Հայաստան-Դանիա կամ նոր սկիզբ

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կընդունի Դանիայի ընտրանուն: Մեզ համար այս հանդիպումը վերստին շատ բան չնշանակող հերթական հանդիպումներից մեկը կլինի՝ ի տարբերությունը հյուսիսից ժամանած մեր հակառակորդների. նրանք կատաղի պայքար են մղում ցանկալի ուղեգրին տիրանալու համար:

Մի քանի օր առաջ Դանիայի հավաքականը կարելի է ասել սենսացիոն հաղթանակ տարավ Լեհաստանի զորեղ ընտրանու նկատմամբ՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով լեհերի դարպասը: Իհարկե, արդեն պատմականորեն Դանիայի համար Հայաստանի հավաքականը միշտ էլ դժվարանցնելի մրցակից է եղել: Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպումները գեղեցիկ գոլերի, համառ, անզիջում պայքարի բովով են ընթացել:

Սակայն անկախ ամենից, անկախ շատ բան ասող վիճակագրությունից, պիտի փաստենք, որ մեր հավաքականը նորից, հերթական անգամ վերակազմավորման, այսպես ասած որոնումների, ոճավորման, կառուցման փուլում է:

Իհարկե սա բոլոր հավաքականներին է բնորոշ, սա բնական ընթացք է, սակայն այն կարող է նաև չափից դուրս երկար ձգվել՝ տասմյակներ, քսանամյակներ, մի ժամանակաշրջան, երբ Ֆեդերացիան մնում է նույն նախագահի ձեռքին, մինչդեռ մեկը մյուսի հետևից գալիս ու գնում են մարզիչները, այդպես էլ չբերելով որևէ, թարմ, անկախական գաղափար, ուրույն մարտավարությունը, խաղային առանձնահատուկ փիլիսոփայություն, երբ առեղծվածային ինտրիգների ու բախումների արդյունքում հավաքականից առանցքային ֆուտբոլիստներ են հեռանում:

Ինչևէ ահռելի խնդիրներ կան, որոնք լուծումների են սպասում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարող անվերջ-անդադար դուրս մնալ ֆուտբոլային ամենամեծ, կարևորագույն մրցաշարերից, ի վերջո ամեն ինչին սահման կա: Եթե նույն մեթոդներով, նույն մոտեցումներով տասնամյակներ շարունակ չի հաջողվում խնդիր լուծել, ուրեմն դժվար թե մոտ ապագայում այն իրականանա:

Եվ անգամ այս պահին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն է երկմտանքի մեջ՝ մնա՞, թե հեռանա՝

«-Իմ պայմանագիրը մինչև հոկտեմբերի 15-ն է նախատեսված: Պարոն Հայրապետյանը ինձ ցանկանում էր երեք տարվա պայմանագիր առաջարկել, բայց ես չգիտեի, թե ոնց է ստացվելու իմ աշխատանքը հավաքականում, այդ իսկ պատճառով էլ զգուշորեն մոտեցա հարցին: Մենք դեռ ժամանակ ունենք ՀՖՖ նախագահի հետ այդ հարցը քննարկելու: Եթե ամեն ինչ լավ ստացվի՝ ես ևս երկու տարվա պայմանագիր կկնքեմ և թիմին կպատրաստեմ հաջորդ նախընտրական փուլին» (աղբյուրը՝ http://www.ffa.am):

Իսկ մեզ մնում է հուսալ և հավատալ, որ մեր հավաքականի համար ամեն ինչ բարեհաջող կընթանա, որ Արթուր Պետրոսյանի մարզչական կենսագրությունը հաղթանակներով կպսակվի, և մենք կունենանք այն ինչ վաղուց երազում ենք ունենալ:

Մինչ այդ հաղթանակ մաղթենք հավաքականի տղաներին և գոլառատ, գեղեցիկ ֆուտբոլ:

Առաջ, Հայաստան:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X