Մեկ մարդու որոշում

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ասելիքը հանրությանը փոխանցում են տարբեր միջոցառումների ժամանակ։ Գրեթե ամեն տարի «Բազե» համահայկական ճամբար այցելելիս Սերժ Սարգսյանն ինչ-որ կարեւոր միտք է արտահայտում։ Այս անգամ նա անդրադարձել է Հոգլանդի վերջին հայտարարությանն ու Եվրամիության հետ աշնանը կնքվելիք համաձայնագրին։ Հոգլանդի մասով, բնականաբար, ասել է այն, ինչ մի քանի օր է՝ ասում են ՀՀԿ-ական տարբեր մակարդակի գործիչներն ու քաղաքագետները՝ նորություն չկա, ոչ մի վտանգ չենք տեսնում, հեռացող համանախագահի մտքի արգասիքն է, որից պետք չէ հուզվել։ Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա այդ կոնտեքստում անդրադարձել է նաեւ 2013-ին կատարված մեր ընտրությանը՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշմանը։ Բայց մի փոքր տարօրինակ մեկնաբանությամբ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ, «նախագահը նշել է, որ որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ 2013թ․ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են եւ պարզապես ծիծաղելի»: ««Մենք բանակցում էինք ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ, ե՛ւ Եվրամիության հետ, որովհետեւ ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- ասել է նախագահը»։ Կարծես թե շատ ժամանակ չի անցել 2013-ից, եւ համացանցն ուսումնասիրելով՝ դժվար չէ համոզվել, որ այդ երկար սպասված ու «բանակցված» որոշումից ընդամենը օրեր առաջ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի վարչապետը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ճիշտ հակառակն էին պնդում։ Այսինքն՝ եթե դա «մեկ գիշերվա» որոշում չէր, առնվազն, ուրեմն, «մեկ մարդու» որոշում էր։

Մեկնաբանություն
X