Նաիրիտի աղետը

Նաիրիտ գործարանում բռնկված երեկվա մեծ հրդեհը, դրա մեկուսացման ողջ գործընթացը, ապա պատճառների բացահայտումը, վնասի չափը, օդի մեջ արտանետվող ծխաքուլայի բաղադրությունը, վտանգավորության աստիճանը, հաջորդիվ նոր հրդեհավտանգ իրավիճակների հավանականությունը, ահա սրանք հույժ կարևոր հարցեր են, որոնց պատասխանները չպետք է ուշանան: Ինչպես գիտենք առավելապես վերջին շրջանում Նաիրիտը հայտնվել է կոլապլսի մեջ, տարիներ ի վեր գործարանի աշխատակիցները չեն վարձատրվել, հինգշաբթի օրերին բողոքի ցույցեր են կազմակերպել, հայտարարել են, թե գործարանի գույքը թալանվել է, մտահոգություն և տագնապ հայտնելով, որ ղեկավար մարմինները Նաիրիտին միտումնավոր տանում են դեպի սնանկացում, իսկ աուդիտ անցկացնելու առաջարկներն ու պահանջները առժամանակ անտեսվում են:

Նաիրիտի «ներքին պայթյունավտանգ հրդեհը», ասենք աղետը, փաստացի միշտ էլ առկա է եղել՝ սպասելով իր ընդլայնման և զարգացման նոր հնարավորություններին: Շուտով, եթե այս դեպքով քրեական գործ հարուցվի նախաքննությունից հետո համապատասխան մարմիններն պայթյունի և բռնկված մեծ հրդեհի պատճառները «բացահայտելով»՝ պարզաբանումներ կտան հանրույթին և գուցե Կառավարությունն էլ իր հերթին որոշի այսքանից հետո աուդիտ անցկացնել՝ վերջապես ամբողջովին սնանկ ճանաչելով բազմաչարչար գործարանը:

Երեկ ԱԻՆ-ը տեղեկացնում էր, որ բնավ անհանգստանալու կարիք չկար, որ կրակից պոկվող արտանետումները, սև, թանձր ծխաքաշերտը թունավոր չեն, մինչդեռ քիչ ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս՝ «Հրդեհի հարակից տարածքների բնակիչներին, որտեղ զգացվում են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները։ Առավել խոցելի են երեխաները, հղի կանայք, ծերերը և շնչառական հիվանդություններ (մասնավորապես՝ ասթմա, բրոնխիտ, սիրտթոքային անբավարարություն) ունեցողները։ Նշյալ հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ է տրվում բաց չթողնել իրենց առօրյա դեղորայքի ընդունումը, խստագույնս հետևել բժշկի նշանակումներին, իսկ հիվանդության սրացման ախտանիշների դեպքում՝ անհապաղ դիմել բժշկի»:

Եթե ԱԻՆ-ի հայտարարությունը պարզապես հանգստացուցիչ էր, մարդկանց ավելորդ խուճապից զերծ պահելու բավականին տկար միջոց, ապա ՀՀ առողջապահության նախարարության զգուշացումը գոնե տրամաբանական էր այնքանով, որ իրատեսությունից և որոշակի գիտելիքից էր բխում: Երևանի բնակիչներին խուճապից նաև դրան հետևած բազմաձև երեսանց ու ծայրահեղական ասեկոսեներից զերծ պահելու համար առնվազն բարձր ատյաններից սահմանվող լրջություն էր պետք, ինչպես ասում են՝ ճիշտ տեղին ու ժամանակին դատողական ու տեղեկատվական համահավաք մի հայտարարություն: Քիմիական մեծ գործարանում բռնկված հրդեհի արտանետումներից ծխապատված քաղաքնակի հանդեպ անհարգալից ծաղր է նրան՝ զորօրինակ կենցաղային ու ավելի շատ փողոցային մակարդակի ինֆորմատիվ հաբերով խաղաղեցնելը, այն էլ այն դեպքում, երբ այդ կիսախարխուլ քիմիական գործարանը խիստ վերահսկողության տակ չէ, իսկ նրանում առկա քիմիական նյութերի վիճակի մասին, որևէ հստակ տեղեկատվություն այդպես էլ չի տրվում:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X