Հոր սիրտը չդիմացավ․․․

Մահացել է մեկը, ով այդպես էլ չիմացավ, թե ինչու Բանակում սպանեցին իր տղային։

Սուրեն Օհանջանյան։

2007 թվականից հայր ու մայր պայքարում են Իրենց տղայի՝ Տիգրան Օհանջանյանի սպանության հանգամանքների բացահայտմամբ։ Պետական բոլոր ատյանների դռները բախել են, առ այսօր բոլորիս ականջներում նրանց ձայնն է՝ ու՞ր է մեր տղան, ո՞վ է սպանել նրան։ Հոր բաց նամակները՝ ուղղված Հանրապետության պատասխանատուներին սիրտ է խոցում․

«2007թ. Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված 28418 զին զորամասում գազանաբար սպանել են որդուս՝ կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանին: Մինչ օրս ունենք գերեզման, չունենք մահվան պատճառ: Որդուս՝ մահը զորամասում պետք է մտահոգեր պետական այրերին և մահվան հանգամանքների բացահայտումը պետք է հանդիսանար պետական գործընթացի բաղկացուցիչ մասը: Սակայն տեղի ունեցավ հակառակը՝մինչ մենք մեր ողբերգության հետ էինք, նախաքննական մարմինը՝ հանձինս գործով քննիչ, դատախազ Գնել Մանուկյանի, զբաղված էր ապացույցները կեղծելով և ոչնչացնելով: Դրա արդյունքում արդեն վեց տարի է տարբեր դռներ ենք թակում՝ պարզելու ընդամենը մեկ հարց. ով և ինչու սպանեց իմ տղային, ինչու են զինվորների հետ հաշվեհարդար սկսել, որը ամենօրյա ողբերգություն է դարձել բանակում․․․»։

Տիգրանի ծնողները՝ Գոհար Սարգսյանն ու Սուրեն Օհանջանյանը, արդեն յոթ տարի պայքարում են, որպեսզի պարզեն իրականությունը:

Ինչպես մայրն է ասում․ «Տիգրան Օհանջանյանի գործով ոչ ոք դեռ չի պատժվել, տղայիս մահվան պաշտոնական վարկածը եղել է էլեկտրահարումը․․․»

Մարդկային սիրտը ցավի հաղթահարման չափ ունի։ Երբ ցավին գումարվում է անզորությունը․․․ սիրտը կանգնում է։

Հիշեցնենք, որ Տիգրան Օհանջանյանի սպանությունը մինչև օրս բացահայտված չէ, ծնողները շարունակում են բախել բոլոր իրավական դռները, պահանջել բացատրություն, փորձել սեփական հետաքննությունն իրականացնել: Տիգրան Օհանջանյանի ծնողները մահվան լուրը լսելուն պես Ռուսաստանից վերադարձել են Հայաստան, դիահերձման ժամանակ հայրը ստիպել է, որ թույլատրեն լուսանկարահանել տղայի դին:

Հոր սիրտը չդիմացավ․․․

Մայրը կպայքարի մենակ․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X