Ինչու՞ էին կանգնեցրել Լիանային ու իր փոքրիկին՝ նախագահի տան հատվածում

>

Լիանա Զուրաբյանին գիտեք՝ ասմունքող, հանդիսավարուհի։

Նրա հետ անձնական շփումից հետո մտածել եմ՝ ինչպե՞ս է կարողանում այդ փոքրիկ գլխում ամփոփել մեր Մեծերի բոլոր գործերը, հիշել անուն առ անուն բանաստեղծությունները․․․ Ներքուստ ուրախացել եմ, որ մեր օրերում կան մարդիկ, ովքեր իրենց ուսերին են վերցնում Մեծերի խոսքը փոխանցելու արվեստը։ Ստեղծել է «Լիանա Զուրաբյան» ասմունքի կենտրոն ու ապրում է իր փոքրիկ ու գեղեցիկ աշխարհով։

Երեկ Լիանային ճանաչեցի այլ տեսանկյունից՝ նուրբ, զգայուն, փխրուն, տաքարյուն կին, ով առաջնորդվում է մարդկային պարզ օրենքներով, նրա համար բոլոր օրենքներն ամփոփվում են մարդկային արժեքների մեջ։

Զանգում է ինձ խիստ հուզված, արտասվախառն ձայնով ու ահա թե ինչ է պատմում։

«Մեքենայով անցնում էի Պռոշյանով՝ նախագահի տան հատվածում, որտեղ կանգնած էին պետավտոտեսուչներ։ Կանգնեցնում են։ Որևէ խախտում չէի արել։ Մեկ տարեկան տղայիս հետ էի։ Ասում են, որ տեխզննման կտրոնս չեմ թարմացրել։ Միաժամանակ բացատրում է, որ տեխզննման կտրոն վերցնելը ավարտվում է միայն փող տալով ու վերցնելով, մեքենան ոչ մի ստուգում չի անցնում։ Ձևական բնույթ է կրում։ Միայն թղթի կտոր է, որ մտցնես «քեզ կանգնեցնող գայըշնիկի տապոռ աչքը։ Մի հատ չեն հարցնում՝ մեքենայիդ սիրտը գոնե աշխատու՞մ է, մնացած օրգանները ջհաննամ»։
Փոքրիկս այդ խոսակցությունից լացում, վախենում է։ Խնդրում եմ, որ ընդառաջեն ինձ, երեխային հասցնեմ տուն, նոր գամ հարցերը պարզելու։ Չեն համաձայնվում։ Գործ է ընկել ձեռները։ Ասում եմ՝ պետավտոտեսուչներ, ձեզ մայր չի՞ բերել․․․ Միայնակ մայր եմ, մի՞թե չեք կարող ընդառաջել, որ երեխային տուն հասցնեմ, որպեսզի չվախենա։ Ասում են՝ մենք երեխային տուն կուղարկենք։ Միայնակ մայր եմ, մենակ եմ ապրում, ու՞մ մոտ կուղարկեք,- պատասխանում եմ։ Բացատրում եմ , որ ես զբաղվում եմ պոեզիայով, ասմունքում եմ, Սևակ եմ կարդում։ Քմծիծաղում են՝ պոեզիան ինչ է, Սևակն ով է։ Իմ ամենաթույլ կետին են խփում։ Երեխան էլ մի կողմից է լացում, գոռում։ Բարկացած մեքենաս գործի եմ դնում։ «Զադնի տալուց» խփում եմ հետևում կանգնած նրանց մեքենային։

Ինքնատիրապետումս կորցրած տուն եմ շտապում։ Ինձ արդեն հունից հանել էին։ Հետևում են ինձ, Ամիրյան փողոցի վրա նորից կանգնեցնում, պարտադրում են, որ սպասեմ ԱՊՊԱ-յին։ Այս անգամ կանչում են Բադալյանին։ Թե ինչքան եմ սպասել լացող երեխայի հետ ԱՊՊԱ-յին, անգամ չեմ հիշում։ Չգիտեի էլ , թե որն է իմ ԱՊՊԱ-ն։ Մեքենայի համարով գտնում ու զանգում են։ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ –ից գալիս են։ Փոքրիկս այնքան էր լացել, որ էլ ձայն չէր դուրս գալիս։ Ապահովագրական ընկերության ներկայացուցիչն ասում է՝ Լիանա, երեխային վերցրու, տուն գնա, մենք այս հարցերը կլուծենք»։

Լիանա Զուրաբյանը տրամադրում է ինձ պետավտոտեսուչների լուսանկարները և ասում ազգանունները՝ Մկրտչյան, Մնացականյան, Բադալյան։ «Ոնց որ Բադալյանը շեֆն էր, որ հետո էին կանչել»,- պարզաբանում է։

Տուն հասնելուց վախեցած փոքրիկս գրկեց ինձ ու ասաց՝ մամ, պծա՞վ․․․

ՀԳ Յուրաքանչյուր օրենքի մեջ էլ մարդկային գործոնը գործում է։ Խոստովանենք, որ Ճանապարհային ոստիկանության ոլորտում ահագին գործ արվել է, բայց անելիքներ, իհարկե, կան։ Իսկ ո՞ր բնագավառում չկան։ Մի քանի օր առաջ հենց այդ հատվածում ընկել էի նման իրադրության մեջ։ Պետավտոտեսուչը, որ մոտեցավ, ահագին բարեկիրթ իրեն դրսևորեց։ Անգամ ազգանունը չմտապահեցի, միայն հիշում եմ, որ ասում էր՝ կապանցի եմ։ Լավն էլ պիտի գրել։ Հաճախ դա մոռանում ենք։ Վկայությունը՝ անգամ ազգանունը չմտապահեցի։ Երբ լավն է լինում, մոռանում, անցնում, չնկատելուն ենք տալիս։

Հուսով եմ, որ հարցին կարձագանքի ճանապարհային ոստիկանությունը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X