«Վեոլիա Ջուրը» «Երևան ջրի» հետքերո՞վ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ինչպես արդեն հայտնի է, սկսել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայտի ուսումնասիրության գործընթացը։ Հնարավոր ջրի թանկացումը մեր հանրության մոտ բողոքի մեծ ալիք այդպես էլ չբարձրացրեց, քննարկումները թերևս ընթանում են «Ի՞նչ հիմնավորմամբ են բարձրացնում սակագինը» մակարդակի վրա, դաշտի փորձագետներն էլ դեռ չեն հասցրել ուսումնասիրել խնդիրը։ ՀԾԿՀ ներկայացուցիչ Գարիկ Բաղրամյանից հետաքրքրվեցինք, ի վերջո, «Վեոլիա Ջուրն» ի՞նչ հենքի վրա է ցանկանում բարձրացնել սակագները, նոր ծրագրե՞ր ունեն, թե՞ ներկայիս սակագիննն ուղղակի իրենց չի բավարարում։

«Ինչպես գիտեք, միջազգային մրցույթի արդյունքում իրենք հաղթող են ճանաչվել և իրենց ամբողջ ջրամատակարարման համակարգը, ամբողջ հինգ ընկերությունների, տրվել է վարձակալության 15 տարի ժամկետով: Վարձակալության պայմանագրին կից եղել է նաև իրենց լիցենզիան և լիցենզիային կից սակագնային համաձայնագիր, այսինքն՝ ինքը մրցույթին հաղթելու համար ներկայացրել է 15 տարվա բազիսային սակագները։ Եթե սակագնային համաձայնագիրը բացեք, կտեսնեք մինչև 15 տարի ինչ բազիսային սակագներ է ներկայացված։ Ինքը պատրաստ է այդ համակարգերն ընդունել վարձակալության և բնականաբար բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարել, եթե ունենա այս 15 տարիներին ամեն տարի բազիսային այդ սակագները».- նշում է Գարիկ Բաղրամյանը։ Նրա տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր տարի ընկերությունը կարող է ճշգրտել սակագները երեք հիմնական գործոնով՝ ջրամատակարարման ծավալ, սղաճ և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն. «Էլեկտրաէներգիայի սակագինը և սղաճը որևէ վեճ չի կարող առաջացնել, դա պաշտոնապես հրապարակված մեծություններ են։ Կարող է միայն տարաձայնություններ լինել ջրի ծավալի հետ կապված։ Նախատեսվում է այդ ծավալների մոնիթորինգ իրականացնել, և այդ ջրամատակարարման ծավալները հենց որոշեցինք՝ մեզ համար ընդունելի ծավալը որն է, մենք կարող ենք ասել, թե ինչքան կլինի մեծությունը»։

Ինչ մնում է սպառողների վճարած գումարներին, հերիքո՞ւմ են դրանք ընկերությանը, թե ոչ, Գարիկ Բաղրամյանը հղում է կատարում պայմանագրին. «Պայմանագիրը ստորագրելիս՝ ամեն ինչ դրված է եղել և՛ 15 տարվա բազիսային սակագները, և՛ բանաձևերը։ Եթե բանաձևերը նայեք, այնտեղ պարզ երևում է, որ բազիսային գինն այս երեք գործոնով է ճշգրտվելու է և շատ տեսանելի է, կարելի է հասկանալ, թե առաջիկա 15 տարվա ընթացում ինչ է լինելու»։

Արդեն բողոքում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը դեռ ընկերության ներկայացրած ամբողջական փաթեթին չի ծանոթացել, թե ինչ հիմքերով են բարձրացնում սակագները, սակայն արդեն հասցրել է բողոքներ ստանալ քաղաքացիներից. «Մարդկանցից դժգոհություններ ունենք սպասարկման մասով, մասնավորապես անջատումների հետ կապված, որոնց մասին տեղեկատուն չի ասել։ Բազմաթիվ քաղաքացիներ էլ դժգոհ են արդեն այսօր իսկ գործող սակագնից, ինչի հետ կապված մենք առաջիկայում ամբողջականցնելուց հետո հանդես կգանք հայտարարությամբ»։

Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեցինք, մեր կառավարության պատասխանատվությունը չի՞ տեսնում, թե նրանք ինչպիսի պայմաններ են առաջադրել մրցույթի հայտարարման ժամանակ. «Իհարկե։ Ավելին ասեմ, երբ «Երևան ջուրը» «հեռացավ» շուկայից, լրագրողների հարցերին, թե ինչպես եմ գնահատում, ուղղակի ժպտում էի։ Ինչու, որովհետև 14-15 թվականին, ես հանդես էի եկել հայտարարությամբ, որ մեխանիզմն այնպիսին է, որ «Երևան ջուրը» մինչև 16 թվական պարտավորություն է ստանձնել սպառողների առջև պայմանագրային հիմունքներով, բայց պետությունը չի վերահսկում «Երևան ջրի» պարտավորությունների կատարման ընթացքը, արագության տեսանկյունից։ Այնպես ընթանո՞ւմ է, որ 16 թ.-ին միանշանակ կարողանա բավարարել, թե՞ գալու է 16թ.-ը և մենք փաստենք, որ ընդամենը չապահովեց իր կողմից պարտավորությունները, որոնք ստանձնել էր։ Եվ գուշակել էի, որ ամենայն հավանականությամբ այդպես էլ չեն կատարելու իրենց առջև ստանձնած պարտավորությունները, հեռանալու են առանց որևէ պատասխանատվություն կրելու։ Բնականաբար, կանխագուշակումներն արդարացան։ Ցավոք սրտի, նույն պատկերն ունենք այսօր, «Վեոլիան» ևս ինդեքսավորված գործունեություն չի ծավալում։ Ընթացակարգային եթե մենք նայենք, «Վեոլիան» մի կողմից չի հանդիսանում իրավահաջորդ «Երևան ջրի», մյուս կողմից պարտքերի մասով վերցնում է, մյուս կողմից աշխատակիցները գրեթե նույնն են։ Այստեղ մենք միանշանակ տեսնում ենք, որ «Վեոլիա ջուրն» առնվազն, եթե չասեմ բարձր հովանու ներքո, առնվազն ոչ խիստ վերահսկողության ներքո է ծավալում իր գործունեությունը»։

Տեղեկացնենք, որ եթե ՀԾԿՀ-ը հաստատի ընկերության դիմումը, ապա ներկայումս 1 խ․մ ջրի դիմաց վճարվող 180 դրամը կդառնա 194․3 դրամ, կփոփոխվեն նաև խոշոր բաժանորդների համար սակագինը, նախկին 54 դրամի փոխարեն՝ 58․3 դրամ։

Մեկնաբանություն
X