Հաղթենք Ռումինիային

Ժամեր անց աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կխաղա Ռումինիայի ընտրանու դեմ։ Պարտության դեպքում մեր հավաքականը կզրկվի աշխարհի առաջնության ուղեգիր ստանալու հնարավորությունից, և հերթական անգամ դուրս կմնա ֆուտբոլային աշխարհի ամենամեծ տոնից։

Սակայն թոթափենք հոռետեսությունը, ընդհակառակը լցվենք ամենայն լավատեսությամբ, անսասան հավատով և իհարկե երկրպագենք մեր հավաքականին, մեր թիմի բոլոր ֆուտբոլիստներին՝ մաղթելով նրանց միայն հաղթանակ և գեղեցիկ, դիտարժան ֆուտբոլ։ Մեր հավաքականը այցելել է Բուխարեստի հայկական եկեղեցի, տղաները հանդիպել են Ռումինիայի հայկական թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս սրբազանի հետ, ստացել նրա օրհնությունը։ Իսկապես զորավիգ լինենք նրանց, քանի որ ինչպես ասում են այլընտրանք գոյություն չունի։

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի համար ևս այս հանդիպումը չափազանց կարևոր է լինելու, Գյումրիի Շիրակի դարպասապահ Անատոլի Այվազովը հայտարարությունից հետո Պետրոսյանը հետևյալ մեկնաբանությունը տվեց՝ «Ֆուտբոլային կարիերայիս մեծ մասը նվիրել եմ Հայաստանի ազգային հավաքականին, սկզբում՝ որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա՝ որպես գլխավոր մարզիչ: Այս ընթացքում իմ հիշողությամբ չի եղել մի դեպք, երբ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու դեպքում ֆուտբոլիստի կարիերան հաջող դասավորվի: Օրինակները շատ-շատ են, բայց կան նաև հակառակ օրինակները, որոնք ավելի ցայտուն են: Մենք ունենք նույնպես Ռուսաստանում ծնված Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, ովքեր ժամանակին չեն վախեցել լեգիոներ դառնալուց, սիրով եկել են հավաքական և ներդրել են իրենց ողջ ուժերը հավաքականում՝ հաճախ խաղալով նաև ցավազրկումներով: Այժմ նրանց միացել է նաև Արմեն Համբարձումյանը:

Ես կարծում եմ, որ 21-ամյա դարպասապահը, որը այդքան շանսեր է ստանում, որքան Այվազովը, պետք է երջանիկ լիներ դրա համար և ոչ թե ամեն անգամ մի պատճառ փնտրեր՝ հավաքականում չխաղալու համար: Կարծում եմ նաև, որ այն ֆուտբոլիստը, ով պատրաստ չէ անկախ ամեն ինչից հանդես գալու իր երկրի ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականում խաղալուն: Ես շատ հպարտ եմ, որ հիմա հավաքականում ձևավորվել է այնպիսի ջերմ մթնոլորտ և հավաքվել են այնպիսի տղաներ, որոնց համար հավաքականում հանդես գալը վեր է ամեն ինչից: Կարծում եմ, որ ինչպես ցանկացած մարզչի, այդ թվում՝ իմ համար երազանք է եղել գլխավորել հավաքականը, այնպես էլ ցանկացած ֆուտբոլիստի համար պետք է երազանք լիներ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում» (աղբյուրը՝ http://www.ffa.am)։

Անկասկած ուրախալի է, որ հավաքականում ինչպես նշում է Արթուր Պետրոսյանը ձևավորվել է ջերմ մթնոլորտ և հուսանք, որ այդ մթնոլորտը դեռ երկար կպահպանվի և վերջիվերջո կտա այդքան սպասված կենարար դրական արդյունքը, մանավանդ հաշվի առնելով վերջին տարիներին հավաքականի գլխին կուտակված մռայլ ամպերը, այն լարված ու կաշկանդող իրավիճակը, ինչի արդյունքում թե հավաքական խաղում, թե ընդհանուր հոգեվիճակում զգալի անկում կար։

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X