Տրամադրվենք, որ հաղթենք

Վերջերս շատ են քննարկում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը: Պետք է նշեմ, որ վերջին խաղերը մեր հավաքականն անցկացրել է բավականին բարձր մակարդակով, բոլորը քննադատում են Սարգիս Հովսեփյանին, բայց գլխավորը մոռանում են, որ այդ խաղերի ժամանակ դատավորները թույլ են տվել կոպիտ սխալներ, որոնց պատճառով էլ մեր թիմը պարտվել է։ Այդպիսի սխալ է թույլ տվել նաեւ Ալբանիա-Հայաստան խաղի դատավորը, որին ուղղակի խաղադաշտում ալբանացի ֆուտբոլիստը կաշառեց։ Դրա համար բավական է ուշադիր դիտել այդ էպիզոդը, երբ ալբանացի ֆուտբոլիստը եռանդով ինչ-որ բան էր քննարկում դատավորի հետ, որից հետո դատավորը դարձավ Ալբանիայի հավաքականի 12-րդ խաղացողը:

Թե՛ Մինասյանը, թե՛ Շալանդը, թե՛ Հովսեփյանը լավ են դրսեւորել իրենց, բայց նրանց պետք է օգնել կազմակերպչական հարցերում․

1. Պետք է պայմանավորվել դատավորների հետ, որ նրանք արդարացի լինեն խաղի ժամանակ․ սա ամենակարեւոր գործոնն է:

2. Պետք է ուշադրություն դարձնել խաղացողների սննդին, որը պետք է պատրաստեն հայ խոհարարները՝ օգտագործելով հայկական մթերքներ, մթերքների մեջ անպայման պետք է լինեն ընկույզ, գետնանուշ եւ սրանց մյուս տարատեսակները:

3. Խաղացողները (ընդհանրապես՝ հայ սպորտսմենները) պետք է մրցումներից մեկ ամիս առաջ խուսափեն սեռական կապերից․ սա շատ կարեւոր գործոն է, պետք է րոպեական հաճույքները զոհել հանուն հայրենիքի:

4. Չէր խանգարի, որ Սարգիս Հովսեփյանը որպես խորհրդատու վերցներ լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովին:

5. Մտքում թե՛ ֆուտբոլիստները, թե՛ ֆուտբոլասերները պետք է համոզված լինեն, որ թիմը հաղթելու է, ու այդ մասին հավատքով խնդրեն մեր ամենազոր Աստծուն:
Իսկ ինչ վերաբերում է Մխիթարյանի ելույթին, թե Հայաստանում ընդամենը 2,5 միլիոն հայ է ապրում, եւ հայերի թիվն էլ աշխարհում ընդամենը 8,5 միլիոն է, որի պատճառով մեր թիմը չի կարողանում հաղթանակներ տանել, ապա ես նրա հետ համաձայն չեմ:
Նախ՝ հիշենք 1973 թվականը, երբ Հայաստանն ուներ ընդամենը 3 միլիոն բնակչություն, բայց դա չխանգարեց, որպեսզի «Արարատն» այդ տարի դառնար ՍՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Այդ ժամանակ ՍՍՀՄ-ն ուներ մոտ 250 միլիոն բնակչություն:
Հարգելի Հենո, այժմ Եվրոպան ունի 500 միլիոն բնակչություն, ի՞նչն է խանգարում մեզ, որ մենք գոնե 2-րդ տեղը չգրավենք Եվրոպայի առաջնությունում: Հաղթանակի համար երբեք չպետք է կասկածես, որ հաղթելու ես, ինչքան էլ հակառակորդն ուժեղ լինի: Պետք է թիմը գործի մեկ մարդու պես եւ համոզված լինի, որ հաղթելու է, ու Աստծո օգնությամբ ամպայման կհաղթի։ Իհարկե՝ պետք է կատարվեն անհրաժեշտ մարզումներ ու աշխատանք, եւ իրագործվեն վերոհիշյալ կետերը:

Բացի այդ, հարգելի Հենո, բնակչության թիվը նշանակություն չունի հակառակորդին հաղթելու հարցում, ինչպես նշանակություն չունի թշնամուն հաղթելու գործում։ Օրինակ՝ բարձր գիտելիք ունեցող 10 հազար փորձառու զինվորականները եթե զինված լինեն ամենակատարյալ զենքով, կարող են մի քանի ժամվա ընթացքում ջախջախել Ադրբեջանին, Թուրքիային… եւ անգամ Պակիստանին:

Հարգելի Հենո եւ հարգելի հայ ֆուտբոլասերներ, մենք բոլորս պետք է տրամադրվենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2018-ին դառնալու է աշխարհի չեմպիոն: Իհարկե, չի խանգարի, որ Ձեր պես մի երկու ֆուտբոլիստ ավել ունենանք, բայց եթե չունենանք, Դուք եւ մյուս մեր ֆուտբոլիստներն էլ են բավական այդ նպատակին հասնելու համար, եթե գործերով, մտքերով Դուք եւ մենք բոլորս միասնական լինենք:
Եվ տա Աստված, որ մենք՝ բոլոր հայերս, միշտ մեկ մարդու պես գործենք հայրենիքի համբավն ու հզորությունը բարձրացնելու հարցում:

Կյուգ

Մեկնաբանություն
X