Վրանային կինոճամբարից մինչև վարպետության դասեր

Օգոստոսի 25-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը: «Ֆրեսկոն» կանցկացվի թե՛ Երեւանում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ՝ Երեւանի պուրակներում, ինչպես նաեւ մշակութային դահլիճներում բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր. «առանց տոմսի» ձեւաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը:

Փառատոնի վրանային կինոճամբարը նախատեսվում է Լոռու մարզի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վայրերում՝ Հաղպատի, Սանահինի, Հաղարծնի, Ախթալայի եւ Քոբայրի վանքերի տարածքում: Այս վայրերում մշակութային ճամբարի մասնակիցները, զբոսաշրջիկները համայնքի բնակիչների հետ միասին հնարավորություն կունենան դիտելու համաշխարհային կինոարվեստի այն ֆիլմերը, որոնք մերժում են էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում են մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն, ուղղված են ընտանեկան եւ, առհասարակ, հոգեւոր արժեքները վերականգնելուն:

Այս տարի «Ֆրեսկոյի» ֆիլմացանկում ներառված է 25 երկրից 42 նոր կինոժապավեն: Իսկ Հաղպատի հանրահայտ խոհարար Ա. Քեֆոյանը մասնակիցներին եւ հյուրերին կծանոթացնի «հայկական խոհանոցի ավանդական մշակույթին եւ բոլորի հետ միասին Հաղպատի բարիքներից կպատրաստի ագապե՝ սիրո ճաշ: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում նաեւ լուսանկարչության սիրահարներին․ մայրաքաղաքում եւ մարզային ճամբարում կլինեն լուսանկարչության վարպետության դասեր: Արդեն հայաստանցիների կողմից շատ սիրված իսրայելցի լուսանկարիչ Դ. Բրիկմանը եւ ճապոնացի լուսանկարիչ Հայատո Մացումոտոն կներկայացնեն սեփական երկրների մշակույթն ու ավանդույթները եւ կկիսվեն իրենց մասնագիտական հմտություններով:

Փառատոնն այս տարի ունի նաեւ հատուկ ծրագիր՝ «Հետադարձ հայացք» խորագրով, որտեղ կներկայացվեն հայ մտավորական, կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը: Իսկ ԱՄՆ-ից եւ Կանադայից ժամանած վավերագրական ֆիլմերի մասնագետներ Օդրի Էմերսոնը (ԱՄՆ) եւ Պասկալ Ժելինասը (Կանադա) վարպետության դասեր կտան հայ կինոարվեստի ներկայացուցիչների եւ կինոսերների համար: Արդեն ավանդույթ դարձած փառատոնի ամենամյա հազարավոր հուշանվերներն այս տարի եւս կպատրաստեն փառատոնի նվիրյալ կամավորները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների գլխավորությամբ: Փառատոնի բացմանն ընդառաջ օգոստոսի 23-ին եւ 24-ին Կարապի լճի տարածքում կցուցադրվեն «Ֆրեսկոյի» նախորդ տարիների լավագույն մրցանակակիր ֆիլմերը:

Մեկնաբանություն
X