Իրավունք

Խնդիր էր դրված ինձ ձերբակալելու, ձերբակալեցին․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Այսօր մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացությունների համառոտ բովանդակությունը:

Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Դատավորի հարցին՝ իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, Սամվել Բաբայանն ասաց, որ չի կարող իրեն մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որն ինքը չի կատարել․«Ներկայացվածը ենթադրությունների տեքստ է։ Նշված ա, որ ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլի համար: Ես բացատրություններ ունեմ տված եւ կտամ: Դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են, խնդիր էր դրված ինձ ձերբակալելու, ձերբակալեցին։ Պահանջում եմ դատարանին ներկայացնել այն մարդուն, ով հանձնել ա «Իգլա»-ն։ Ո՞վ ա բերել, հանձնել: Էդ մարդկանց բերեք ստեղ: Մեղադրում են, ասում են՝ դու Վրաստանից զենք ես բերել»:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Իգլան ԱԱԾ-ին հանձնել է մեկ այլ գործով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X