Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին «զադնի» է դնում

Ամառային արձակուրդներից ու մեկամսյա դադարից հետո վաղը «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է հրավիրվելու, որը վարելու է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Շարքային կուսակցականների շրջանում հակասական տեղեկություններ են պտտվում այդ նիստի օրակարգի եւ, առհասարակ՝ կուսակցության ապագա պլանների վերաբերյալ։ Ոմանք մեզ հետ զրույցում վստահեցնում էին, թե վաղվա նիստով ազդարարվելու է քաղաքական թեժ աշնան մեկնարկը, եւ «Ժառանգությունն» ակտիվ գործընթացներ է ծավալելու ընդդիմության համախմբման ու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարը խափանելու համար, իսկ ոմանք վստահեցնում էին, որ հերթական նիսնտ է տեղի ունենալու, ավելին՝ կուսակցությունը նախաձեռնողականություն չի դրսեւորելու։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին տեղի ունեցած «Ժառանգության» համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել էր նշված հարցերի մասին, հետո նրա կուսակիցները տարբեր առիթներով հայտարարում էին, թե Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանն ակտիվ հանդիպումներ են ունենում ընդդիմադիրների հետ՝ ընդդիմադիր դաշտը խոշորացնելու իրենց գաղափարն իրագործելու համար։ Սակայն ամառվա ամիսներին չգտնվեց եւ ոչ մի ընդդիմադիր ուժ, որը կհաստատեր նման հանդիպումների մասին լուրը, ընդդիմադիր ուժի հերթական նախաձեռնությունը ծաղրի առարկա դարձավ այն համատեքստում, որ որեւէ հանդիպում չի եղել, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները ներկայանում են ընդդիմությունը համախմբողի դերում։ Երեկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նման հանդիպումներ տեղի չեն ունենում, մի քանի հանդիպում է եղել հուլիսին, որից հետո իրենք կասեցրել են։

«Մի քանի այդպիսի հանդիպում եղավ, եւ դադարեցրինք։ Պարոն Հովհաննիսյանն ասել է, որ մենք չենք նախաձեռնի, եթե կլինեն նախաձեռնողներ կամ արձագանքողներ, սիրով կկազմակերպենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Դիտարկմանը, թե գուցե «Ժառանգության» ղեկավարության «զադնին» պայմանավորված է այն հանգամանքով, որ գործընկեր ուժերը բացասակա՞ն են պատասխանել իրենց առաջարկին, Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց․ «Հակառակը»։ «Ում հետ որ հանդիպել ենք, շատ նորմալ էր»,- ավելացրեց նա։ Իսկ թե որ ուժերի հետ են հանդիպել, չցանկացավ բացահայտել։ Հետ կանգնելու պատճառն էլ իրենց հասցեին քննադատություններն են եղել, թե, իբր, այդ ամենն օգտագործվում է կուսակցության PR-ի եւ նման այլ նպատակների վրա։

Նկատեցինք՝ մինչդեռ կուսակցության շարքերում վստահ են, որ սեպտեմբերին ակտիվ շրջան եք թեւակոխելու։ «Ժամից ես եմ գալիս, տերողորմյան ուրիշներն են ասում»,- ժողովրդական ասացվածքով պատասխանեց կուսակցության փոխնախագահը։ Նա միաժամանակ չբացառեց ակտիվ գործողությունների հնարավորությունը, եթե, իհարկե, ընդդիմադիր գործընկերներն ակտիվություն ցուցաբերեն։ Հիշեցրինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էր առաջինը խոստանում խափանել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը։ «Այո, այո, եթե մեր գործընկերներն ակտիվանան, մենք պատրաստ ենք միանալու, անելու, բայց մենք ինքներս չենք կազմակերպի, որովհետեւ խնդիրներ ենք տեսնում… թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի անվան համար ենք այս ամենն անում, կուսակցության վարկանիշի համար ենք անում եւ այլն»։

Հետաքրքրվեցինք՝ եթե որեւէ ուժ չակտիվանա, կհրաժարվե՞ն իրենց խոստումից։ «Ոչ թե կհրաժարվենք, սակայն պատին գլխով խփելն ակնհայտ է, որ լավագույն ուղին չէ։ Ոչ միայն «Ժառանգությունը», այլեւ ցանկացած կուսակցություն Հայաստանում այսօր միայնակ ոչինչ չի կարող անել։ Մենք անիրատեսական բաներ երբեւէ չենք արել ու չենք էլ պատրաստվում անել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Նա չի կարող ասել՝ ընդդիմադիր դաշտում ակտիվություն, կոնսոլիդացիա կլինի՞, թե՞ ոչ։ Այդուհանդերձ, «Ժառանգությունը» որպես կուսակցություն շարունակելու է գործել, վարչության նիստեր են հրավիրելու, կուսակցական աշխատանքներով են զբաղվելու, իսկ քաղաքական ակտիվության դեպքում անմասն չեն մնալու իրադարձություններից։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X