Ինչ արել եմ ու ինչ կհասցնեմ անել՝ դա է լինելու իմ կամ իմ լուսանկարչության ժամանակաշրջանը

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է եւ մինչեւ սեպտեմբերի 10-ը կգործի խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը, որը կրում է «Ժամանակի ստվերները» խորագիրը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող լայնածավալ ցուցահանդեսը լույս է սփռում 20-րդ դարավերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգության վրա եւ ներկայացնում է Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995-ին: Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է, նախագծի ղեկավարը՝ Սոնա Հարությունյանը:

Դեռեւս 1970-ականների սկզբին Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական եւ համամիութենական պարբերական մամուլում: Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան եւ յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային եւ այլ երկրների: Սակայն 1990-ականների վերջերին խորը հիասթափություն ապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սեւապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ վեց տարիների ընթացքում:

Նախօրեին «Միրզոյան» գրադարանում կազմակերպվել էր հանդիպում Գագիկ Հարությունյանի հետ, որը վարում էր «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի տնօրեն, ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը, ում խոսքով, երբ առաջին անգամ՝ 2011-ին հանդիպել է Գագիկ Հարությունյանին, լուսանկարիչը շատ վերապահորեն է մոտեցել ցուցահանդես անելու գաղափարին։ «Եվ ճիշտ էի,- ժպիտով ասում է Հարությունյանը,- այս օրերին շատ եմ մտածել, որ եթե շուտ անեի այս ցուցահանդեսը, ասենք՝ 90-ականներին, գուցե այսպես չլիներ։ Այնքան մարդ եկավ, ու բոլորն էլ՝ հետաքրքրված, բայց ինձ համար ամենակարեւորն այն է, որ երբ խոսում եմ մարդկանց հետ, զգում եմ՝ դիտողը, հանդիսատեսը հասկացել է այն, ինչ ուզում եմ ասել։ Ես ոչ մի ցուցահանդես չեմ տեսել, որ հանդիսատեսը լաց լինի, ամաչում էի հարցնել, թե որ նկարն է այդպես ազդել։ Ինձ համար ապշեցնող էր դա»։

Թե վերջնականապես ինչը համոզեց խախտել երկար տարիների լռությունը եւ ներկայանալ հետահայաց ցուցահանդեսով, լուսանկարիչն ասում է. «Մի անգամ Սոնան ասաց, թե՝ գիտե՞ս, մեր հայ գրաֆիկներից մի երիտասարդ տղա մանկությունից «Գարուն» ամսագրից կտրել է քո լուսանկարներն ու փակցրել պատին։ Դա ինձ մտածելու տեղ տվեց ու վերջնականապես համոզեց, որ պետք է ցուցահանդես անել, եթե կա մեկը, ուրեմն կան նաեւ մի քանիսը, իսկ գուցե էլի շատերը»։

Դեպի լուսանկարչություն տանող ճանապարհը Գագիկ Հարությունյանի համար պարզ ու ինքնաբուխ է եղել. «Այնպես ստացվեց, ինչպես ստացվում է բոլորի մոտ՝ տանը ֆոտոխցիկ է լինում, այդ երեխան կամ պատանին սկսում է փիսիկ, շնիկ նկարել, հետո՝ ծնողներին, հետո սկսում է ուրիշ բաներ տեսնել, որը նրա մոտ աշխարհճանաչում է զարգացնում։ Նույնն էլ իմ դեպքում եղավ»։

Հարությունյանի 60-ականների վաղ գործերը չեն պահպանվել, դրանք նույնպես որոշել է այրել։ Վիգեն Գալստյանի դիտարկմանը, թե այրելն իր մոտ լավ է ստացվում, լուսանկարիչը նույնքան հումորով պատասխանում է. «Վառելը բոլորի մոտ էլ լավ է ստացվում, դա բնական պրոցես է»։ Հարությունյանի համար դեռ ամենասկզբից էլ պարզ է եղել, որ իր սիրած գործով՝ լուսանկարչությամբ զբաղվելու համար պետք էր դրամ վաստակել, որպեսզի կարողանար գոնե անհրաժեշտ նյութերը գնել։ «Պատկերացրեք՝ 5-7 թերթ եւ մի 3-4 ամսագիր, որտեղ աշխատում էին մարդիկ, ու դու պետք է սպասեիր, որ այդ մարդը դուրս գար աշխատանքից, որ նոր փորձ անեիր ընդունվելու, ու դեռ հարց է՝ քեզ կընդունեի՞ն, թե՞ ոչ»,- ասում է Գագիկ Հարությունյանը, ով առաջին մասնագիտությամբ մետաղների ծանր մշակման տեխնիկ-տեխնոլոգ է եւ աշխատել է տարբեր գործարաններում։ Սակայն 71-72-ին է որոշել վերադառնալ լուսանկարչություն եւ դարձնել այն իր հիմնական գործունեությունը, քանի որ այդ ցանկությունը, ինչպեսեւ որոշումը, ներսից էր բխում։

