Հանրային շահը քարտ -բլանշ է մեծահարուստների համար

Ամիրյան-Բուզանդ փողոցներին հարակից տարածքը, որտեղ գտնվում են Մուշեղ Իշխանի անվան դպրոցն ու Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը, ուղիղ վաճառքի ձեւով օտարվելու է «GM development» ընկերությանը, որն այստեղ՝ Ամիրյան 26 հասցեում, բազմաբնակարան շենքեր է կառուցելու 1278 քմ ընդհանուր մակերեսով: Այս նախագիծը երեկ կառավարության նիստում ներկայացրեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

«GM development»-ը 15 մլն․ է ներդնելու

Նա հայտնեց, որ տարածքն իրացման գոտի է ճանաչվել 2007 թվականին, սակայն նախկին կառուցապատողը սնանկացել է։ Հիմա նոր կառուցապատող է հայտնվել՝ ի դեմս «GM development» ընկերության։ «Կառուցապատողը պարտավորվում է խնդիրները լուծել տարածքի բնակիչների հետ, նախատեսվում է բացի բազմաբնակարան շենքերի կառուցումից նաեւ նոր փողոցի կառուցում, որն Ամիրյան եւ Բուզանդի փողոցները կմիացնի իրար»,- հայտնեց Նարեկ Սարգսյանը։ Ներդրումային ծրագրով նախատեսված է նոր թատրոն կառուցել, որը Սոս Սարգսյանի անունն է կրելու։ Նախագիծն իրականացվելու է երկու փուլով, ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն․ դոլար է։ Առաջին փուլում բազմաբնակարան շենքն ու թատրոնն են կառուցվելու, իսկ երկրորդ փուլում «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն նոր բազմաբնակարան շենքեր կկառուցի։ Քանի որ իրացվող այս տարածքների մի մասը պատկանում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին եւ ֆինանսավարկային քոլեջին, գործադիրի նիստից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի շենքը, որը հին եւ արժեքավոր շինություն է, ապամոնտաժվելու է։ Քաղշինկոմիտեն ստիպված էր հաղորդագրություն տարածել, որում հայտնեց․ «Թատերականն ինչպես կա, այնպես էլ մնալու է: Ապամոնտաժվելու է ինստիտուտի քոլեջի մասնաշենքը, որի տեղում մասնավոր ներդրումների հաշվին կառուցվելու է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքը»:

Նախկին կառուցապատողին դատեցին, բայց չնստեցրին

Ամիրյան 26-ին հարող տարածքները հանրային գերակա շահ են ճանաչվել դեռեւս 2005 թվականին։ Նախկին կառուցապատողը՝ «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն, չկատարեց իր պարտավորությունները եւ 2013 թվականին սնանկ ճանաչվեց։ Այդ տարում, ըստ ՀՀ քաղհասարակության խմբի զեկույցի, որը ներկայացվել էր ՄԱԿ, 365 սեփականատեր անօթեւան դարձավ։ 2013 թվականը սեւ տարի էր պետական կարիքների զոհերի համար։ Մեկ ընկերություն՝ «Դաունթաուն Երեւան» ՓԲԸ-ն, սնանկացավ, մյուսները՝ «Գապբնակշին», «Narek-Shelter», «Local Developers» ՍՊԸ-ները, պատրաստի բնակարանների կրկնավաճառք իրականացրին մի քանի սեփականատերերի, մի մասն էլ, ինչպես «Ի Էմ Ս», «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ները, «Գրանդինվեստ» ՍՊԸ-ն, նաեւ Ամիրյան-Բուզանդի նախկին կառուցապատող «Լիդեր Մոբիլը», բռնագրավված գույքի փոխարեն չապահովեցին նոր գույքի կառուցումը։ «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն փաստացի պատկանում էր Տիգրան Մուշեղյանին։ Նրա դեմ քրեական գործեր էին հարուցված։ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջոցով Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի 103, 105 եւ 107 հասցեներում գտնվող բնակելի շինությունների 21 սեփականատերերի հետ նա 2007–2008թթ․ կնքել էր գույքի սեփականության եւ այլ իրավունքներից հրաժարվելու ու դրա դիմաց բնակմակերես հատկացնելու վերաբերյալ պայմանագրեր, որոնք չէր կատարել։ Իր ընկերոջ՝ Ռադիկ Եսայանի միջոցով նա ֆինանսական մախինացիաներ էր արել, գույք գրավադրել եւ վերագրավադրել բանկերում, հափշտակություններ կատարել։ Երկար դատական քննությունից հետո որոշվեց, որ Մուշեղյանն անմեղ է, խաբված, նրա վստահությունը չարաշահել են, եւ ամեն ինչում մեղավոր է ընկերը։ Մուշեղյանին դատարանն արդարացրեց, Եսայանը նստեց։

Բուզանդի բնակիչների վստահության լիմիտն սպառվել է

Բուզանդի նախկին բնակիչները չեն հավատում, որ «GM development» ընկերությունը, որը միայն անցյալ տարի է գրանցվել, կապ չունի Տիգրան Մուշեղյանի հետ։ Նրանք չեն բացառում, որ վերջինիս գործերը լավացել են, եւ նա նոր ընկերություն է գրանցել՝ նոր անունով։ «Սովորաբար նույն տերերն են լինում, ինչպես, օրինակ, Ֆիրդուսի իրացնողները։ Կազմակերպությունները տարբեր անուններ ունեին, բայց տերը նույնն էր՝ Մելիքյան Էդիկը,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, որը Բուզանդի փողոցի նախկին բնակիչ է եւ անցել է հանրային շահից տուժածի ճանապարհով՝ բողոքի ակցիաներից մինչեւ հաղթանակ Եվրադատարանում։- Երբ կառավարությունը տվյալ տարածքը ճանաչում է պետական կարիք ու հանձնարարում է կառուցապատողին, վերջինս պարտականություն է ստանձնում, հսկողություն պետք է լինի քաղաքապետի կողմից, կառավարությունը պետք է պայմանագրեր կնքի քաղաքացիների հետ։ Պետությունն ինքը պետք է քաղաքացու հարցերը լուծի, հետո նոր տա Պողոսին կամ Պետրոսին՝ արդեն դա իր գործն է»։ Ահա ինչու ՀԿ նախագահը հավատ չունի Նարեկ Սարգսյանի խոստումների, հանրային շահ ճանաչված տարածքների իրացման որեւէ ներդրումային ծրագրի նկատմամբ։ «Հանրային շահը քարտ բլանշ է գրավիչ տարածքների վրա աչք գցած կառուցապատողներին։ Ինչո՞ւ ծայրամասերի տարածքները հանրային շահ չեն։ Թող գնան Երրորդ մասում, Սովետաշենում շենքեր կառուցեն, եթե հանրության համար է արվում»,- ասում է նա։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X