Զլատանը վերադարձավ

Վերջին օրերին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ կրկին անգլիական Մանչեսթեր Յունայթեդ վերադառնալու լուրը պարզապես հեղեղեց ողջ համացանցը: Զլատանի երկրպագուները մարզական կայքերում, բլոգներում, ֆորումներում տասնյակ տեսաֆիլմեր, հարյուրավոր լուսանկարներ էին զետեղում, որոնց մեջ պատկերված էր իրենց սիրելի ֆուտբոլիստը: Ահա՝ Զլատանը մարզվելիս, Զլատանը ծանրաձող բարձրացնելիս, Զլատանը այկիդո անելիս, Զլատանը կատակելիս, Զլատանը իր տատուները ցուցադրելիս և այսպես շարունակ՝ անվերջ Զլատանը, անդադար Զլատանի շուրջ պտտվող թեմաները:

Աշխարհում ֆուտբոլային ողջ հանրույթի համար Զլատան Իբրահոմովիչը անկասկած ամեմածանրակշիռ հեղինակություններից մեկն է, անգամ նրանք, ովքեր այդքան էլ չեն հավանում Զլատանի խաղը, միևնույնն է մեծ հարգանք են տածում այս իրապես մեծ մարզիկի հանդեպ, ով վերստին ապշեցնում ու հիացնում է ոչ միայն իր անսպառ տաղանդով, այլև բարձր պրոֆեսիոնալ հատկություններով:

Զլատանը 35 տարեկան է, նրա տարիքում, անգամ լավագույն ֆուտբոլիստները անկում ապրելով՝ ավարտում են իրենց կարիերան, հեռանում կամ ԱՄՆ-ը կամ Չինաստան, կամ էլ առհասարակ միանգամից անցնում են ակտիվ մարզչական գործունեության: Իսկ անցած մրցաշրջանում ծանրագույն վնասվածք ստացած Զլատանը, որին արդեն դուրս էինք դրել պրոֆեսիոնալ ֆուտբոլից, որին արդեն դանդաղորեն մոռանում էինք՝ վերադառնում է՝ հայտարարելով, որ գալիս է ավարտելու կիսատ թողած գործը:

Միանշանակ ֆուտբոլի ողջ պատմության մեջ Զլատանը կմնա նաև, որպես ամենախարիզմատիկ մարզիկներից մեկը, մարդ, ով ունակ է ֆուտբոլը տոնի վերածել, ով կարողանում է լրատվամիջոցներին կախարդել իր անկանխատեսելի, անակնկալ, հումորով լեցուն հայտարարություններով, տարբեր հարցերի շուրջ զանազան մեկնաբանություններով նաև միայն իրեն հատուկ լրջախոհ, խստահայաց կեցվածքով:

Մանչեսթեր Յունայթեդը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը փայլուն է մեկնարկել երկու անընդմեջ հաղթանակ, 8 խփված գնդակ, անառիկ դարպաս, նաև նոր կարևոր ձեռքբերումներ՝ Ռոմելու Լուկակու, Նեմանյա Մատիչ, Լինդելյոֆ, որոնցից առաջին երկուսը՝ փայլուն խաղ են ցուցադրում: Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն փաստացի ձեռք էր բերվել, որպեսզի փոխարիներ հենց Զլատան Իբրահիմովիչին: Իհարկե Լուկակուի և Զլատանի խաղաոճերում թեպետ որոշակի նմանություններ կան, այդուհանդերձ նրանք բնույթով, մոտեցումներով և խաղային մտածողությամբ կարծում եմ բոլորովին տարբեր են: Եվ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է Ժոզե Մոուրինյոն օգտագործելու այս երկու զորեղ հարձակվողներին՝ օրինակ միասին խաղադաշտում, կամ արդյոք Զլատանը դուրս կգա միայն փոխարինման: Ինչպես ասում են ժամանակը ցույց կտա, համենայն դեպս Մանչեսթեր Յունայթեդին առջևում ինտենսիվ ու ծանր հանդիպումներ են սպասվում, թե Պրեմիեր լիգայում, և թե Չեմպիոնների լիգայում, ինչը նշանակում է նաև, որ ընթացքում կլինեն վնասվածքներ, հիմնական կազմում լուրջ վերափոխումներ: Այնպես որ մեծն Զլատանին մենք տեսնելու ենք այս ամենի բուն կիզակետում: Բացի այդ, երբ վերադառնում է Զլատանը այստեղ արդեն ապագայի կանխատեսումները, շատախոսությունները և զանազան մեկնաբանությունները ավելորդ են թվում: Պարզապես պետք է ամբողջովին վայելել նման ֆուտբոլիստի վերադարձը և վերջ:

Զավեն Մխիթարյանը

Մեկնաբանություն
X