Մտրակ եւ բլիթ

Երբ ամիսներ առաջ ՀՀ իշխանություններն առանձնակի փութաջանությամբ կրկին ձեռնամուխ եղան կոռուպցիայի դեմ պայքարին՝ օրենսդրական փոփոխություններ, «ազդարարի ինստիտուտ», կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հասկանալի էր, որ այդ ջանասիրությունն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը: Թե՝ տեսեք, պատրաստ ենք ուղղվել, ապաշխարել: Միջազգային պատվիրակությունների, դեսպանների հետ հանդիպումների ժամանակ «կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ջանքերը» արտահայտությունը կարմիր թելի պես սկսեց անցնել, օտարերկրացիները շոյում էին ՀՀ իշխանությունների գլուխը՝ գնահատելով «դաստիարակվելու» պատրաստակամությունը: Հերթական «գլուխշոյանքի» դրսեւորումը տեղի է ունեցել երեկ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ կառավարությունում հանդիպման ժամանակ: Անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին՝ դեսպանը նշել է. «Ես ջերմորեն ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարին եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին եւ խորացնել երկկողմ առեւտուրն ու ներդրումները։ Մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին»: Ասել է թե՝ դեսպանը դիվանագիտական լեզվով արձանագրել է, որ ՀՀ-ում գործարար միջավայրին խանգարող հանգամանքը կոռուպցիան է: Ռիչարդ Միլսն ընդգծել է նաեւ, որ իրենք նկատում են Պետական եկամուտների կոմիտեում դրական փոփոխությունները։ Այս գովեստի խոսքերը, հուսանք, կդրսեւորվեն 8 մլրդ․ դոլար ներդրման հարցում:

Մեկնաբանություն
X