Սիսիանի քաղաքապետի մարդիկ տաքսի ծառայության տնօրենի՞ են ծեծել

Սիսիանում նոյեմբերի 9-ին խոշորացված համայնքների ղեկավարի ընտրություն է լինելու։ Եվ որքան մոտենում է այդ օրը, այնքան քաղաքում թեժանում է մթնոլորտը։ Գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արթուր Սարգսյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ավետ Սարգսյանի եղբայրն է, թեկնածուներից մեկն է լինելու։ Նա քաղաքում մեծ թվով կողմնակիցներ ունի, որոնք պատմում են նրա սրտացավ գործերի մասին։ Քաղաքապետի թիմում կան նաեւ ագրեսիվ տրամադրված երիտասարդներ, որոնք փողոցներում պարբերաբար «դաստիարակչական» մարտեր են կազմակերպում Սարգսյանի հակառակորդների դեմ։

Օրեր առաջ գրել էինք, որ փողոցային մարտերից մեկի ժամանակ ավտովթար էր եղել։ Տուժել էր Սիսիանի երիտասարդ մի բնակիչ, բայց դեպքը չէր գրանցվել, իրավական հետեւանքներ չեղան։ Ասում են՝ Սիսիանի ոստիկանապետը քաղաքապետ Արթուր Սարգսյանի կնոջ եղբայրն է։ Հիմա էլ նոր ծեծուջարդի մասին են մեզ ահազանգել սիսիանցիները՝ խնդրելով անդրադառնալ դեպքին, քանի որ միայն մեր հրապարակումներից հետո են դրանք մի քիչ «սթափվում»։ Դեպքի վայրը Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակն է եղել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ «օրը ցերեկով քաղաքապետի թիմակից Սեւադա Հակոբջանյանի գլխավորությամբ, ում համարում են Սիսիանի ոստիկանության բաժին խոսք տանող-բերողներից, մոտ 7-8 հոգով ծեծի են ենթարկել գործարար Կամո Հայրապետյանին»: Վերջինս սեփական տաքսի ծառություն ունի: Հայրապետյանին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են տուն: Ի դեպ, Հայրապետյանների հետ կապված պատմությունն էր նաեւ պատճառը, որ ժամանակին աշխատանքից ազատվեց ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանը։

Սիսիանի մեր աղբյուրը նաեւ վկայում է, որ ոստիկանությունը տեղեկացված է կատարվածից։ Հազիվ թե տեղեկացված չլիներ, քանի որ ոստիկանության բաժինը Սիսակ Նահապետի հրապարակին մոտ է։ Բայց ոստիկանությունից մեզ պատասխանեցին, որ նման դեպք չի գրանցվել։ Հետագայում կողմերը «բարիշել» են, ինչը քաղաքապետ Արթուր Սարգսյանի գործելաոճն է՝ «մոռանալ տալ» կռիվների բացասական հետեւանքները։ Կամո Հայրապետյանի հետ մեզ նրա հարազատները հրաժարվեցին կապել։ «Ինձ հետ խոսելը բավական չէ՞»,- հեռախոսով մեզ ասաց նրա եղբայրը՝ Արմեն Հայրապետյանը։ Նա հերքեց, որ եղբոր հետ նման միջադեպ է տեղի ունեցել։ «Դուք երեւի Կամո Հայրապետյանին լավ չեք ճանաչում, ինքը քաղաքապետի հետ ընկեր է։ Նա էդ մակարդակի տղա չէ, որ իրեն ծեծեն, կռիվ անի։ Ես էդպիսի բան չեմ լսել։ Քաղաքապետի եղբայրն իմ ընկերն է, իմ դասընկերն է, նրանց հետ մեր հարաբերությունները շատ լավ են»։ Սակայն նրան ամենեւին չզարմացրեց ո՛չ մեր զանգը, ո՛չ իր եղբոր շուրջ պտտվող լուրերը։ Նույնիսկ չհարցրեց, թե ումից ենք ստացել նամակը, եւ սկսեց քաղաքապետ Արթուր Սարգսյանի գովքն անել․ «Ես Ձեզ հակառակը կարող եմ ասել՝ նա քաղաքականություն է տանում՝ «զրո պրոբլեմ բոլորի հետ»»,- ասաց նա Սիսիանի քաղաքապետի մասին։

- Բայց մարդիկ շարունակ բողոքում են, որ Արթուր Սարգսյանի օրոք քաղաքում միշտ կռիվներ են լինում։ «Ռազբիրատի» մթնոլորտ է ձեւավորվել քաղաքում։ Վերջերս էլ լսել էինք, որ կռվի ժամանակ մարդ էր ընկել մեքենայի տակ։

  • Քաղաք է, որտե՞ղ վթար չի լինում, որտե՞ղ կռիվ չի լինում։ Էսքան ժամանակ լսե՞լ եք, որ Սիսիանում մի տարաձայնություն լինի, որ մեկը ոստիկանություն ընկնի կամ հիվանդանոց ընկնի։ Սա խաղաղ քաղաք է։ Մարդու վրա ներազդման 100 մեթոդներ ունեն, ինչի՞ պետք է կռիվ անեն։

- Ոստիկանապետը, թե նրա տեղակալը քաղաքապետի կնոջ եղբայրը չէ՞։

  • Ոստիկանապետը երբ ոստիկանապետ էր, Արթուր Սարգսյանը դեռ մաքսատանն էր աշխատում։ Կարող է խնամիական հեռու կապ լինի, բայց ազգակցական չկա։ Ոստիկանապետն էլ պրոֆեսիոնալ տղա է։
    Քաղաքապետ Արթուր Սարգսյանը նույնպես կտրականապես հերքեց ծեծուջարդի դեպքը։

Մեր հարցերը նրան նույնպես չզարմացրին։ «Հիմա ընտրություններ են՝ նոյեմբերի 9-ին, դրանք բոլորը հերյուրանքներ են։ Ինձ հարցերը գրեք, ես գրավոր կպատասխանեմ։ Մարդիկ ուզում են պղտոր ջրում ձուկ բռնել։ Կամո Հայրապետյանն ինձ շատ հարազատ մարդ է, իմ պապան եղել է իր պապայի ընկերը, մենք էլ ընտանիքներով շատ մոտ ենք»։

ՀԳԳուցե իրոք քաղաքապետին զրպարտում են ընտրություններից առաջ։ Բայց ավելի հավանական է փոքրիկ քաղաքներում տարածված իրավիճակը, երբ համայնքի ղեկավարն ու նրա ազգ-բարեկամներն իրենց թույլ են տալիս ամեն ինչ՝ վստահ լինելով, որ կմարսեն, քանի որ իրենք «պարտիայի» անդամ են եւ մարզի բոլոր բարձր պաշտոնյաների հետ բարեկամական եւ փողային հարաբերություններ ունեն։ Իսկ հասարակ մարդիկ անօգնական են զգում իրենց համայնքի ղեկավարի ու նրա մարդկանց առաջ, եւ հույսները լրագրողական աղմուկն է, որը կարող է գոնե առժամանակ զսպել կալվածատերերի ախորժակը։ Ահա ինչու մեր լրագրողական պարտքն ենք համարում մեր ստացած անգամ հակասական տվյալները հայտնել ամբողջությամբ։ Ի դեպ, Սիսիանից ստացած լուրերն ստուգեցինք նաեւ «չորրորդ»՝ անկախ աղբյուրից, որը հաստատեց դրանք՝ ասելով․ «Այո, եղել է, բայց կողմերը լեզու են գտել իրար հետ»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X