Անվանափոխության սահմանը

Որքան հիշում եմ՝ Անյես Վարդայի ֆիլմերից մեկում հերոսը Փարիզի մասին խորհելիս ասում է․ «Ինչո՞ւ երբեւէ փողոցները չեն վերանվանում այն մարդկանց անուններով, որոնք դեռ ողջ են եւ ապրում են այս քաղաքում»։ Եվ տալիս է նախընտրելի անուններ, որոնց շարքում հնչում է նաեւ Շառլ Ազնավուրի անունը։ Կարծում եմ՝ արժե սրա շուրջ մտածել․ մտածել նաեւ ներկայի մասին, ապրողի մասին։ Վերջին օրերին թեժ քննարկումների արժանացած փողոցների անվանափոխության թեման գնալով օրինաչափություններից զուրկ տարածքներ է նվաճում։ Արդ․ մայրաքաղաքի փողոցների անվանափոխությունն առաջին հերթին քաղաքական մտադրության, իշխանության պատկերի, ռեժիմի բնույթը ցուցանող կամքի հրամայականն է։

«Վերասահմանված արժեհամակարգն» ամենուր ընդգծվելու, անձնացույց լինելու ցանկությամբ է վառվում։ Արդյոք այս պահին Լենինգրադյան փողոցը մեծ հաշվով առնչություն ունի՞ այն պատմության հետ, որը սահմանել է նրան, թե այն արդեն սեփական պատմության արդյունքն է՝ սերունդների կյանքի, կեցության, սիրելի փողոցի հետ կապված հիշողությունների ամբողջականություն, որը թանկ արժե, եւ գուցե պետք չէ սուր քաշել այդ նշանի վրա, որը քեզ, քո ողջ իմացական կյանքը ճանաչել է տալիս։ Մեր Լենինգրադյանը մեր Լենինգրադյանն է, մեր Կիրովականը մեր Կիրովականն է, Լենինականն էլ՝ սիրելի Լենինականը։

Բառերն ու նշաններն ավելի ինքնակա են, քան մենք կարծում ենք, նրանց առանձնակի պատմությունը կապվում է յուրաքանչյուր մարդու անձնական պատմության հետ՝ մարդեղենանում։ Այդուհանդերձ, չափի զգացումը կորցնելն էլ մի բան չէ։ Շենգավիթ համայնքի տարածքում գտնվող Տիմիրյազեւի փողոցի անվանումը՝ ի պատիվ ռուս մեծ բնախույզ-ֆիզիոլոգ Կլիմենտ Արկադեւիչ Տիմիրյազեւի, տարօրինակորեն խրթին, մի տեսակ անյուրացնելի բնույթ ունի։ Իսկ, ահա, Նուբարաշեն համայնքում գտնվող Չմշկածագի փողոցի անվանումն ինձ շատ է դուր գալիս։ Այն անվանակոչվել է հայկական Ծոփաց նահանգի Ծոփք Շահունյաց բնակավայրի, բերդավայրի անվամբ։
«Կհանդիպենք Չմշկածագի փողոցում»․․․

Հիանալի է, գրեթե ճապոնական հոքու է։ Կամ Դեղատան փողոց, Տպագրիչների փողոց, Քեսաբցիների փողոց, Կաշեգործների փողոց, Որմնադիրների փողոց, անգամ Ֆիզկուլտուրնիկների փողոց․․․ սրանք անպարտադրական, եղբայրական, աշխատավորական անվանումներ են, որոնք հարգանքի տուրք են մատուցում մարդու կենսաստեղծ գործունեությանը։ Կուզեի այսօրինակ անվանումները շարունակական լինեին, կուզեի ավելի շատ եղբայրական անվանումներ լսել, քան իմպերատիվ-միահեծան։ Ինչ խոսք, ամեն պարագայում պիտի պայքարել յուրաքանչյուր իռացիոնալ, ծայրահեղական, աբսուրդային առաջարկների եւ, առհասարակ՝ դրանց երեւումների դեմ, նաեւ մտորել եղածի շուրջ՝ Լազոն, Կոտովսկին, Կույբիշեւը, Ֆրունզեն, որոնց անուններով փողոցներ ունենք, հեղափոխականներ էին, ռազմական-պետական գործիչներ, բայց մեր այժմյան մտավոր, մշակութային ապրելակարգում նրանք բացակա են, գրեթե անճանաչելի, ուստի կա՛մ պետք է գիտելիքով վերաբնակեցնել նրանց, կա՛մ իմացական պատշաճ կարգով հիմնական առանցքից դուրս դնել։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X