Հիշում է՝ մի անգամ «Արմենպրեսի» արխիվներն է նայելիս եղել եւ, ի զարմանս իրեն, չի գտել գեթ մեկ լուսանկար, որը կպատկերեր 30-40-ականների գյուղը, քաղաքը։ Այդ ընթացքում էլ հասկացել է, որ պետք է այդ բացն ինչ-որ կերպ լրացնել, ու արդեն տարբեր գործուղումների ժամանակ ծնվել է «Գյուղական էսքիզներ» շարքը։ Գագիկ Հարությունյանը պատմում է նաեւ արտերկիր իր ուղեւորություններից։ Հիշում է՝ Փարիզ է գնացել Հեմինգուեյի «Տոն, որ միշտ քեզ հետ է» գիրքը գրպանում։ «Իրոք գրպանումս էր, եւ ուզում էի այդ տոնը տեսնել, բայց չտեսա, որովհետեւ այդ Փարիզն արդեն չկար»,- ասում է լուսանկարիչն ու հավելում, որ Հայաստանի ցանկացած գյուղ իր համար ավելի հետաքրքիր էր, քան արտասահմանյան որեւէ երկիր։

Գագիկ Հարությունյանը նկատում է՝ եղել են պահեր, որ ամեն ինչ հարմար է եղել՝ պահը, լույսը, տեղը, ապարատը՝ ձեռքի տակ, բայց չի նկարել, որովհետեւ «հոգիս հարմար չի եղել։ Այսինքն՝ լինում են պահեր, որ հասկանում ես՝ ուղղակի չես կարող նկարել»։

Լուսանկարիչը նաեւ խոստովանում է՝ ներքին ցենզը նստած է իր մեջ, կարող է նկարը տպել, բերել-հասցնել մի մակարդակի, որ պետք է արդեն ցուցադրվի, ու հանկարծ ոչնչացնել. «Այսօր շատերն են նկարում, բայց նկար չկա։ Ինձ արգելեցին երկար ժամանակ նկարել, ինչ-որ մեկը կամ երկուսն ասել էին ԱՕԿՍ-ի նոր եկած նախագահին, որ Գագիկը նկարում է, որ փող աշխատի...։ Հիմա մարդիկ լուսանկարներում շոկ են փնտրում, արցունք, իսկ իրականում մարդուց արցունք կարելի է կորզել նույնիսկ առանց դիակ կամ պատերազմ ցույց տալու։ Մենակ «պատերազմ» բառն ինձ համար ծանր, ցնցող բան է։ Հեշտ է քաղաքում նստել երբ այնտեղ պատերազմ է, երբ ընկերոջդ արյունը քսվում է ձեռքիդ, դու գնում ես այն լվանալու, հետո մտածում ես՝ բայց չէ՞ որ սա իմ ընկերոջ արյունն է...»։

Գագիկ Հարությունյանը չի սիրում լուսանկարչությունը բաժանել ժանրերի։ «Գիտեք, սխալ է ասել՝ սա վավերագրական է, թե վավերագրական չէ, որտեղ է այդ վավերագրականի սահմանն սկսվում եւ վերջանում, ստեղծվել է գեղարվեստական պատկեր ու վերջ։ Վավերագրական կադրի վրա ամսաթիվն էլ է գրված, տեղն էլ, դա արդեն թող մնա արվեստաբաններին ու պատմաբաններին, իմ անելիքն այդ պատկերն ստեղծելն է»,-ասում է ու հավելում, որ անգամ ձեռքով տպագրության ժամանակ լուսանկարիչը որոշ տեղեր մթնեցնում է, որոշ կետերի, խազերի վրա վրձնով կամ տուշով աշխատում, մինչդեռ այսօր, շատերի կարծիքով, վավերագրական լուսանկարի մեջ չի կարելի ոչնչի ձեռք տալ. «Դա միշտ եղել է ու դա իրոք ծիծաղելի է ինձ համար, եթե խազ է գնում, որը խանգարում է, եւ նկարը շատ բաներ կորցնում է դրանից, ո՞նց կարելի է...»։

Լուսանկարիչը ցանկություն ունի ավարտել իր բոլոր շարքերը. «Ասել, պատմել այդ մարդկանց մասին։ Օրինակ՝ կա «Հին քաղաք» շարք, բայց կա նաեւ «Քաղաք» շարք, որից դեռ շատ բան չի նկարվել ու պետք է նկարվի։ Ինչ արել եմ ու ինչ կհասցնեմ անել, դա է լինելու իմ կամ իմ լուսանկարչության ժամանակաշրջանը»։

