Հըբը կյանքս իզո՞ւր անցավ

Նախօրեին «Ամերիկայի ձայնի» շնորհիվ տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունն իրարանցում առաջացրեց ակտիվ քաղաքական շրջանակներում։ Ոմանք Արցախի հարցի կարգավորման՝ Հոգլանդի բացահայտած ճանապարհային քարտեզում տեսան 1997-ի մերժված տարբերակի՝ փուլային կարգավորման կրկնությունը։ Իսկ իշխանական շրջանակներից շտապեցին հանգստացնել՝ ոչ մի նոր բան չի ասվել, դա տակտիկական քայլ է ԱՄՆ-ի կողմից, մեզ համար վտանգավոր որեւէ բան չկա այս «քարտեզում»։ Այդ հայտարարությունները եւ հատկապես արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը հիմնականում մի նպատակ ունեին՝ հոգեբանական ներշնչման մեթոդներ կիրառել, հանգստացնել հանրությանը, բայց, գուցե՝ նախապատրաստել ավելի վատին։ Սակայն միայն այն, որ լռելու մեծ սիրահար, պասիվության ռեկորդակիր Նալբանդյանը բարեհաճեց արտահայտվել՝ հարցազրույց տալ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ իշխանությունը տագնապած է։ Հանրային գիտակցության վրա ներազդման, հոգեբանական մանիպուլյացիաների որոշ մասնագետներ ավելի առաջ գնացին՝ դուք բան չեք հասկանում, իրավունք չունեք գնահատականներ տալու, ղարաբաղյան կարգավորման թեման քննարկելը «ձեր խելքի բանը չէ»։ Սա, ի դեպ, նոր երեւույթ է, երբ հանրությանն ուղղակի փորձում են արգելել կարծիք հայտնել արտաքին քաղաքական կամ բանակի թեմաներով, իմա՝ քննադատել, հայտարարելով, թե այդ թեմաները միայն հատուկենտ մտքի «գիգանտներին» են հասու, որոնք էլ մարդկանց ուղեղների լվացման կուրս են վերցրել։ Իսկ հանրության մտածող հատվածը երեկվանից ալեկոծված է՝ Հոգլանդի գաղտնազերծած կետերն ավելի վատն են, քան մինչ օրս եղածները։ Մարդիկ ուղղակի հարցնում էին՝ «հըբը կյանքս իզո՞ւր անցավ»․ մոտ 30 տարվա մեր մաքառումների արդյունքը սա՞ էր լինելու։

Մեկնաբանություն
X