Պաշտոնյան խաբել, ապրանքը վերցրել, գումարը չի տալիս՝ «քցում է»

Երեք ամսից ավելի է՝ ամուսիններով մի փոքրիկ դիմում են բերել ինձ մոտ ու անընդհատ անհանգստացած զանգում են՝ հը՞, ինչ եղավ․․․ Բանն այն է, որ այդ ընտանիքի եկամտի միակ միջոցը մի քանի խոզ պահելն ու դրանք իրացնելն է եղել։ Բայց դե, երբ մարդ մի փոքր պաշտոն է ունենում, խաբեությամբ ուզում է տիրանալ «քյասիբի քրտինքով ստեղծած հացին»։

․․․Ու նման մեկը գտնվեց։ Ըստ ամուսինների՝ իրենց խաբողը աշխատում էր գաղութների հիմնադրամի ֆինանսների բաժնում որպես հաշվապահ։

Ներկայացնում եմ ամուսինների դիմումը․

«Համացանցում գովազդ տեղադրելուց հետո մեզ զանգահարեց Նարեկ Նահապետի Մանթաշյանը, որ գնի մեր խոզերը։ Պարտավորվեց վճարել Սոկրատ Ջանվելյանին 28 գլխաքանակ մայր խոզերի գումարը։ 01-03-17 թ․-ից մինչև այսօր նա չի վճարել։ Ամեն անգամ խաբում է, հետաձգելով չի վերադարձնում ոչ գումարը, ոչ էլ ապրանքը։ Նարեկը պետք է մեզ վճարի 3 հազար դոլար։
Դիմող՝ Ջանվելյան Սոկրատ»

Ընտանիքն ինձ տրամադրեց նաև Նարեկի հեռախոսահամարը։ Զանգեցի նրան՝ ճշտելու նպատակով։ Նա չհրաժարվեց, որ 28 գլխաքանակ խոզ է գնել, ասաց, որ ապրանքը մնում է, չնայած ինքը աշխատանքից դուրս է եկել և խոստացավ, որ կկանչի Սոկրատին և գումարը կվճարի մի երկու օրվա ընթացքում։ «Ոչինչ մի գրեք,- ասաց նա,- Սոկրատն այլևս ձեզ չի անհանգստացնի, հենց վաղը կվճարեմ»։ Հավաստիացրեց նաև, որ այդ գումարը իր համար մի մեծ բան չի։ Երբ փոխանցեցի հազար անգամ խաբված Սոկրատին, թերահավատությամբ ժպտաց։

Անցել է նորից մեկ ամիս, վիճակը նույնն է։ Մարդկանց ապրուստի միակ միջոցը դա է ու չգիտեն ինչ անեն։ Ամեն օր խեղճ- խեղճ զանգում են՝ գոնե մի բան գրեիր։

Ես էլ ներկայացնում եմ այս նամակ- դիմումը։ Հայաստանում «գցոցին» դարձել է սովորական երևույթ։ Եթե ոստիկանությունը հետաքրքրվի այս անճար դիմումով, նրանց կտրամադրեմ խաբողի ու խաբվողի տվյալները։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X