Վերջը լավ ա լինելու․ Արայիկ Խանդոյան (տեսանյութ)

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռերի» 14 անդամների գործով դատական նիստը։

Նիստին չէին ներկայացել ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, քանի որ նրանք նախորդ դատական նիստին հեռացվել էին նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։

Նիստը սկսվելուն պես ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ իր փաստաբանները ներկա չեն դատական նիստին։

Տեղից Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, ասաց․ «Ու հետո, ընկեր Կասյան, ուզում եմ ասեմ, որ էս դատական նիստերը պետք է լինեն....»։

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընդհատեց Խանդոյանին՝ նշելով, որ այս անգամ նրա նկատմամբ սանկցիա է կիրառում նախազգուշացում, հաջորդ անգամ՝ առանց թույլտվության խոսելու համար սանկցիա կկիրառի․ «Ես բոլորիդ ասեցի՝ խնդրում եմ հարգենք իրար, պահպանեք լռություն, կարողանանք դատական նիստը առաջ տանենք։ Եթե ամեն մեկը տեղից ռեպլիկ կամ ինչ-որ արտահայտություն անի, ի՞նչ ա լինելու վերջը»։

Արայիկ Խանդոյանն էլ հակադարձեց՝ վերջը լավ ա լինելու։

Դատավորը, առանց քննարկելու միջնորդությունը, նիստը շարունակեց, ավելի ուշ արդեն դատական սանկցիա կիրառեց Եղիազարյանի նկատմամբ եւ հեռացրեց դահլիճից՝ «ծիծաղելու համար»:

Նշենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X