Հանրային պաշտպանը չի պաշտպանի «Սասնա ծռերին», բայց նիստերին ներկա կգտնվի (տեսանյութ)

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռերի» 14 անդամների գործով դատական նիստը։

Նիստին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խնդրեց նիստերի դահլիճ բերել ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին եւ Սմբատ Բարսեղյանին, որպեսզի նրանց դիրքորոշումը լսի հանրային պաշտպան ներգրավելու հարցի հետ կապված։ Նշենք, որ երկու ամբաստանյալները նախորդ դատական նիստերին հեռացվել էին դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։

Չնայած Բարսեղյանն ու Կյուրեղյանը հստակ հայտարարեցին, որ հրաժարվում են հանրային պաշտպանից, սակայն Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց երկրորդ հանրային պաշտպան ներգրավվել Գարեգին Մարգարյանին: Նշենք, որ ամբաստանյալ Արմեն Բիլյանի դեպքում հանրային պաշտպան չներգրավեց դատավորը, իսկ մյուս երկուսի դեպքում՝ ներգրավեց երկրորդ պաշտպանին:

Գործով փաստաբանները հարց բարձրացրին՝ ինչո՞ւ է որոշում կայացվել նույն ամբաստանյալի համար ներգրավվել երկրորդ հանրային պաշտպան, Արտուշ Գաբրիելյանը պատասխանեց. «Հաշվի առնելով Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի գործի բարդությունը՝ Հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է երկրորդ հանրային պաշտպանին ներգրավվել: Բացի դրանից, Արմինե Ֆանյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հնարարվոր է չկարողանա մասնակցել նիստերին»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հակադարձեց նախագահող դատավորին․ «Հարգելի դատարան, Ձեր լիազորությունը մի տվեք ուրիշներին։ Հանրային պաշտպանի գրասենյակն ի՞նչ իրավունք ունի դատարանի փոխարեն նման որոշում կայացնել»:

Անկախ փաստաբանների հարցերից՝ դատավորը շարունակեց վարել նիստը։

Հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը հայտարարեց, որ ինքը պաշտպանություն իրականացնել չի կարող, քանի որ չունի ամբաստանյալների համաձայնությունը, սակայն նիստերին պարտադիր կներկայանա, որովհետեւ կա դատարանի որոշում: Արտուշ Գաբրիելյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց հանրային պաշտպանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 6-ին։

Նշենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X