Գյումրին քննարկում է

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու հարսանիքը, որը մեծ շքեղությամբ տեղի ունեցավ օգոստոսի 29-ին, քաղաքում լայն քննարկումների տեղիք է տվել։ Գյումրեցիների համար անակնկալ է եղել նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը հարսանիքին։ Հանդիսությունը կազմակերպվել է «Իմպերիալ» հյուրանոցում, որը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ֆարզադյանին եւ նրա եղբորը։ Նախագահի գալը նրա օբյեկտ նշանակում է օրինականացնել այն միջոցները, որոնցով էլցանցի աշխատողը քաղաքի ամենաշքեղ ռեստորանի տերն է դարձել։ Զրույցների առարկա դարձավ նաեւ այն, որ Մարտուն Գրիգորյանի եւ նրա որդիների ու մյուս հարազատների հետ կապված քրեական պատմություններ կան, որոնց մասին բազմիցս գրել է մամուլը, եւ Սերժ Սարգսյանը, այս կլանի կողքին կանգնելով, փաստորեն, խրախուսում է մեծահարուստների զավակների ամենաթողությունը։

Գյումրեցիներին նաեւ զայրացրել էին ոստիկանները, որոնք օգոստոսի 29-ի առավոտից մի քանի ժամով փակել էին քաղաքի բոլոր փողոցները, խաթարել երթեւեկությունն ու իրենց բարձրախոսներով բղավում էին ավտոմեքենաների վարորդների վրա՝ տագնապ սփռելով նաեւ մայթերով անցնող քաղաքացիների վրա։ Ի դեպ, քաղաքապետը չէր հասցրել մաքրել ու ջրել տալ աղբի մեջ կորած քաղաքի փողոցները։ Բայց գյումրեցիները նկատել էին, որ Բալասանյանն առաջինն է «վազել» հարսանիքի՝ երեք ավտոմեքենայով։ «Բա գիտե՞ք մեր քաղաքապետն ինչ տղա է»,- ասում էին նրանք։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X