Մամուլի տեսություն

«Հրապարակ». Էռնեկյանն անտերության է մատնել շենքը

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարական երկրորդ շենքը։ Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով։ Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարությունները տեղափոխվեցին, գրախանութները՝ նույնպես։ Վերջինը շենքից հեռացավ «Նոյյան տապան» գրատունը։ 2016-ի սեպտեմբերից շենքը, փաստորեն, դատարկ է, բայց նոր տերը չի շտապում շինարարություն սկսել։ «Տանգոն», ինչպես հայտնի է, փոքր գին չէ վճարել՝ 51 մլն․ դոլարից ավելի։ Նույնիսկ լուրեր են շրջում, որ Էռնեկյանը հրաժարվել է հյուրանոց կառուցելու մտադրությունից։ Լուրերի իսկությունն ընկերությունից ճշտել չհաջողվեց։ Տնօրենը Հայաստանում չէ։ Մեզ պատասխանեց գործարարին պատկանող «Հայփոստ» եւ «Զվարթնոց» ընկերությունների մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը եւ ասաց, որ որեւէ տեղեկություն չկա, թե Էռնեկյանը հրաժարվում է շենքից․ «Դա հնարավոր չէ, խոսքն ավարտված գործարքի մասին է։ Եթե շինարարություն սկսվի, անպայման կհայտնենք հանրությանը»։ Ի՞նչ պայմաններ էր դրել մեր կառավարությունն ընկերության առաջ։ Արդյո՞ք պայմանագրում նշված էր իրացման վերջնաժամկետ։ Պետգույքի կառավարման վարչությունից ասացին, որ չեն կարող բացահայտել բիզնես պայմանագրի մանրամասները, բայց․ «Գնորդը հայտարարել է հյուրանոց կառուցելու նպատակի մասին, գույքը նա ձեռք է բերել շուկայական գնով, եւ միակ պայմանը, որը դրվել է ձեռք բերողի առաջ, արտաքին տեսքի պահպանությունն է։ «Տանգո» ընկերությունը պարտավորագիր է տվել մշակույթի նախարարությանը, որ կպահպանի շենքի արտաքին տեսքը, քանի որ այն պատմամշակութային ժառանգություն է եւ հուշարձան։ Մնացածը ներդրողի գործն է։ Որեւէ ժամանակացույց կամ հատուկ պարտավորություն չունի»։ Ստացվում է, որ Էռնեկյանն անվերջ կարող է ձգձգել շենքի իրացումը կամ կողպել դռները եւ, ասենք, մի 20 տարով հեռանալ Հայաստանից, ու այս կառույցն աստիճանաբար կարժանանա «Սեւան» հյուրանոցի կամ ՀԱՄԽ-ի շենքի ճակատագրին։

Մեկնաբանություն
X