Երեխաներ՝ ծաղիկների փոխարեն

Սեպտեմբերի 1-ը մեզանում վերածվել է ծնողների շրջանում իսկական մրցավազքի՝ ով ավելի թանկ հագուստ կգնի իր երեխայի համար, ով ավելի շքեղ մեքենայով երեխային կտանի դպրոց, ով ավելի ճոխ ծաղկեփունջ կբերի ուսուցչին։ Դպրոցների մոտ իրարանցում է, տեսանկարահանող ծնողների բազմություն, վարսավիրանոցներից նոր դուրս եկած, պճնված ուսուցիչների ու տնօրենների շքերթ։ Բայց մի՞թե այսպիսին պետք է լինի Գիտելիքի օրվա, ուսումնական այս տոնի՝ սեպտեմբերի 1-ի խորհուրդը։ Մի՞թե հնարավոր չէր այս տարիներին այնպիսի ավանդույթներ ձեւավորել ու ծեսեր մտածել, որից մասնակիցները հոգեւոր բավարարում կստանային եւ չէին ընկնի Նոր տարվա հետ մրցող ծախսերի ու հոգսերի տակ։ Օրինակ՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներից մեկը պատմեց, որ արդեն երկու տարի է՝ մոսկովյան մի շարք դպրոցներում նոր նախաձեռնություն է ծնվել․ «Երեխաներ՝ ծաղիկների փոխարեն» սիմվոլիկ անունը կրող մի ակցիա, որի ժամանակ ծնողները սեպտեմբերի 1-ին թանկուկրակ ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը փոխանցում են առողջական խնդիրներ ունեցող երեխաների օգնության ֆոնդին։ «Ծաղիկները թանկ են, ի՞նչ իմաստ ունի 30 հոգանոց դասարանով 30 ծաղկեփունջ բերել, որոնք մի քանի օրից թոշնելու են ու դեն նետվեն։ Ակցիայի մասնակից դպրոցներում ամեն դասարան մի ծաղկեփունջ է նվիրում ուսուցչին, իսկ մյուս ծնողները, ովքեր ցանկանում են, գումարը փոխանցում են ֆոնդին։ Ֆոնդն էլ սերտիֆիկատներ է տալիս ակցիային մասնակցած դպրոցներին, մեծարում նրանց, պրոպագանդում։ Գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել, կարող է կիրառելի լինել նաեւ Հայաստանում»։ Սա ընդամենը մեկ օրինակ է՝ ինչպես ցուցամոլությունն արմատախիլ անել եւ ավելորդ ծախսերի փոխարեն դեպի օգտակար գործեր նպատակաուղղել ծնողական գումարները։

Մեկնաբանություն
X