Մտանք էդ գործի մեջ, չպիտի մտնեինք․ Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ (տեսանյութ)

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացությունների համառոտ բովանդակությունը:

Սույն գործով անցնում է 7 անձ, որոնցից 5-ը մեղադրվում է օժանդակելու մեջ։

Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը, Սամվել Բաբայանը, Անդրանիկ եւ Կարեն Քոչարյաններն իրենց առաջադրված մեղադրանքները չընդունեցին։ Ժորա Զաքարյանը հայտարարեց, որ մեղադրանքը մասնակի է ընդունում, դատավորի հարցին՝ ո՞ր մասն է ընդունում, Զաքարյանն ասաց. «Էն, որ մտանք էդ գործի մեջ, չպիտի մտնեինք, ուրիշ դիրքորոշում չունեմ» ։

Մյուս ամբաստանյալները առաջադրված մեղադրանքների հետ կապված դիրքորոշում չհայտնեցին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ եղբայրներ Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը եւ Դավիթ Հարությունյանը օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Ամբաստանյալներ Արմեն Պողոսյանին եւ Սանասար Գաբրիելայնին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Սանասար Գաբրիելյանն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա խոսքով՝ մեղադրողը մասնակի է կարդացել մեղադրական եզրակացությունը. «Պետք է այդտեղ նաեւ ավելացնել՝ երկնքից ընկավ երեք խնձոր»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X