«Նաիրիտի» հրդեհն «անտերության» հետևանք է

Երեկ ամբողջ օրը քաղաքի վրա ծուխն էր թագավորում։ «Նաիրիտ-1»-ում հրդեհ էր։ Հրդեհի մասին ահազանգն ստացվել է 13:10-ին։ Մարդիկ պայթյունի ձայն են լսել։ Այն եկել է լաքեթինոլի պահեստների կողմից։ Լաքեթինոլը դյուրավառ արտադրական թափոն է, որը պահվում է մեկուսացված տարաներով։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ժամը 14:00-ի կողմերը հրդեհը մեկուսացված է եղել, կրակի տարածման վտանգը՝ չեզոքացված։ Օրվա վերջում առողջապահության նախարարությունը զավեշտի աստիճան «մխիթարական» լուր հայտնեց, թե ծուխը գնում է դեպի Թուրքիա։ «ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի տվյալներով՝ ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արեւելքից դեպի հարավ-արեւմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք»։ Բայց համացանցում տարածվող տեսանյութերից պարզ երեւում էր, որ ծուխը պատել է Երեւանը։ Շենգավիթ թաղամասից քամին այն հասցնում էր Նոր Նորք եւ Ավան։ Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվող լաքեթինոլ նյութն առողջության համար վտանգ չի ներկայացնում, իսկ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջները բուժօգնություն են ստանում եւ օրվա վերջում դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այնուամենայնիվ, նախարարությունից խորհուրդ են տալիս փակել դռներն ու պատուհանները։

Ողջ օրը քաղաքում լուրեր էին տարածվում, թե «Նաիրիտի» հրդեհը պատահականություն չէ, որ գործարանը դիտավորյալ են այրել՝ այն ներդրողի համար անհրապույր դարձնելու ու այս խնդրի շահարկումներից վերջնականապես ազատվելու համար։ Մենք հարցրինք գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանին, որը նաեւ «Նաիրիտի» համակարգող խմբի անդամ է, թե արդյոք նա ե՞ւս կարծում է, որ հրդեհը «միտումնավոր» է հրահրված, ոչ պատահական։ «Իմ կարծիքով՝ անփութության պատճառ է: Աշխատող չկա, հետեւող չկա: Ոչ ոք պատասխան չի տալիս ոչ մի բանի համար: Իրենց նպատակը՝ ինչքան կարելի է արագ ամեն ինչ լոմի տակ ծախեն: Լավ գիտեն՝ եթե ներդրողները եկան, էլ ոչ մի բան չեն կարող վաճառել»։ Կարեն Իսրայելյանը հիշեցրեց, որ «Նաիրիտում» երկու անգամ պայթյուն է եղել՝ 2009 եւ 2006 թվականներին։ «Առաջին անգամ թափոնների հեռացման կոյուղագիծն էր պայթել, իսկ 2009-ին քլորոպրենի արտադրամասն այրվեց, չորս մարդ մահացավ։ Նախկինում եղել է նորից, որ պահեստում հրդեհ է բռնկվել։ Պահեստում լաքեթինոլի տարաներ կան։ Այդ նյութը թթվածնի հետ շփվելուց, երբ օդի ջերմաստիճանը բարձր է, այրվում է: Մենք տեխնոլոգիական փոփոխություն արեցինք։ 2006-ին խողովակով ազոտ միացրինք լաքեթինոլի պահպանման տարաներին, որպեսզի օդի հետ լաքեթինոլի շփում չլինի, արհեստական ազոտի պարկ ստեղծեցիք՝ թթվածնի հետ կապը վերացնելու համար։ Իսկ այսօր, ըստ տեղեկությունների, այրվում է բաց տարաների մեջ պահպանվող լաքեթինոլը: Այդ տարաներում էլ ժամանակին լցվում էր աղաջուր՝ հրկիզումը կանխելու համար։ Նույնիսկ ջուր երեւի չի եղել, գոլորշացել է, ու նյութը վառվել է։ Բայց այն վնասակար չէ։ Ոչ մի վնաս չկա», - հայտնեց գործարանի նախկին տնօրենը։

ՀԳ«Նաիրիտ»-ի ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանն ասում է, որ գործարանում մի քանի հարյուր տոննա այդ նյութից կա. «Մեր մասնագետներից իմացա, որ սա այն նյութն է, որ հանգցնել չեն կարող, ինքը պիտի այրվի էնքան, մինչեւ վերջանա։ Ուղղակի կողքից մեկուսացրել են, որ հրդեհը չշարունակվի»։ Կաուչուկի արտադրությունում լաբորատորիայի նախկին վարիչ Սեդա Մատինյանն էլ ասաց, որ լաքեթինոլը պարունակում է ածխածին, ջրածին եւ թթվածին, եւ ոչ մի ռադիոակտիվ էլեմենտ չկա. «Ոչ մի վտանգավոր բան չկա, այրման վերջնական արդյունքն ածխաթթու գազն ու ջուրն են։ Այնտեղ եթե թերի այրում լինի, ապա կարող է շմոլ գազ լինի, վտանգավորը ծխի ամպն է, ամպը կարող է խեղդել, եթե մոտիկ բնակվող մարդ լինի։ Թե չէ թունավոր նյութեր չկան․․․ Ես չեմ կարող ասել՝ վերջին օրերին բարձր ջերմաստիճանի արդյունքն է, թե մետաղահատում են արել՝ դրա հետեւանքն է։ Եթե ամպը շատ վերեւից գնա-տարածվի, ոչ մի վտանգավորություն չկա ժողովրդի համար։ Դա հիմնականում օճառաջրով պիտի հանգցնեն, բայց ես չգիտեմ՝ հրդեհը հանգցնողներն ունե՞ն օճառաջուր, թե՞ միայն ջուր է։ Օճառով թթվածինը կրակից պիտի անջատվի, եթե օճառ եղավ, կհանգցնեն, եթե ոչ՝ պիտի այրվի-վերջանա»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X