ՀԳ. Հաջորդ օրը Գագիկ Հարությունյանին հանդիպեցի Նկարիչների միությունում։ Այս անգամ երկուսով էինք շրջում ցուցասրահում։ Ասաց՝ երեկվա զրույցն ինձ համար չստացվեց, որովհետեւ վերեւից նստած էին խոսում, իրեն ուղղված լույսերը խանգարում էին, հետո՝ նաեւ չի սիրում խոսել. «Այս բոլոր լուսանկարները վիճակներ են, այսինքն՝ այն ապրումները, որ ունեցել եմ՝ սկսած «Ձմեռ» շարքի առաջին կադրից, վերջացրած «Լիճ» շարքով»։

Հարությունյանը ցույց տվեց մի նկար․ գետնի վրա՝ մահճակալին վիրավոր փոքրիկն է, ասաց՝ պատից այն կողմ այդ երեխայի վիրավոր մայրն է, ով կուրծք է տալիս դարձյալ վիրավոր իր մյուս նորածին փոքրիկին, բայց չես կարող բոլոր նկարներին երկար պատմություններ գրել, որովհետեւ պետք է այնպես լինի, որ նկարն ինքն իրենով այդ ամենը պատմի. «Կարող եմ այն նկարը սրա կողքը դնել, բայց էլի պետք է պատմես, իսկ այդպես կդառնա երկար լուսանկարների մի շարք, որ կձանձրացնի մարդկանց»։

«Ղարաբաղում ես հասկացա, որ հնարավոր չէր նկարել այն պատերազմը, որ ինձ ծանոթ էր տարբեր գրքերից։ Դու չէիր կարող նկարել Հայրենական պատերազմի նման պատերազմ, որովհետեւ մի տանկ այս կողմից է կանգնած, մի տանկ՝ այն կողմից, այսինքն՝ մասշտաբների տարբերություն կար։ Ես կամովին եմ գնացել Ղարաբաղ եւ նկարել եմ նաեւ վիրավոր զինվորների, բայց դա ոչինչ չի ասում, որովհետեւ այդ բինտը կարող է հիվանդանոցում էլ կապեին ու նկարեին։ Դրա համար ինձ ավելի շատ սկսեցին հետաքրքրել պատերազմի հետեւանքները, որն ինչքան հնարավոր է՝ պատկերել եմ»,-ասաց Հարությունյանը։

«Ես որ թողեցի լուսանկարչությունը, թվայինը դեռ չկար, եւ թվայինը չէր կարող ինձ ստիպել, որ թողնեմ լուսանկարչությունը։ Ուղղակի եկավ մի փուլ, ու հասկացա, որ պետք չէ, նույնիսկ ես պետք չեմ իմ մասնագիտությամբ։ Աշխատանք չկար, կամ այնքան էին վճարում, որ ժապավեն չէիր կարող գնել, ուր մնաց թե թվայինի մասին մտածեիր։ Միակ պատճառը դա է եղել»,- իր՝ լուսանկարչությունից հեռանալու մասին անկեղծացավ Գագիկ Հարությունյանն ու, ի պատասխան իմ հարցին, նշեց, որ 1995-ից հետո, երբ Ազատության հրապարակը դարձյալ մարդաշատ էր, երբ տարբեր իրադարձություններ հաջորդեցին իրար, իր մոտ այդպես էլ ցանկություն չառաջացավ ապարատը վերցնել ու նկարել. «Որովհետեւ նախորդում շատ եմ նկարել՝ առավոտից մինչեւ երեկո, մասնակից եմ եղել ղարաբաղյան ցույցերին, իմ հետեւություններն արել եմ...»։ Այսինքն՝ մտածում էր, թե պատմությունը կրկնվո՞ւմ է։ «Ոչ, ամեն ժամանակ էլ ծնում է իր խնդիրները, նույնիսկ այդ խնդիրները տարբեր ձեւով ընկալողներին։ Ժամանակը լուծում է բոլոր հարցերը»։

Վերջում հարցնում եմ՝ ե՞րբ է սկսելու թվայինով աշխատել։ Ժպտում է. «Դա շուտ չի լինի, երբեք ոչինչ շատ արագ չի լինում, այս ցուցահանդեսը եղավ ճիշտ իր ժամանակին, սերունդը փոխվեց, նաեւ մտածողություն փոխվեց, ժամանակ է պետք, որ հասունանա ամեն ինչ։ Հիմա սա էլ հասունացավ-արվեց ու մենակ այն պատճառով, որ այդ տղան՝ Արմանը, իմ լուսանկարները կտրել-պահել էր»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X