Գարշահոտություն, հոսում են կոյուղու ջրերը․ բնակիչները փակել են «Սանիթեքի» մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

>

Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների 4-րդ եւ 5-րդ մասնաշենքի բնակիչները ահազանգում են՝ օրեր շարունակ աղբը կուտակվում է, գարշահոտություն է տարածվում, հոսում են կոյուղու ջրերը, սակայն աղբը մաքրող չի եղել։ Միայն օրերս «Սանիթեքի» մեքենան մոտեցել է, եւ բնակիչները ստիպողաբար մաքրել են տվել աղբը։ «20 օրից ավել աղբը չի տարվել ոչ 4-րդ ոչ էլ 5-րդ մասնաշենքինը։ Մի կերպ «Սանիթեքի» մեքենա եկավ, կիսատ վիճակում աղբը տարավ։ Այնուհետեւ մյուս մեքենան եկավ, ասեց, որ իրենք Ջրվեժ են գնում, քանի որ իրենց հրահանգվել է, որ պետք է Ջրվեժ գնան, քանի որ բանվորները սպասում են։ Մենք չթողեցինք, կանանցով ճանապարհը փակեցինք, վարորդը նստել ա, ուզում ա վարի, բայց կանգնել ենք դեմը։ Իջավ, չկարողացանք կոմպրոմիսի գալ, զանգեց իր տնօրենին, մի կերպ համոզեցինք, որ աղբը տարվի։ Մի կերպ բացեցինք՝ ժողովուրդը քթները փակած։ Դրանից հետո պահանջեցինք, որ ջրի մեքենան գա, բայց էլի մեկ ա խողովակ կա, որը տանում ա կանալիզացիա, դա ծակված է, այդ գարշաջրերը գնում են 5-րդից դեպի 4-րդ մասնաշենք։ Այդ խողովակները պիտի նորոգվի կամ ինչ-որ բան դրվի, որ գետնի տակով հոսի։ Պետք է գրաֆիկ կազմվի, որ ժամանակին գան տանեն։ Էն կարգի է եղել, որ ամիսներով այդ գարշահոտությունը չի կարող անցնել»,- մեզ հետ զրույցում պատմեց բնակիչներից Կարինեն։

Տիկին Կարինեի խոսքով՝ դիմել են թաղապետարան, սակայն նրանց կողմից ոչինչ չի արվում, մինչդեռ գումարները վերցնելու պարագայում ճիշտ ժամանակին գալիս են. «Ով գալիս ա, հավաքում ա գումարները, ասում ենք, ասում ա՝ դա իմ գործը չի, թող հրահանգեն, մեքենա ուղարկենք։ Մի խոսքով՝ ինչ վիճակ է իրենց մոտ տիրում՝ չեմ հասկանում, արդյունքում՝ տուժում է մեր ժողովուրդը, մի ահավոր վիճակ է»։

Մեկնաբանություն
X