Իրավունք

Ինքը եթե մաքուր փող ա, փող աշխատելը վատ բան չէ. Սամվել Բաբայանի գործով վկաները հարցաքննվեցին (տեսանյութ)

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում հարցաքննվեց 3 վկա։ Նրանց հարցաքննությունը վերաբերում էր Հայաստան խոշոր չափերի գումար տեղափոխելուն։ Երեւան-Մոսկվա ուղղությամբ անձանց տեղափոխող ավտոբուսի վարորդ Արմեն Հակոբյանը դատարանում ասաց, որ անցած տարի սեպտեմբերի 18-ին Մոսկվայից իրեն մի ծրար է տվել Գոռ Շակոյան անունով անձը, որպեսզի ծրարը բերի Երեան։ Հակոբյանը նաեւ հայտնեց, որ տեղյակ չի եղել՝ ծրարի պարունակությունից։

Գործով մյուս վկա Գոռ Շակոյանն էլ հայտնեց, որ Մոսկվայից բերված ծրարը փոխանցվել է իրեն, նա էլ ծրարը հանձնել է գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին. ծրարի մեջ եղել է 5000 եվրո։ Գոռ Շակոյանը նաեւ ասաց, որ տեղյակ չի եղել, որ թղթադրամները կեղծ են եղել, եթե իմանար՝ հաստատ չէր վերցնի ծրարը, իրեն միայն հայտնել են, որ փողը լաքոտ է։

Մյուս վկան՝ Վրեժ Առաքելյանը, որը ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի ընկերն է,․ իր ցուցմունքում ասաց, որ Հարությունյանը իրենց ասել է Մոսկվայից ստացված գումարի մասին, սակայն տեղյակ չի եղել, թե ինչպես պետք է իրացվեն «լաքոտ» եվրոները։

Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի հարցին՝ Դավիթը դիմե՞լ է իրեն այդ թղթադրամները բանկերում ցածր տոկոսադրույքով փոխելու հարցով, վկան պատասխանեց. «Ինքը եթե մաքուր փող ա, փող աշխատելը վատ բան չէ»։

Ի դեպ, վկաներից մեկի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Սամբել Բաբայանն հայտարարեց, որ քննությունը քննիչի կողմից ուղղորդված է եղել, քննիչն ինչ ասել է՝ գրել են։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X