին գովաբանելով։ Շատերի ուշադրությունը մի բան վրա էր՝ ինչու՞ ենք օգնության խնդրել Ռուսաստանից և ինչու մենք ինքնաթիռ չունենք՝ դրանից բխող բոլոր հնարավոր արտահայտություններով։

Վրաստանն էլ օգնություն խնդրեց և․․․ մեզնից։ Հետո՞ ինչ․․․

Մեծագույն աղետների ժամանակ հրդեհ հանգցնելուց էլ ավելի զորեղ է լինում հոգևոր հոր խոսքը, կոչը, քայլը։ Կոնկրետ հարևան Վրաստանի դեպքում հաղորդում արվեց, թե ինչ էր Հոտին կոչ անում Իլյա երկրորդը և ինչ քայլեր էր ձեռնարկում՝ ընդհուպ մինչև բարձրաստիճան հոգևորականներին դեպքի վայր ուղարկելը։

Կուզեի իմանալ՝ մեր կաթողիկոսի կողմից հրշեջներին խրախուսելու որևէ փորձ արվե՞ց, ժողովրդին գոտեպնդող որևէ խոսք ասվե՞ց․․․ Հրշեջներին մի քաղցր բան տրվե՞ց․․․Գոնե քաղցրավենիք ուղարկվե՞ց․․․

Թող սա որպես քննադատություն չհնչի, այլ ընկալվի որպես ժողովրդին հասնող հուսալի ձեռքի ակնկալիք, որը միշտ ամենակարևոր, պատասխանատու պահին բացակայում է։

ՀԳ
Մենք էլ մեր կաթողիկոսից ենք օգնություն ակնկալում․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X