Հայ ու վրացի միասին՝ հիշեցին Հավասուն, երգեցին Հավասի (տեսանյութ, ֆոտոշարք)

>

Ջավախքը գուսաններով ու բանաստեղծներով հարուստ աշխարհ է։ Այն հարստացնողներից մեկն էլ գուսան Հավասին է՝ Արմենակ Մարկոսյանը։ Նա մոտ 3600 աշուղական բանաստեղծությունների հեղինակ է։ Նրա երգերից շատերն են սիրված ու հայտնի մեր ժողովրդի շրջանում։ Դժվար թե գտնվի ժողովրդական երգերին ծանոթ մեկը, որ լսած չլինի, օրինակ, Հավասու «Յայլավոր յարս» երգը։

Հավասին ծնվել է Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում, 1896 թվականին։ Մանուկ հասակում կորցրել է տեսողությունը, բայց նրա հոգու լույսը չի մարել՝ ամբողջ կյանքում գրել ու ստեղծագործել է սիրո մասին։ Հասցրել է նաև երեք անգամ ամուսնանալ, ասում են՝ շատ գեղեցիկ կանայք է ունեցել։ Հավասին, ինչպես և Ջիվանին, Տերյանն ու մյուսները, Ջավախքի մեծություններից են։ Եվ ջավախահայությունն ամեն տարի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին հերթականությամբ նշում է նախ՝ Տերյանի, ապա Ջիվանու, վերջում էլ Հավասու տոնը։ Եռատոնն ավարտվում է հայաբնակ Ծալկայի շրջանի Այազմա գյուղում, որտեղ էլ ծնվել է Հավասին։ Երեկ՝ սեպտեմբերի առաջին կիրակի օրը, Այազմայում կրկին տոն էր՝ սիրված աշուղի տոնը։ Հայաստանից հյուրեր շատ չկային՝ մի քանի լրագրողներ, ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, Հայաստանում ապրող ջավախքցի երիտասարդներ։ Տեղի հյուրերի մեջ էին Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը, վրացի մի պատգամավոր, նաև նախկին պատգամավոր, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու՝ ազգությամբ հայ խորհրդական Վան Բայբուրթը և այլք։

Նախ տեղի ունեցավ գուսան Հավասու հուշարձանի բացումը։ Այն իրագործվել է Այազմայի հարևան Ղզրքիլիսա գյուղի ծնունդ Էդգար Արամյանի ջանքերով։ Արամյանը մոսկվաբնակ խոշոր գործարար է, նրան է պատկանում Ռուսաստանի ամենախոշոր ճանապարհաշինարարական ընկերություններից մեկը՝ «Ռուսլան-1»-ը։ Նա իր հարազատ գյուղում բուժկետ կառուցելուց և այլ ծրագրեր իրականացնեուց զատ՝ որոշել էր այս տարի էլ հարևան Այազմա գյուղի բնակիչներին նվեր անել՝ կանգնեցնել սիրված աշուղի հուշարձանը, որպեսզի նրա անունով նշվող տոնն այսուհետ իր «կենդանի» ուխտատեղին ունենա։

Մի քիչ ռուսերենով, մի քիչ հայերենով՝ նա ներկայացրեց իր խոսքը հուշարձանը բացելիս։ Այնուհետև հյուրերը տեղափոխվեցին գյուղի վերնամասում կառուցված բեմի մոտ՝ դաշտահանդեսի։ Այստեղ հնչեցին Հավասու երգերը, ելույթ ունեցավ «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մասիս Հունանյանը։

«Հավասու՝ հատկապես սիրո երգերը չի շրջանցում ոչ մի սիրող սիրտ: Եթե որեւէ մեկը մի անգամ կյանքում գոնե սիրահարվել է, նա հաստատ պետք է կարդա Տերյան եւ հաստատ պետք է երգի Հավասի»,-Հավասու տոնի կապակցությամբ իր կարծիքը հայտնեց ջավախքցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Տոնն ավարտվեց ճաշկերույթով։ Կողքի-կողքի նստած՝ Հավասու կենացը խմեցին հայերն ու վրացիները։ Թեպետ սեղանի շուրջ մեզ ընկերակցող վրացիները հայերեն չէին հասկանում, բայց երբ թարգմանում էինք՝ ինչ է խոսում թամադան Հավասու մասին, անմիջապես ոտքի էին կանգնում ու ոգևորված միանում կենացին՝ «За Аваси»։ Այստեղ էլ արդեն սեղանի շուրջ հնչեցին Հավասու երգերը, որին մասնակցեցին նաև սեղանակիցները։ Կատարողն էլ, ասացին, Հավասու աշակերտներից է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X