Տեսչական մարմինները չեն կտրել նախարարությունների «պորտալարը»

Կառավարությունը տեսչությունների վերակազմավորումն սկսել էր դեռ 2009 թվականին, բայց գործընթացի հիմնական մասն իրականացվեց վերջին ամիսներին։ Նորաստեղծ տեսչական մարմինները գործելու են սեպտեմբերից։ Իսկ հին կառույցների գործունեության վերջնաժամկետն օգոստոսի 21-ն էր։ Ըստ տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանի, այս պահի դրությամբ 3 տեսչական մարմին է ձեւավորված՝ շուկայի վերահսկողության, բնապահպանական եւ առողջապահական տեսչական մարմինները։ «Մյուսները ձեւավորման փուլում են։ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, մինչեւ 2018 թ. հունվարի 9-ը բոլոր տեսչական մարմինները պետք է ստեղծված լինեն։ Իսկ այս երեքն արդեն գործում են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առաջիկայում բուռն գործընթաց է սպասվում։

19 հաստիք կրճատվել է բննախում

Նոր տեսչական մարմինները թեեւ պատասխանատու են կառավարության առաջ եւ հներից անկախ են համարվում, բայց դեռ չեն կտրել նախարարություններից իրենց պորտալարը։ Ղեկավարներին առաջարկում են նախարարները, նրանք նույն նախարարությունների նախկին աշխատողներն են, ինչպես, ասենք, բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը։ «Այս մարմինը համարվում է բնապահպանության նախարարությանը»,- ասում է նա։ Բննախի տեսչական մարմնում մինչ օրս միայն պետն է նշանակվել։ Տերտերյանը նախկինում նույն նախարարության թափոնների եւ մթնոլորտի արտանետումների կառավարման գործակալության պետն էր։ Հարցին, թե որ գործն է իրեն ավելի հոգեհարազատ, ասաց․ «Կաշխատենք՝ կտեսնենք»։ Նա տեղեկացրեց, որ բնապահպանության տեսչությունն ուներ 214 հաստիք, իսկ տեսչական մարմինն ունենալու է 195։ «Բոլորին ուղարկել ենք քաղծառայության ռեզերվ, որոշ մասին, միգուցե, կներգրավենք աշխատանքներում, բայց, ամեն դեպքում, կրճատումների հարցը ցավոտ է»,- ասաց նա։ Հարցին, թե որն է նոր մարմնի ու նախկին տեսչության ամենաէական տարբերությունը, պատասխանեց․ «Կարծում եմ՝ սա ավելի կոմպակտ է լինելու»։ Այս տեսչությունը դեռ բավականաչափ չի կտրել «պորտը» նախարարությունից։ Եղիշե Տերտերյանի տեղակալների՝ Իգոր Սարգսյանի եւ Մարատ Բադալյանի թեկնածություններն օգոստոսի 21-ին ներկայացվել են վարչապետին, առայժմ հաստատված չեն։ Տեսչության պետը նախկինում 3, հիմա 2 տեղակալ ունի։

Այս տեսչականին դիմում են, երբ ուզում են գնված ապրանքը հետ տալ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ստեղծվել է նախկին էկոնոմիկայի նախարարության շուկայի տեսչության հենքի վրա, դեռ 2015-ին, երբ ընդունվեց «Ոչ պարենային արտադրանքի անվտանգության մասին» օրենքը։ Մոտ 2 տարի գործեց տեսչությունը եւ այժմ վերակազմավորվեց տեսչական մարմնի։ Պետի փոփոխություն տեսչական այս մարմնում չի եղել։ Այն կրկին ղեկավարում է Լեւոն Խալիկյանը, որը «ծագումով» մաքսային համակարգից է։ 2004-ին Սյունիքի մաքսատանը տեսուչ է աշխատել, 2009-ին մաքսանենգության դեմ պայքարի բաժնում էր, իսկ 2009-2010 թթ․ ֆիննախի լիցենզավորման վարչության պետն էր։ Ամենակարեւոր տարբերությունը նախկին տեսչության եւ նոր տեսչական մարմնի միջեւ հանրային իրազեկման կարեւորումն է համարվում։ Ստեղծվել է հասարակության հետ կապերի բաժին։ Դրա ղեկավարը՝ Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ շուկայի վերահսկողության ՏՄ-ն արդեն երկու մարզային հանդիպում է ունեցել՝ Գյումրիում ու Սյունիքում, երկրորդ եռամսյակում արդեն կատարել է ստուգումներ, ունեն արդյունքներ։ Առանձին ստորաբաժանում զբաղվում է քաղաքացիների բողոքներով։ «Հուլիսի 31-ի դրությամբ տարեսկզբից քաղաքացիներից ստացել ենք 113 հեռախոսազանգ, որից 23-ը վերաբերել են տեխնիկական կանոնակարգերի դրույթների պարզաբանմանը։ Զանգողներն ավելի գրագետ են դարձել, սերտիֆիկացման, մակնշման հետ կապված հստակ հարցեր են տալիս, 80 զանգ մեր լիազորություններից դուրս է եղել, 61 զանգողներն էլ ապրանքի որակից դժգոհ փոխանակման պահանջ են դրել»,- ասում է Լ․ Գալստյանը։ Նա նաեւ հայտնեց, որ տեսչությունն ունեցել է 43 աշխատող, նոր մարմնում 39 հաստիք է։

Առողջապահության տեսչությունում՝ «կադրային սպանդ»

Ամենամեծ կրճատումները տեղի են ունեցել առողջապահության տեսչությունում։ Այն ուռճացված կառուցվածք ուներ՝ 450 հոգանոց կոլեկտիվ, որից մնացել է մոտ 200 հոգի։ Տեսչությունն ստեղծվել էր 2013-ին, 4 տարի անց բարեփոխվում է։ Նորաստեղծ մարմնում կրկին միավորվել են ԱՆ եւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարությունների տեսչությունները։ Ղեկավարը Լեւոն Ալթունյանի նախկին օգնական, բանկային մասնագետ Գարուշ Հովհաննիսյանն է, որի մասին մենք գրել էինք, որ աշխատանքային ստաժը չի համապատասխանում պետ նշանակելու մասին օրենքով նախատեսված պահանջներին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X