«Մանչեսթեր Յունայթեդը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. Մխիթարյանը հերթական գոլային փոխանցումը գրանցեց (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տարավ իր 3-րդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ՝ «Լեսթերի» դեմ խաղում՝ 2:0 հաշվով:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ՝ 0:0: Երկրորդ խաղակեսում կարմիր սատանաները մեծացրին ճնշումը հակառակորդի դարպասին, իսկ 52-րդ րոպեին նաև 11 մետրանոց տուգանային հարվածի իրավունք ստացան, սակայն Լուկակու-Շմեյխել մենամարտում հաղթղ դուրս եկավ վերջինս՝ անհավանական ցատկով գնդակը հեռացնելով անկյունային:

Իր առավելությունը «ՄՅու»-ն գոլի վերածեց միայն 70-րդ րոպեին: Անկյունայինից Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ռեշվորդը:

74-րդ րոպեին Ժոզե Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն տվեց Հենրիխ Մխիթարյանին, ով հասցրել էր նաև դեղին քարտ վաստակել հակառակորդի ֆուտբոլիստին հետևից սահանկումով վայր գցելու համար:

Խաղավարտից 8 րոպե առաջ Մարուան Ֆելաինիին հաջողվեց Լինգարդի հարվածից հետո գնդակն ուղարկել Շմեյխելի դարպասը՝ 2:0:

«Յունայթեդը» 9 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Խաղի հետաքրքիր դրվագների և գոլերի տեսանյութը՝ ստորև:

Մեկնաբանություն
X