Խայտառակություն

Օրերս գործի բերումով Երևանի մի քանի հասցեներ պետք է այցելեի: Ով երբևէ փորձել է, այսպես կոչված, կորած-մոլորած, գլխավոր փողոցներից կտրված, հետ ընկած փողոցներում հասցեներ որոնել, կարծում եմ, կհասկանա, թե ինչի միջով անցա ես, մինչև որ գտա, օրինակ, Շիրակի փողոցի 6-րդ փակուղին կամ Սուրենյանց փողոցը: Հեշտ չէր հայտնաբերելը նաև Նոր Նորքի 8-րդ մ/շ, Մինսկի փողոց, 5/8-ը, որը, ինչպես պարզվեց, քթիս տակ էր, բայց այդ մասին պատմությունը, ավելի ստույգ՝ Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորքի վարչական շրջանի համապատասխան ծառայությունները լռում էին: Իսկ այն, ինչի ականատես եղանք Բագրատունյաց փողոցում, ուղղակի սպանում էր: Փողոցի մի կողմի շենքերի վրա նշված է Բագրատունյաց փողոց, մյուս կողմի շենքերի վրա՝ Թամանցիների: Սա, թերևս նորամուծություն է, որպեսզի հնարավորինս դժվար գտնես Բագրատունյաց 49 հասցեն, որովհետև այն իրականում Թամանցիների շարքի վրա է: Բայց ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: «Բագրատունյաց-Թամանցիների» փողոցի այս պատմությունը լավ նախադեպ է Տարոն Մարգարյանի և «Ելքի» ավագանու վեճը հարթելու համար: Նույն կերպ կարելի Լենինգրադյան փողոցի մայթերից մեկը անվանափողել Լեոնիդ Ազգալդյանի փողոց և հարցը լուծել:

Ցուցանակների բացակայությունը, թաղապետարանների անտեղյակությունն իրենց վարչական շրջանի փողոցների գտնվելու վայրից (մի անգամ այս հարցով դիմեք Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայր և ինքներդ համոզվեք), տեղեկատու ծառայության տրամադրած կցկտուր տվյալները ( վայրի նկարագրություն չեն տալիս, միայն վարչական շրջանն են ասում) քառակի, հնգակի դժվարացնում են կոնկրետ հասցեների որոնումը:

Այս իրավիճակում ակամա հիշում ես ընտրությունների ժամանակ անընդհատ վեր հանվող թեման, թե ընտրացուցակներում հասցեներ են ավելացրել, թղթի վրա ամբողջական փողոցներ են գրել: Հիմա տեսնում եմ, որ ճշմարտությունից այնքան էլ հեռու չեն այդ կարգի հայտարարությունները: Դե արի ու այս սոդոմ-գոմորի մեջ հասկացիր՝ ո՞վ է Երևանի ընտրող, ով՝ Հաջղարեցի:

Ավելի լավ Երևան կառուցողներ, չե՞ք կարծում, որ ժամանակն է կարգի բերելու այս վիճակը, որն առաջացել է հայրենասիրության բումի տակ կատարված անվանափոխությունների, զանազան շենք-շինությունների տրված կամայական հասցեների, նորահայտ հասցեները քարտեզներ և տեղեկատուներ չմուտքգրելու հետևանքով: Կա՞ն մարդիկ, որ զբաղվում են այս հարցով, կա՞ն մարդիկ, որոնք պետք է զբաղվեն, բայց չեն զբաղվում: Ե՞րբ պետք է վերականգնվեն փողոցների անունների և շենքերի համարների ցուցանակները: Չենք ասում, լուսավորվեն, այլ ընդամենը վերականգնվեն:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X