Կարեն Կարապետյանն ավելորդ համարեց արտահանողների աջակցման խորհուրդը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստեղծած արտահանման աջակցման խորհուրդը դադարել է գոյությունը: Պաշտոնապես պատճառաբանվում է, որ այն կատարել է իր դերը: «Խորհուրդն ստեղծվել էր մեկ տարի ժամկետով, որի ավարտից հետո պետք է փակվեր»,- հայտնում են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից եւ հղում կատարում Կարեն Կարապետյանի մարտի 13-ին ստորագրած որոշմանը, որի համաձայն՝ արտահանման աջակցման խորհրդի ստեղծման մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվել: Մեր տեղեկություններով, սակայն, արտահանողներն այնքան հաճախ են դիմել նախարարություն, որ չինովնիկները, իրենց բանուգործը թողած, ամբողջ օրն ստիպված են եղել զբաղվել նրանց խնդիրներով: Ի վերջո, վարչապետը որոշել է ազատվել Հովիկ Աբրահամյանի ստեղծած մարմնից եւ արձակել այն:

Հիշեցնենք, որ արտահանման աջակցման խորհուրդն ստեղծվել էր 2016 թվականին: Այն գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը: Այդ ժամանակ նաեւ հաստատվել էին խորհրդի գործունեության գերակա ուղղությունները եւ գործիքակազմը, որոշվել էր, որ արտահանման աջակցման խորհուրդը նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը եւ տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին: Սահմանվել էր նաեւ, թե տեղական որ արտադրանքն առաջին հերթին աջակցության կարիք ունի: Որպես գերակա տեսակներ՝ սահմանվել էին գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները եւ ձկնամթերքը: Խորհուրդն օպերատիվ, վարչապետի մակարդակով արձագանքում էր արտահանողներին հուզող հարցերին: Նման մարմին կար նաեւ Տիգրան Սարգսյանի օրոք, իսկ Կարեն Կարապետյանը, փաստորեն, այն ավելորդ համարեց: Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը մասնակցել է խորհրդի աշխատանքներին։ Գտնում է, որ Տիգրան Սարգսյանից հետո այս մարմինն այլեւս չի աշխատել։ «Տիգրան Սարգսյանի ժամանակ այդ խորհրդում հետաքրքիր հարցեր էին քննարկվում։ Կային հստակ օրակարգ, ծրագիր, հատուկ հանձնաժողովներ էին ստեղծված, ամեն մեկն ուներ իր աշխատանքը։ Նրանից հետո ամենը հօդս ցնդեց։ Հովիկ Աբրահամյանը մի եզրափակիչ ժողով անցկացրեց, ու աշխատանքը դադարեց»,- ասում է նա։ Հիմա պե՞տք է նման մարմին գործարարներին՝ անձամբ վարչապետի առաջ հարցեր դնելու համար, թե՞ լավ է արել Կարեն Կարապետյանը, որ լուծարել է այդ խորհուրդը։ «Կարծում եմ՝ վարչապետը տեսել է, որ որեւէ հարցի լուծում չի տրվել, նույնիսկ ժողովներ չեն եղել վերջին տարում, եւ ավելորդ գլխացավանքից զերծ մնալու, ժամանակ վատնելուց խուսափելու համար փակել է։ Նա ծանոթ էլ չի եղել այս մարմնի աշխատանքին, ելնելով արդյունքներից՝ լուծարել է։ Կարծում եմ՝ խանգարեց այն, որ քաղաքական թիմի փոփոխություններ են լինում հաճախ, ու մեկը չի հասցնում ավարտել մյուսի սկսած աշխատանքը»,- մեկնաբանում է Արտահանողների միության նախագահը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X